Թաղման ծիսակարգ. ինչ էր՝ ինչ դարձավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 17, 2010 10:05

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Այսօր Հայաստանի գերեզմանատներում ճոխ ու պերճաշուք գերեզմանը  դարձել է օրինաչափություն, մինչդեռ նախկինում՝ մինչև XX դարի երկրորդ կեսը հայկական գերեզմաններն իրարից գրեթե ոչնչով չէին տարբերվում:

ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Նահապետյանն ասում է, որ գերեզմանաթմբին դրվել են հատուկ տապանաքարեր, որոնց վրա դաջվում էին ննջեցյալի արհեստը կամ ով լինելը պատկերող նշաններ. «Շիրմաքարերը միմյանցից ընդամենը տարբերվում էին հղկվածության աստիճանով»:

Հայ առաքելական եկեղեցին դեմ է տապանաքարերի վրա դաջված մարդկանց պատկերներին: Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասում է, որ սգո ծառայություններ իրականացնող ընկերությունները պետք է իրենց գործունեությունը համաձայնեցնեն  եկեղեցու հետ, որպեսզի սխալ մշակույթ չձևավորվի:

Եվրոպայում գերեզմանների  խնդիրը շատ վաղուց լուծված է և այնտեղ միատեսակ շիրմաքարեր են:

Կարեն Ավետիսյանը, որ ապրուստի հացը վաստակում է Ռուսաստանում, ասում է, որ ամբողջ տարին խնայել է գումարը, որպեսզի մահացած հոր գերեզմանի քարը գցի: «Բա ամո՞թ չի, ի՞նչ կասեն, սաղ անում են՝ ես էլ պիտի անեմ, նամուսի, թասիբի հարց է»,- ասում է նա:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ գերեզմանները մահացած փողեր են, որ ծախսվում են անիմաստ մրցակցության հետևանքով: «Սոցիալական դիրքն ու սոցիալական հարաբերություններն ազդում են թաղման ծեսերի վրա. մարդիկ դառնում են իրենց ընկալումների զոհը,- ասում է նա:- Հայերը գումար են կուտակում երեք նպատակով` երեխաներին կրթության տալու, նրանց ամուսնացնելու և ծերերին հուղարկավորելու»:

Սոցիոլոգի մեկնաբանությամբ`  մարդու գործողությունների հիմքում ընկած է երեք մղում` ֆիզիկական բավարարվածություն, հեղինակություն և փառք: «Մարդը ինչ-որ մղումներ ունի. ընկերական շրջապատ և այլն,- ասում է նա,- այդ մղումներից մեկն էլ փառքն է: Ո՞նց է դա արտահայտվում. նա անում է  ճոխ հարսանիք, թաղում ու ծնունդ: Նա ցուցադրում է այն  կարողությունները, որը վաստակել է, բայց չի կարողանում  որակապես ծախսել»:

Եթե մարդ է մահանում, ու նրա ընտանիքը գերեզմանոցում տեղ չունի, պետության կողմից ընտանեկան գերեզմանի համար անվճար հատկացվում է 12 քմ մակերեսով տարածք, իսկ մեկ անձի համար՝ 2.5 քմ:  Հարկ է բժշկի տված տեղեկանքի հիման վրա ԶԱԳՍ-ից հանել մահվան վկայական, որից հետո թաղման բյուրոյում կատարել 26.900 դրամ մուծում՝ գերեզմանի փոսը փորելու համար:

Ադիբեկյանն ասում է, որ մեծահարուստների գերեզմանները հիշեցնում են դամբարաններ, նրանք չեն բավարարվում 12 քմ-ով, այլ զբաղեցնում են 48 քմ մակերեսով տարածք, որը խոսում է նրանց ինքնահաստատման մասին: Տեր Շմավոնը  հայերին խորհուրդ է տալիս գերեզմանատներում քիչ տարածքներ վերցնել, որպեսզի հողը բոլորին բավականացնի. «Նախկինում փոքրիկ հողակտորներ են եղել, հիմա ի՞նչ եղավ, մարդը բոյովացա՞վ, թե՞ ջանը մեծացավ»։

Ադիբեկյանը մի անգամ  մի պաշտոնյայի հարցրել է, թե ինչով է նա տարբերվում իր շենքի առաջին հարկում ապրող հավաքարարից: «Ոչ մի բանով,- պատասխանում է Ադիբեկյանը,- երկուսի սեղանին էլ նույն լափն է, տարբերությունը քանակի մեջ է: Եթե կարողանաս որակ ձևավորել ու սեղանին դնել ոչ թե 10 կիլո բաստուրմա, այլ, ասենք, 500 դոլար արժողությամբ կոլիբրիից սարքած սոուս,  ես կհասկանայի»:

Ըստ քրիստոնեական դավանաբանության`  մարդը չի մահանում.  մահը ննջելու վիճակ է, ուստի հանգուցյալին անվանում են ննջեցյալ: Դա ժամանակավոր վիճակ է մինչև ահեղ դատաստանի օրը, երբ մարդն ապրած կյանքի համար կստանա արժանի հատուցում: Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ասում է, որ այդ շքեղաշուք քարերն ու դամբարանները որևէ օգուտ չեն բերում ննջեցյալին։ «Վստահ եմ, որ հանգուցյալը կենդանության օրոք  այդ գումարների 10 տոկոսն էլ չի վայելել, գուցե անգամ գումարի պակասությունից է մահացել»,- ասում է նա:

Հոգևորականը փաստում է, որ ժամանակի ընթացքում խեղաթյուրվել է նաև հոգեհացի խորհուրդը, որի նպատակը աղքատներին կերակրելն է. «Նախկինում մարդ մահանալիս խաշլամա, հանքային ջուր ու օղի էին դնում սեղաններին»: Ադիբեկյանն էլ ասում է, որ երբ տատը մահացել է, սեղանին միայն փլավ ու կարմիր գինի է եղել: «Ու  չնայած հայ ժողովրդի մի մասն աղքատ է, սակայն վարորդն ու խոպանչին ճոխ հարսանիք ու ճոխ թաղում են անում,- ասում է նա:- Պատկերացրեք, որ Բիլ Գեյթսը հայ լիներ, իր  մոր համար ինչ շքեղ գերեզման կընտրեր և ինչ թաղման արարողություն կկազմակերպեր»:

Մինչև XX դարը եղել է հանգանակությունների համակարգ: «Երբ գյուղում մարդ էր մահանում, կենտրոնական մասում դրամ հավաքելու համար արկղիկ էր դրված լինում, որի մեջ ամեն մեկն իր սրտի կամեցողությամբ իր դրամական նպաստն էր բերում մահացածի ընտանիքին,- ասում  է ազգագրագետ Նահապետյանը,- այդ ավանդույթն այսօր վերացել է: Հիմա քառասունքն ու յոթը մեծ ծախսեր են ու մտահոգության տեղիք են տալիս: Ամբողջ գյուղը, առանց սահմանափակման, մասնակցում է այդ արարողություններին՝ սնվելու համար»:

Ազգագրագետն ասում է, որ նախկինում հացի սեղան գցելու հետ սգո տերը որևէ առնչություն չի ունեցել, դա արել են նրա հարևանները` իրենց ուտելիքով ու սպասքով, որովհետև այդ ընտանիքը վշտի տեր էր ու չպետք է կրեր այդ հոգսը: Իսկ տեր Շմավոնն ասում է, որ միայն քառասունքին է  տանտերը հաց դրել, որովհետև մինչ այդ եղել է սուգ, իսկ սգո օրեին օջախում կրակ չէր կարելի վառել: Քահանան մեկնաբանում է, որ յոթը կապված է Աստծո` աշխարհը յոթ օրում ստեղծելու հետ: «Յոթերորդ օրը Աստված հանգստացավ և այդ օրն էլ մարդիկ նստում են հացի,- ասում է նա,- իսկ քառասունքն էլ կապված է Քրիստոսի հարության հետ»:

Այսօր թաղման ծիսակարգն ու հնուց ժառանգություն մնացած բազմաթիվ սովորույթներ այնպես են այլակերպվել, որ հայտնի չէ, թե որն է ճիշտը:

Նահապետյանն արձանագրում է, որ թաղման ծիսակարգը մեծ մասամբ այլակերպվել է, իսկ նախկինում Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր ավանդույթներ են եղել: Օրինակ` Բայազետում  դիակը դրվել է մի սենյակում, իսկ սգվորները նստել են այլ սենյակում: Ժամանակ առ ժամանակ նրանք գնում էին դիակի մոտ, լացում և վերադառնում: Իսկ Իջևանում գերեզմանոցներում 7  գիշեր-ցերեկ կրակը  վառ են պահել:

«Հանգուցյալին մի ժամանակ միայն ձեռքերով էին տանում, հետո ցանկացած տրանսպորտով, հիմա` դիակառքով,- ասում է Նահապետյանը,- անցյալում դիակը մեկ օրից ավելի իրավունք չունեին պահելու, և դրվում էր եկեղեցում, այժմ պահում են 2-3 օր, մինչև հանգուցյալի հարազատները արտերկրից գան ու հասնեն»:

Թաղման օրը կանայք իրավունք չունեին գերեզման գնալու:  Քահանայի մեկնաբանությամբ դա քրիստոնեական դավաբանական բացատրություն ունի: «Դա որևէ  սոցիալական կամ գենդերային անհավասարություն չի ենթադրում,- ասում է նա,-  քրիստոնեության մեջ կանանց դերը մի փոքր այլ է, որովհետև սկզբից Աստված ստեղծեց Ադամին, ապա նրա կողից՝ Եվային: Սկզբից տղամարդիկ են օրհնություն ստանում ու խաչը համբուրում, ապա՝ կանայք»:

Իսկ Նահապետյանն ասում է, որ ավանդույթների համաձայն` կինը համարվել է «անիծուկ», այսինքն` սատանային մոտ, իսկ կանանց գերեզմանները փորվել են մինչև կրծքատեղը, տղամարդկանցը` գոտկատեղը:

«Գերեզմանոցի սահմանի մոտ հարթ քար է դրված եղել, որտեղ էլ կանայք վերջին անգամ հրաժեշտ են տվել հանգուցյալին,- ասում է նա,-  ընդունված էր նաև կանանց ծամերը կտրել ու դնել տղամարդկանց հետ` որպես նշան, թե այդ ծամը փոխարինում է կնոջ ներկայությունը»:

Տեր Շմավոն քահանան ասում է, որ մարդու մահվանից հետո տան արտացոլող մակերեսները շորով ծածկելը սնոտիապաշտություն է ու քրիստոնեական դավանաբանության հետ ոչ մի կապ չունի: «Դա հեթանոսական շրջանից մնացած սովորույթ է, որն, իբր, նշանակում է, թե հայելիները կարող են գերել ննջեցյալի հոգին,- ասաց նա,- սնոտիապաշտություն է նաև տան ժամացույցի սլաքները մահվան ժամի վրա կանգնեցնելը»:

Եկեղեցու սպասավորը նշեց, որ հանգուցյալը սենյակում պետք է դրվի դեմքով դեպի արևելք, ձեռքերը խաչաձև ծալված, որովհետև դրախտն արևելքում է, որտեղից արտաքսվեց մարդն ու որտեղ էլ ակնկալում է գնալ ննջեցյալը:

Սակայն ազգագրագետները եկեղեցու սպասավորի կողմից սնոտիապաշտություն որակված երևույթներին այլ մեկնաբանություն են տալիս: ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի մեկ այլ պրոֆեսոր` Իգիթ Ղարիբյանն ասում  է, որ մահվան դեպքում աշխատում են ծածկել այն ամենը, ինչ կապված է ճոխության հետ, որովհետև սուգը  ենթադրում է համեստ միջավայր: «Իսկ արտացոլող մակերեսները ծածկում էին, որովհետև սգի ժամանակ մարդիկ գզգզված մազեր ու թաց աչքեր են ունենում, և իմաստն այն է,որ չպետք է վիշտ արտահայտող դեմքն արտացոլվի,- ասում է նա,- Ինչ վերաբերում է ժամացույցի սլաքները կանգնեցնելուն, ապա հին ժամանակներում ժամացույց  եղե՞լ է, որ իմանանք` դա քրիստոնեակա՞ն է, թե՝ ոչ: Դա Հայաստան է ներմուծվել  մոտ XIX դարում»:

Ղարիբյանն ասում է, որ դիակի տակ գորգ գցել են չար ուժերից պաշտպանելու համար: Նույն նպատակն ունեն նաև երեկոյան դիակի չորս կողմը վառվող մոմերը, ինչպես նաև թաղելու ժամանակ դիակը 7 անգամ պտտեցնելը. «Որոշ շրջաններում էլ 3 անգամ են պտտեցնում, նպատակը մեկն էր` չարքերին մոլորեցնել»: Վերջին պտույտից հետո, դիակի՝ դեմքով դեպի տան կողմը թեքելը ննջեցյալի աչքը տնից կուշտ հեռացնելու խորհուրդն ունի:

Թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանն ասում է, որ  այսօր Երևանում օրական կատարվում է 15-20 հուղարկավորություն:

Դիտվել է 2905 անգամ:
Print Friendly

Leave a Reply