Ծառատունկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 14:26

Երեկ Մաշտոցի պողոտայի և Սարյանի փողոցի միջնամասում ընկած այգում նրա հարակից շենքերի բնակիչների, Armenian Tree Project-ի և «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության կողմից կազմակերպվեց խորհրդանշական ծառատունկ:

Տնկված ծառը խորհրդանշում էր բնակիչների հաստատակամությունը` դիմադրել այգում կապիտալ շինարարություն թույլատրող Երևանի քաղաքապետարանի որոշմանը և թույլ չտալ հանրային տարածքի մասնավորեցումը և կանաչ տարածքների բետոնացումը:

Միջոցառման կազմակերպիչները տնկված ծառը և նրա խորհուրդն օրհնելու խնդրանքով դիմեցին Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմին և մի շարք այլ քրիստոնեական եկեղեցիների, սակայն առաջնորդարանում մերժեցին ընդառաջել խնդրանքին, և օրհնության ծեսը կատարեց Հայաստանի Ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվ` պատվ. դոկտ. Սամվել Նավոյանը:

Ծառատունկից զատ` կազմակերպվեց նաև այգու ծառերի անվանակոչում հայտնի հայորդիների անուններով: Ծառերից մեկը կրում էր Երևանի քաղաքապետ Եղիշե Վարդանյանի անունը, ում պաշտոնավարման օրոք են ստեղծվել Երևանի այգիների մեծ մասը: Նրա անունը կրող ժապավենը ծառին փակցրեց իր թոռը` Լևոն Վարդանյանը: Եղիշե Վարդանյանի հիմնած այգիների մեծագույն մասն այսօրվա դրությամբ ոչնչացված է, և նրա թոռանը մնում էր միայն հույս ունենալ, որ իր արժանավոր պապի անունը կրող ծառը ևս չի արժանանա դրանց ճակատագրին:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply