Կառուցվելու է Մեղրու հիդրոէլեկտրակայանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 16, 2010 14:55

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2007թ. մարտի 19-ին ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը և դրան հաջորդած «Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակում ՀՀ և ԻԻՀ սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգը», ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության և ԻԻՀ «Ֆարադ-Սեպասադ» ՀՁ միջև «Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով կառուցման» թույլտվության պայմանագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ՀՀ կառավարության անունից ստորագրել վերը նշված թույլտվության պայմանագիրը, ինչպես նաև պայմանագրից բխող օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքը։ Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրու ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով պետք է տեղափոխվի Իրան։

Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրու ՀԷԿ-ը անհատույց փոխանցվելու է հայկական կողմին։ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշումը Հայաստանի համար ներդրումային կարևոր, խոշոր ծրագրի սկիզբն է։ Վարչապետի հանձնարարությամբ հրավիրված ճեպազրույցում հանգամանորեն պարզաբանվել են ընդունված որոշման մանրամասները։
Երկու այլ որոշումներով գործադիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով հաստատել է այդ ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ), դրա փոխհատուցման սկզբունքները, ինչպես նաև ծրագրի համաձայն ՀՀ վարչական սահմաններում գտնվող բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության ձևերը։ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի հաստատմամբ միասնական սկզբունքներով կիրականացվի հյուսիս-հարավ ճանապարհային մջանցքի ներդրումային ծրագրով իրականացվող հողատարածքների, շենքերի և շինությունների, բիզնեսի օտարումը, սեփականության օբյեկտների համար նկարագրության արձանագրությունների կազմումը։

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply