Վերակառուցվել է Արծնիի դպրոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 16, 2010 13:47
Սեպտեմբերի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը պաշտոնապես բացեց Լոռու մարզի Արծնի համայնքի դպրոցը, որը հիմնանորոգվել է Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ: Շուրջ 80 միլիոն ՀՀ դրամի չափով դրամաշնորհը Հնդկաստանի կառավարությունը «Հայաստան» հիմնադրամին տրամադրել է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում:
Հիմնանորոգվել է 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի համայնքի դպրոցականներին: Վերահատակագծված մասնաշենքում փոխվել են տանիքը, մանրահատակը, տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ, կառուցվել է կաթսայատուն:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոտրան, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի շահառուները, այդ թվում` աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, համագյուղացիներ:
«Շատ աստվածահաճո եւ լավ գործ է արվել: Զգացված ենք, որ աշխարհի ամենահին երկրներից մեկի` Հնդկաստանի կառավարությունը եւս կարեւորում է մեր սահմանամերձ դպրոցների հիմնախնդիրները: Առանց դպրոցի գյուղն ապագա չունի: Առանձնապես կարեւոր է սահմանամերձ դպրոցների գոյությունը եւ դրանց նկատմամբ հոգածությունը», – շնորհակալական խոսքում ասաց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:
«Պետք է համատեղել բոլոր ջանքերը. եթե համայնքի ղեկավարն անհանգիստ մարդ է եւ դռներ է թակում, ու արդյունքում ծրագրեր են իրականացվում, բնակչության մոտ հույս է առաջանում, վերականգնվում է հավատը: Մարդիկ սկսում են մտածել երեխաների թիվն ավելացնելու մասին», – լրագրողների հետ հարցազրույցում իր վերաբերմունքն արտահայտեց մարզպետը:
Համայնքում այլ փոփոխոթյուններ էլ են սպասվում: Օրերս շահագործման կհանձնվի Հիմնադրամի կառուցած համայնքային կենտրոնը, ընթացքում է խմելու ջրի ծրագիրը:
«Անչափ ուրախ եմ, որ այստեղ, ձեզ հետ միասին տոնում եմ այս գեղեցիկ դպրոցի բացումը: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ կրթօջախը շատ կարեւոր է անհատի, հասարակության եւ ողջ ազգի առաջընթացի համար: Որքան կարեւոր է կրթությունը, նույնքան կարեւոր է այն միջավայրը, որտեղ երիտասարդը կրթվում է: Ուրախ եմ , որ Հնդկաստանի կառավարությունն իր համեստ մասնակցությունը բերեց այս գեղեցիկ ծրագրին», – ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:
Համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը ցավով նկատեց, որ նախկինում համայնքի բնակչությունը շատ ավելի մեծ էր, եւ այսօրվա 49 աշակերտի փոխարեն գյուղի դպրոցում սովորում էր շուրջ 300 -ը: Մեկ այլ ծրագրով ներկայումս գյուղում ջուր է անցկացվում, եւ գյուղացիները հույս ունեն, որ ջուր կրելը գյուղի մերձակայքում գտվող տարբեր աղբյուրներից շուտով հիշողություն կդառնա: Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք այսօր հանգեցրել են գյուղի երիտասարդների եւ հիմնական աշխատուժի արտագաղթին: Այդ խնդիրների շարքում գյուղապետն առաջնահերթ համարեց ջրի, գազի, մանկապարտեզի, ժամանցի կազմակերպման ձեւերի բացակայությունը:
«Հնդկաստանի կառավարությունը պատրաստակամություն հայտնեց վերականգնել սահմանամերձ բնակավայրի մի դպրոց, եւ արդյունքը մենք այժմ տեսնում ենք: Դպրոցը բնակավայրի, գյուղի ապագան է, չկա դպրոց, չկա ապագա, կա դպրոց, կա նաեւ երիտասարդություն եւ գիտելիք», – իր երախտագիտությունն արտահայտեց պարոն Սերգեյ Մանասարյանը:
«Որպեսզի գյուղացին մնա եւ շարունակի ապրել իր գյուղում, պետք է լուծել այն բազմաթիվ խնդիրներից գոնե մեկը, որ գյուղն ունի: Դպրոցն է, որ կերտում է գյուղի ապագան», – եզրափակիչ ասաց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա ներկաներին նաեւ տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է Արծնիի համայնքային կենտրոնի կառուցումը, եւ կահավորվելուն պես այն իր դռները կբացի համայնքի առջեւ: Տնօրենը խոստացավ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դպրոցին նվիրաբերել նաեւ 5 նոր համակարգիչ, որպեսզի աշակերտները կարողանան տիրապետել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներին:






Facebook
Tweet This
Email This Post
