Ռուսական կայսրության պետական դումայի հայ պատգամավորները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 18, 2010 15:10

Նիկոլայ Երկրորդի հրամանով Դումայի նիստերն անցկացվել են Տավրյան պալատում

1905 թ. հեղափոխական իրադարձություններն ու ռուսճապոնական պատերազմում կրած ծանր պարտությունը Նիկոլայ II-ին ստիպեցին պետական կառուցվածքում արմատական փոփոխությունների ուղին բռնել: 1905 թ. օգոստոսի 6-ին հրապարակվեց մանիֆեստ ընտրական նոր օրենսդիր բարձրագույն մարմնի՝ Պետական դումայի հիմնադրման մասին: Նույն թվականի հոկտեմբերի 17-ին մանիֆեստը ստորագրվեց. այդպիսով հայտարարվեց, որ Ռուսաստանի ազգաբնակչությանը քաղաքական ազատության հնարավորություն է ընձեռվում, իսկ Դուման վերածվում է օրենսդիր հաստատության: Մանիֆեստը սահմանեց «անբեկանելի կանոն. առանց Պետդումայի հավանության ոչ մի օրենք ուժ չի ունենա»:

Ընտրություններն անմիջական չէին, սկզբում ընտրվում էին ընտրողները` 4 կուրիաներով, որոնք ձևավորվել էին դասակարգային՝ հողատիրական, քաղաքային, գյուղացիական ու աշխատավորական սկզբունքով: Առաջին երկուսի դեպքում ընտրությունները երկաստիճան էին, երրորդը՝  եռաստիճան, իսկ չորրորդը՝ քառաստիճան: 1906-ին մեկ ընտրողին բաժին էր ընկնում 2 հազ. հողատեր (հիմնականում՝ կալվածատեր), 4 հազ. քաղաքացի, 30 հազ.  գյուղացի և 90 հազ.  աշխատավոր: Դուման ընտրվում էր 5 տարով, սակայն կարող էր, ժամկետը չլրացած, կայսեր հրամանով ցրվել: Այդպես եղավ առաջին և երկրորդ Դումաների դեպքում, իսկ չորրորդի աշխատանքները պարզապես դադարեցվեցին: Լրիվ ժամկետով աշխատել է միայն երրորդ Դուման:

Առաջին Դումայի կազմում կար  5,  երկրորդում՝ 7, երրորդում 4, իսկ չորրորդում՝ 4 հայ պատգամավոր, ընդ որում, Ա.Կ.Դեմյանովիչն  է (միակը, որ դավանանքով կաթոլիկ է, մնացածը անձնական թերթիկում նշել են, որ գրիգորյան են), որ  բոլոր  չորս Դումաներում էլ ընտրվել է, Մ. Ս. Աճեմովը ընտրվել է երեք, իսկ Ի. Յա. Սաղաթելովը` երկու գումարումների ներկայացուցիչ:

Առաջին Դումա (27.04.1906-08.07.1906)

Առաջին Դուման  պսակվեց   սահմանադրական-դեմոկրատական կուսակցության հաղթանակով (կադետներ): Դումայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում: Պետական օրհներգի կատարումից հետո պատգամավորներին դիմելով` Նիկոլայ II-ն ասաց. «…Ռուսաստանի պայծառ ապագայի հավատքով ես… կոչ եմ անում եմ ձեզ անձնուրաց ծառայել հայրենիքին, պարզել… գյուղացու կարիքները, լուսավորել ժողովրդին, բարեկեցություն ապահովել: Հիշեք, որ պետության  հոգևոր հզորության ու բարօրության համար միայն ազատությունը քիչ է, անհրաժեշտ է կարգ ու կանոն՝ հիմնված օրենքի վրա…»:

Ապրիլի 29-ին հրավիրված  նիստի ժամանակ Դումայի նորաթուխ նախագահ, պրոֆեսոր Ս. Ա. Մուրոմցևը բարձրաձայն ընթերցեց  կայսրության տարածքի քրիստոնեական եկեղեցու ամենատարեց քահանայապետի՝ 90-ամյա պատրիարք, կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հեռագիրը. «Այս հիշարժան օրը, երբ հզոր Ռուսաստանը մուտք է գործում սահմանադրական պետությունների ընտանիք, բարեմաղթանքով դիմում եմ ձեզ իմ և եկեղեցու և ողջ հայ ժողովրդի անունից, որ անքակտելի կապով է միավորված  ռուս մեծ ժողովրդի հետ: Թող Աստված օրհնի Դումայի բոլոր գործերը՝ ի նպաստ նոր կյանքի ուղին բռնած Ռուսական կայսրության քաղաքացիների»:

Դումայի աշխատանքի սկզբում հազիվ  էին պատգամավորները հասցրել բարձրացնել կալվածատիրական հողի հարկադիր օտարման հարցը, երբ իշխանությունն անհանգստացավ, և արդեն հուլիսի  սկզբին շշուկներ տարածվեցին, որ Դուման ցրվում է: Հեղափոխության նոր ալիքից վախեցած` իշխանությունը «ռազմական խորամանկություն» բանեցրեց. հուլիսի 8-ին Մուրոմցևին զանգահարեց ներքին գործերի նախարար Պ. Ա. Ստոլիպինը և խնդրեց օրակարգի հարցերի մեջ մտցնել հուլիսի 10-ին նախատեսվող իր ելույթը: Պատգամավորները, այս քայլն  ընկալելով որպես առաջիկա երկու օրում Դուման չցրելու երաշխիք, գնացին հանգստանալու` այդպես էլ չիմանալով, որ  նույն օրը՝ հուլիսի 8-ին, ստորագրվել է Ստոլիպինի կազմած ցարական հրամանը Դուման ցրելու վերաբերյալ:

Առաջին Պետդուման գոյատևեց  ընդամենը 72 օր: Հուլիսի 9-ին` կիրակի առավոտ, նիստերի դահլիճի դռները կնքվեցին, և խիստ հսկողություն սահմանվեց քաղաքում: Այդ մասին տեղեկանալով` ավելի քան 200 պատգամավոր  տեղափոխվեց Վիբորգ (Ֆինլանդիա), ուր հուլիսի 10-ին «Բելվեդեր» հյուրանոցում  ձևակերպեցին «Ուղերձ Ռուսաստանի քաղաքացիներին»: Դրանում մեղադրական խոսքեր էին Դումայի ցրվելու վերաբերյալ և կոչ ժողովրդին՝   իշխանություններին «պասիվ  դիմադրելու» դիրքեր գրավել, հրաժարվել հարկերից, զորակոչից ու պետությունից վերցված պարտքերից:

Շաբաթը չանցած` ստորագրողների դեմ գործ հարուցվեց, իսկ 1907-ին 169 մեղադրյալներից 167-ը  մեղավոր ճանաչվեց ու երեքամսյա կալանքի ենթարկվեց, ինչի պատճառով նրանք զրկվեցին  Դումայի ընտրություններին մասնակցելուց և հասարակական դիրքեր զբաղեցնելուց: Շնորհազուրկ պատգամավորներից էին երեք կադետ-հայերը՝ Ա. Գ. Այվազովը, Կ. Մ. Տեր-Պետրոսյանը և Լ. Ֆ. Թումանյանցը:

Այվազով Արտեմի (Հարություն) Գավրիլի

Խրիմյան Հայրիկ /1820-1907/

Ծնվել է 1873 թ., ավարտել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը և տեղափոխվել Թիֆլիս, ուր ընդունվել է երրորդ գիմնազիան: 27 տարեկանում ավարտել է Խարկովի համալսարանի բժշկության ֆակուլտետը: Բժշկագիտության դոկտոր, բժիշկ-էքստեռն էր:   Առաջին Դումայի պատգամավոր է ընտրվել  Թիֆլիսի նահանգի ընտրաժողովի ընտրողների  ընդհանուր կազմից: Եղել է կադետների ֆրակցիայի անդամ:

Բագատուրով Քրիստափոր Իվանի

Ծնվել է 1861 թ., ազնվական էր: Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ էր, բժիշկ, կադետների կուսակցության ակտիվ անդամ: Վարչական կարգով Ելիզավետպոլից  աքսորվել էր Օրենբուրգի նահանգ: Աքսորից վերադարձել էր Դումայի ընտրություններից առաջ: Առաջին Դումայում առաջադրվել է Ելիզավետպոլի նահանգից: Եղել է ինչպես կադետական, այնպես էլ մահմեդական ֆրակցիայից:   Հայ-թաթարական (ադրբեջանական) 1905-1906 թթ. ջարդի կապակցությամբ ելույթ ունենալով Դումայում` Բագատուրովն ասել է. « Միայն Ելիզավետպոլյան նահանգում իրականացված աղետների հետևանքով զոհերի քանակն ու ավերածությունները թերևս գերազանցում են բոլոր հրեական ավերածությունները` միասին վերցրած»:

Դեմյանովիչ Անտոն Կայետանի

Ծնվել է 1856 թ. ապրիլի 18-ին, երկրորդ գիլդիայի առևտրականի ընտանիքում, դաստիարակվել է Ավստրո-Հունգարիայում: Ավարտել է Չեռնովցիի ռեալական ուսումնարանը, Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտը: Առաջին Դումայի պատգամավոր է ընտրվել Բեսարաբիայի նահանգային ընտրաժողովի ընտրողների ընդհանուր կազմից: Անկուսակցական էր, հունիսից անդամակցել է Խաղաղ  ճանապարհով նորացման խմբին: Դումա է ներկայացրել ագրարային ռեֆորմի նախագիծ:

ՏերՊետրոսյան (ՏերՊետրոսյանց) Կեգամ Մարկարի

Ծնվել է 1863 թ., անցել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժանմունքի լրիվ դասընթացը, եղել է պալատական խորհրդական, Ալեքսանդրապոլի (Գյումրի) քաղաքագլուխ և կադետ: Առաջադրվել է Երևանի նահանգի ոչ մահմեդական ազգաբնակչության կողմից: Ագրարային հանձնաժողովի անդամ էր: Դումայում Բագատուրովի ելույթից  հետո հայ-թաթարական հակամարտության մասին ասել է. «Բնակչությունը չի կարողանում դուրս գալ տներից, գյուղացիները չեն կարողանում զբաղվել դաշտային  աշխատանքներով, իսկ դրանք այն տարածքներն են, որոնք առանց արհեստական ոռոգման հնարավոր չէ մշակել, ոչինչ չի աճի: Հետևաբար, եթե գյուղացին մեկ օր անգամ  դաշտ դուրս չգա, կմատնվի սովի: Այսինքն՝ մարդկային զոհերից բացի, կունենանք նաև տնտեսության քայքայում»:

Թումանյանց Լևոն Ֆիլիպի

Ծնվել է 1869 թ., գյուղացու ընտանիքում: Ստացել է  իրավաբանական կրթություն, զբաղվել է փաստաբանությամբ, Երևանում եղել է մասնավոր հավատարմատար: Քաղաքական համոզմունքներով հարել է ձախ «Ժողովրդական ազատություն» կուսակցությանը (սա կադետների կուսակցության երկրորդ անվանումն է): Դումայում առաջադրվել է  Երևանի նահանգի ոչ մահմեդական ազգաբնակչության կողմից: Կադետական ֆրակցիայի անդամ էր:

(շարունակելի)

« Ноев Ковчег» 2010 թ.N7 (ներկայացվում է հատվածաբար)

ՆկարատակՆիկոլայ II-ի հրամանով, Դումայի նիստերն անցկացվել են Տավրյան պալատում

Խրիմյան Հայրիկ (1820-1907)

Դիտվել է 2812 անգամ:
Print Friendly

Leave a Reply