Արարատի մարզում սկսվել է խաղողի մթերումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 13:19

Արարատի մարզում երեկվանից սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրեցին Արարատի մարզպետարանի հասարակայնության եւ կապերի բաժնից, այս տարի մարզում արտադրվել է 90 հազ. տոննա խաղող: Խաղողի արտադրությունում մասնագիտացված Վերին Արտաշատ, Նորաշեն համայնքների սառնարանային տնտեսություններում կպահվի 15 հազ. տոննա` ձմռանը եւ գարնանն ավելի բարձր գնով իրացնելու համար:

66 հազ. տոննա կմթերեն համապատասխան 18 կազմակերպություններ, որոնց հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերված ՀՀ կառավարության եւ մարզպետարանի համատեղ ջանքերով: Ըստ մարզպետարանի` նախատեսվում է ամեն ինչ անել` բերքը նպատակին ծառայեցնելու ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով, որ եղանակը բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, իսկ գյուղացին իր սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը կապում է խաղողի բերքի իրացման հետ:

Բնակիլիմայական պայմաններից ելնելով` Պարույր Սեւակ, Սուրենավան, Արմաշ, Երասխ համայնքներում խաղողի բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի 15-ից հետո: Երասխի գործարանը խաղող չի մթերելու, հետեւաբար վերոհիշյալ տարածքների խաղողը մարզպետի նախաձեռնությամբ կմթերեն Արարատի եւ Պռոշյանի գործարանները: Մարզի բոլոր տարածաշրջանները, ըստ ցուցակների, արդեն իսկ բաշխված են մթերող կազմակերպությունների միջեւ: Նշենք, որ մարզպետարանի ողջ անձնակազմը` մարզպետի հսկողությամբ, կհետեւի խաղողի մթերման գործընթացին: Այս տարի արդեն մթերող կազմակերպությունների մոտ հերթեր չեն գոյանալու, ինչի պատճառով նախորդ տարիներին խաղողը կորցնում էր քաշը, իսկ գյուղացին կրում էր մեծ չափերի վնասներ:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply