Բանակային կրքեր. ո՞ւմ է պետք հայոց բանակի վարկաբեկումը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 18, 2010 20:56

Վերջին շրջանում մեր հասարակությունում քննարկվող ամենաթեժ թեման հայկական բանակն է:

Բանակում սպանությունների և ինքնասպանությունների մասին հաճախակի դարձած լուրերին գումարվեց նաև youtube  ցանցում  հայտնված տեսանյութը, որով ցույց է տրվում, որ իբր հայ սպան նվաստացնում ու ծեծի է ենթարկում երկու հայ զինվորի:

Տեսանյութին օպերատիվ կերպով արձագանքեց պաշտպանության նախարարությունը` խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու,  հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ: «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանն ասում է, որ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, սակայն ի հայտ են եկել որոշ աղբյուրներ:  «Ամենայն հավանականությամբ տեսանյութի հեղինակներն ադրբեջանցիներ են»,- ասում է Ավետիսյանը:

Լևոն Շիրինյան. «Բարոյալքված բանակը չի կարող դիմադրել թշնամուն»

Անդրադառնալով վերջերս բանակի մասին հաճախակի դարձած բացասական լուրերին` Ավետիսյանն ասում է, որ դա ներքաղաքական պայքարի հետևանք է, ինչից տուժում է բանակի հեղինակությունը. «Ծնողների մեջ արդեն իսկ մտահոգություններ և կասկածներ են առաջացել»,- ասում է Ավետիսյանը` հավելելով, որ ՊՆ-ն համալիր միջոցառումներ է իրականացնում` կանխելու բանակի հեղինակության անկումը:

Անկախ այն հանգամանքից`  համացանցում հայտնված տեսանյութը կեղծ էր, թե իրական, այն պատճառ է դարձել, որ հանրային քննարկում ծավալվի բանակում տիրող վիճակի մասին:

Թեման օրեր շարունակ քննարկվում է նաև  բլոգոսֆերայում: Բլոգերները  համամիտ են, որ տեսանյութը, անկախ իրական կամ կեղծ լինելուց, վարկաբեկում է հայոց բանակը:

«Հարցն էն չի` սարքած վիդեո ա, թե սարքած չի, հաստատ սարքած չի, որովհետև աֆիցեռը շատ լուրջ ա տրամադրված: Սարքած էլ լինի, էդ չի ժխտում բանակում նման դեպքեր լինելը, ամեն օր հազարներով սենց վիդեոներ ա հնարավոր նկարել:  Բայց վիդեոն գցողը մի տեղից ստացել ա էդ վիդեոն, ով էլ որ տվել ա էդ վիդեոն, ինքն էլ ա մի տեղից վերցրել…Կարևոր էլ սկի չի, թե ինչ նպատակներով ա արտահոսել էս վիդեոն, կարևորն էն ա, որ հնարավոր ա սենց արտահոսումներ, ու կարար մեկը զորավարժությունը էդ հաջողությամբ նկարեր գցեր youtube, կամ մարտական քարտեզներ նկարեր ու facebook-ում սաղ ընգերներին tag աներ»,- գրում է http://hovic.livejournal.com բլոգի հեղինակը:

http://kornelij.livejournal.com բլոգի հեղինակն էլ, կարևորելով նախարարության օպերատիվ արձագանքը,  գրում է. «Տեսանյութը ճիշտ ա, թե սուտ ա, թե ազեռներն են, թե լևոնականները, ըստ իս, դա հիմա իմաստ չունի քննարկել, մինչև որ իրական դեմքերը հայտնաբերված չեն: ՊՆ-ն պետք ա ամեն ինչ անի, որ ճշմարտությունը հայտնաբերի: Մինչև դա տեսանյութը մնում ա հայկական բանակի մասին, ինչքան էլ փաստարկներ չբերվեն պլաստիկ բաժակների և այլ պարագաների մասին»:

Երվանդ Բոզոյան. «Եթե հիվանդ է հասարակությունը, բանակն առողջ լինել չի կարող»

Տեսանյութը դարձել է նաև քաղաքագետների քննարկման առարկան:  «Տեսանյութն ինձ անհանգստացնում է, որովհետև անկախ դրա հայտնվելու պատճառներից, դարձյալ վարկաբեկվում է բանակը»,- գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր բլոգում:  Ըստ Սուրենյանցի` այդ տեսանյութը կարող էր «ծնվել» երկու պատճառով. «նախ, որ բանակում իսկապես կատարվում են նման իրադարձություններ, որոնց կանխումը բանակի ղեկավարության ցանկության և կարողության դաշտից դուրս է,  և երկրորդ, որ տեսանյութը «սարքված է»»:  Սուրենյանցի կարծիքով`  նման տեսանյութը տարածելու պատճառները կարող են տարբեր լինել. «ոմանք ուզում են թամաշա անել, ասել-խոսելու բան ունենալ, մյուսներն ուզում են նախարար փոխել, երրորդները` շտաբի պետ և այլն»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը բանակը համարում է հասարակության յուրահատուկ  հայելին. այստեղ արտացոլվում է այն ամենը, ինչ կատարվում է հասարակությունում. «Եթե հիվանդ է հասարակությունը, բանակն առողջ լինել չի կարող, այն կդառնա հասարակության գլոբալ հիվանդության մի մասնիկի կրողը:   Բանակի առողջության համար նախ պետք է մտածել հասարակության առողջության մասին»: Բոզոյանը վերջին ամիսներին բանակի մասին հաճախակի դարձած բացասական լուրերը պայմանավորում է հրապարակայնության աճով: «Նախկինում բանակում սպանությունների և բռնությունների թիվն ավելի մեծ էր, սակայն այդ մասին այսօր են միայն սկսել խոսել, ուստի և թվում է, թե այդ խնդիրները նոր են առաջացել, մինչդեռ դրանք կան շատ վաղուց»,- ասում է Բոզոյանը:

Քաղաքագետը  ստեղծված իրավիճակը համեմատում է ԽՍՀՄ-ի տարիների հետ. այն ժամանակ էլ տեղի էին ունենում բնական աղետներ, վթարներ, մարդիկ էին զոհվում, սակայն այդ ամենի մասին չէր խոսվում, ու մարդկանց թվում էր, թե խորհրդային միությունում խաղաղ են ապրում: Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կատարվող բացասական իրադարձությունները հրապարակային դարձան, մարդկանց սկսեց թվալ, որ իրենց «խաղաղությունը» փլուզվել է ԽՍՀՄ-ի հետ միասին:

Բոզոյանը նշում է, որ բանակի մասին բացասական լուրերը տագնապի մթնոլորտ են ստեղծում հանրության մեջ, մարդիկ վախենում են իրենց զավակներին բանակ ուղարկել, ինչը մտահոգիչ երևույթ է Ադրբեջանի հաճախակի դարձած  հոխորտանքների ֆոնին:  Սակայն, ըստ քաղաքագետի` միայն բանակի բարեփոխումների տարբերակ չկա. «Քանի դեռ հասարակությունում կա հարգանք ուժի և արհամարհանք իրավունքի հանդեպ, նույնը կլինի նաև բանակում»:

Հասարակության և բանակի անմիջական կապը մատնանշում է նաև քաղաքագետ Լևոն Շիրինյանը:  Սակայն, ըստ քաղաքագետի,  բանակի  նկատմամբ քննադատությունը պետք է անկեղծ լինի և որևէ քաղաքական ենթատեքստ չունենա. «Բանակում տիրող իրավիճակը որևէ շահադիտական նպատակով չի կարելի օգտագործել»,- ասում է Շիրինյանը` հավելելով, որ պետության հիմքը բանակն է, և քննադատության հարցում պետք է շատ զգույշ լինել: «Ցանկացած բանակում էլ, անգամ ամենականոնակարգված և կազմակերպված բանակում, կարող են տեղի ունենալ արտակարգ իրավիճակներ, այսպես կոչված ՉՊ-ներ»,- ասում է Շիրինյանը: Նա նշում է, որ բանակը բարեփոխումների կարիք ունի. այստեղ պետք է անթերի գործի պաշտոնաթողության և իրավական պատժի ինստիտուտը. «Գեներալն ավելի մեծ պատասխանատվություն է կրում,  քան հասարակ շարքայինը»:

«Հայ զինվորն է հայի և Հայաստանի անվտանգության երաշխիքը»,- հիշեցնում է Շիրինյանը: Քաղաքագետը վտանգավոր և դատապարտելի է
համարում բանակի բարոյալքմանն ուղղված ցանկացած քայլ: «Եթե բանակը բարոյալքված է, անգամ միջուկային զենք ունենալու դեպքում չի կարողանա դիմադրել թշնամուն»,- ասում է նա և որպես օրինակ մատնանշում 1920 թ. Կարսի անկումը. «Բանակը բարոյալքված էր, զինվորական հրամանատարությունն էլ իր բարձրության վրա չէր, ինչը պատճառ դարձավ, որ Կարսը թշնամուն հանձնվի  առանց իսկ մեկ կրակոցի»:

Հոգեբան Անահիտ Ղազարոսյանը ևս նշում է, որ բանակի մասին բացասական լուրերը, ասեկոսեներն ազդում են բանակի հեղինակության վրա, ինչպես նաև խուճապային տրամադրություն են ստեղծում բանակային և նախաբանակային տարիքի  զավակ ունեցող մարդկանց մոտ: «Ասեկոսեները չերևացող թույնի պես են, դրանք ապականում են մարդու հոգին»,- ասում է Ղազարոսյանը:  Հոգեբանի խոսքով` բանակի մասին շրջանառվող բացասական լուրերը և դրանց  վատ հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել, եթե երիտասարդների հետ հոգեբանական աշխատանքներ տարվեն դեռևս դպրոցական տարիքից` նրանց պատրաստելով բանակում ծառայելուն: «Երիտասարդին պետք է հոգեբանորեն տրամադրել, որ բանակում ծառայությունը կյանքի անխուսափելի, պարտադիր փուլ է: Եթե երիտասարդը հոգեբանորեն պատրաստ չէ բանակում ծառայելուն, նոր միջավայրին ադապտացվելը շատ երկար ժամանակ է պահանջում, երբեմն էլ զինվորները մինչև ծառայության վերջը չեն համակերպվում իրենց սոցիալական նոր դերի ու միջավայրի հետ»,- ասում է Ղազարոսյանը` հավելելով, որ հաճախ է այս խնդիրը դառնում ինքնասպանությունների կամ այլ բռնությունների պատճառ:

Դիտվել է 2451 անգամ:
Print Friendly

Leave a Reply