Մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 16, 2010 12:23

Սեպտեմբերի 14-ին մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, որի օրակարգում  ընդգրկված է 170 հարց, այդ թվում`  29 միջազգային պայմանագիր և համաձայնագիր: Օրակարգային հարցերից միակը, որ չի ստացել գլխադասային` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն է: Ինչպես հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրինագիծը հեղինակների կողմից ճանաչվել է արտահերթ, ուստի ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգ և արտահերթ կարգով կքննարկվի հոկտեմբերի 4-7-ը գումարվելիք քառօրյա նիստերի երեքշաբթի օրը` երկրորդ նիստում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նստաշրջանի առաջին օրվա նիստում պատգամավորներին կոչ արեց վերաարժևորել պահը և կողմ քվեարկել խմբակցության կողմից ներկայացված նախագծին: «20 տարի է, ինչ Արցախն իր չճանաչվածության պատանդն է, թեպետ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ու այլ երկրների նման միանգամայն օրինավոր հռչակել է իր ինքնիշխանությունն ու անկախությունը»,- հայտարարեց Ս.Սաֆարյանը: Ըստ նրա`

«Հայաստանի երեք նախագահները` ձեռք ձեռքի տված, չճանաչեցին Արցախի անկախությունը, միմյանց փոխանցեցին Արցախի տարածքները սակարկության մեջ պահող բանակցային գործընթացը, բանակցություններից դուրս թողեցին Արցախին ու նրա ներկայացուցիչներին, կորցրեցին Արցախի անկախությունը ճանաչելու բազմաթիվ հնարավորություններ»: Պատասխանելով «Անկախի» հարցին` պատգամավորը կանխատեսեց, որ ԼՂ-ի ճանաչման հարցով մյուս խմբակցությունների աջակցությունը հնարավոր է, «եթե իրավիճակը փոխվի, այսինքն` եթե միջազգային մակարդակում Ղարաբաղի հետ կապված շրջադարձեր լինեն հօգուտ Ադրբեջանի»: «Ես կարծում եմ, որ մեր որոշումն իր համեստ դերն ունեցավ ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը չքննարկելու համար: Ակնհայտ է, որ եթե ՄԱԿ-ը բավարարեր Ադրբեջանի հերթական քմահաճությունները, ապա Հայաստանի իշխանությունները շատ քիչ հիմնավորումներ կունենային ճանաչմանը դեմ քվեարկելու համար»,-ասաց նա:

«Ժառանգության» օրինագծի վերաբերյալ մեր տեսակետը նույնն է թե՛ այն ժամանակ, երբ կոալիցիայում էինք, թե՛ այժմ: Շատ հստակ է մեր մոտեցումը. սա մի խնդիր է, որը Հայաստանը պետք է, բնականաբար, միշտ ունենա իր համար որպես զինանոցում կարևորագույն միջոցներից մեկը, բայց, բնական է, դա պետք է տեղի ունենա համաձայնեցված` Լեռնային Ղարաբաղ- Հայաստանի Հանրապետություն»,-

ասաց ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՅԴ» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` ՀՅԴ-ն դեմ չէ ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը, քանի որ ոչ ոք չի կարող դրան դեմ լինել, պարզապես դեմ է հարցը օրակարգ մտցնելուն` իմանալով, որ հաստատ դրան դեմ են քվեարկելու: «Այդ բացասական քվեարկության արդյունքները շատ ավելի ծանր են լինելու մեզ համար, քան բուն քննարկման փաստը»,- վստահեցրեց նա` կոչ անելով «Ժառանգությանը» գոնե քննարկումից հետո հարցը  քվեարկության չդնելու մասին որոշում կայացնել:

ՀՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` «Ժառանգությունն» ավելի շատ սրանով ուզում է PR

խնդիր լուծել, որովհետև պարզից էլ պարզ է, որ եթե անհրաժեշտություն լինի, հենց Հանրապետականը կգնա այդ քայլին: «Քաղաքական մեծամասնությունը չի սպասի, մանավանդ որ բանակցությունները մենք ենք վարում, պատասխանատվությունը մեր ուսերին է, մեր կուսակցության ղեկավարն է հանրապետության նախագահը, նա շատ ավելի լավ գիտի բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք բազմիցս մեր կարծիքը հայտարարել ենք. մեր նպատակը մեկն է այս հարցում` Արցախի միջազգային ճանաչումը, և բոլոր քայլերը պետք է միտված լինեն դրան»,- հայտնեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը: Նա ընդգծեց նաև , որ չի կարծում, թե ինքնանպատակ ճանաչումները կարող են այս փուլում օգնել Արցախի միջազգային ճանաչմանը, մանավանդ որ այս կարծիքը Արցախի նախագահն էլ է ընդունում: «Այսօր բանակցային գործընթաց է, և թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն ասել են, որ քննարկումն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձևաչափում, և ցանկացած այլ որոշում կարող է վնասել նաև բանակցային գործընթացին, հետևապես` Արցախի միջազգային ճանաչմանը»,-ասաց հանրապետական պատգամավորը: Ըստ նրա` իշխանությունը, հարկ եղած դեպքում, կիրականացնի «բոլոր կառուցողական և օգտակար նախաձեռնությունները, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում կնպաստեն հայաստանյան և ղարաբաղյան դիրքերի ուժեղացմանն ու ամրապնդմանը»:

Քաղաքական մեծամասնության մեկ այլ ներկայացուցչի` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ-ի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար «մի քիչ հասկանալի չէ, որ կարծես ԼՂ պետության ճանաչումը փորձ է արվում ներկայացնել որպես հերոսական քայլ»: «Ամեն պահի մեզանից ցանկացածը կարող է այդ նախագիծը բերել օրակարգ, և ես չեմ կարծում, որ հարմար պահի դեպքում կգտնվի մեկ պատգամավոր, որը դրան «դեմ» կքվեարկի, բայց պետք է կարողանանք ճիշտ հաշվարկել ճիշտ պահը, որպեսզի չվնասենք բանակցային գործընթացը»,-ասաց նա: ԲՀԿ-ական պատգամավորը նաև հայտնեց, որ նոր է վերադարձել Փարիզից, ուր մեկնել էր Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակության կազմում: Այցի արդյունքում կարևոր հանդիպումներ են կայացել խորհրդարանում, ձեռք է բերվել պայմանավորվածություն Ֆրանսիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով փակ լսումներ կազմակերպելու վերաբերյալ` հրավիրելով նաև անկախ փորձագետների: Պատգամավորը հայտնեց նաև, որ լսումները, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվեն մինչև 2011թ. հունվար կամ ամենաուշը` մինչև փետրվար: «Այսինքն` բավականին լուրջ աշխատանք է տարվում միջազգային կառույցներում ԼՂ-ի ճանաչման ուղղությամբ, և ես չեմ ուզում, որ որևէ քայլ վնասի կարևորագույն այս գործընթացը, որ մենք սկսել ենք,- ասաց Ն. Զոհրաբյանը հավելելով:- Այսօր ես չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկի խմբակցությունը: Դա կախված պահից, իսկ ամեն րոպե պահը կարող է փոխվել»:

Ինչ վերաբերում է խմբակցությունների կողմից աշնանային նստաշրջանի առավել կարևորվող օրակարգային հարցերին, ապա, «Ժառանգության» համար դրանք են` կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթը, հասարակական կազմակերպությունների մասին օրինագիծը, որը, ըստ Ս. Սաֆարյանի, ՀԿ-ների վրա ազդելու, նրանց պատժամիջոցների ենթարկելու ռիսկեր է ստեղծում:

ՀՅԴ-ն կարևորում է բոլոր սեփական օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակը, Ա. Ռուստամյանի մատուցմամբ, կուսակցության «հրապարակավ պլատֆորմից բխող քայլերի իրականացումն է, բայց ամենաառաջնահերթը, իհարկե, ընտրական գործընթացն է, որի հետ կապված պրոցեսն արդեն սկսում է մտնել ավելի ակտիվ փուլ»: Մասնավորապես, ՀՅԴ-ն մտադիր է պաշտպանել Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միասնական առաջարկությունները: ԸՕ-ի բարեխումներից հետո հաջորդ կարևոր հարցը «Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու պատասխանատվության մասին» հայտարարության նախագիծն է: «Ինձ համար բացարձակապես անհասկանալի է, որ մի հայտարարություն, որին բոլորը կողմ են, կառավարությունը դրական եզրակացություն է տվել, մնում է կախված օդի մեջ, սառեցված վիճակում, մինչդեռ այն շատ ակտուալ է հենց այսօր»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

ԲՀԿ-ի համար բոլոր հարցերն էլ կարևոր են, բայց այս նստաշրջանի օրակարգում կուսակցությունն առաջադրել է մի շարք նախագծեր, մասնավորապես` միջին և փոքր ձեռներեցությանը վերաբերող: «Այսինքն` սոցիալակամ բնույթի նախագծեր, որովհետև մենք այսօր օրակարգային ենք համարում բազմաթիվ խնդիրներ, բայց շատ կարևորում ենք հենց այդ խնդիրները»,-վստահեցրեց  Ն. Զոհրաբյանը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի` Հանրապետականը, բնականաբար,  կարևորում է գրեթե բոլոր հարցերը, որոնք հուզում են հասարակությանը, և կգործի իր նախագահի և կառավարության ծրագրերի հետ համահունչ: «Մենք կգործենք այդ ծրագրային դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ, բայց, հաշվի առնելով որոշակի զարգացումները, կծագեն խնդիրներ, որոնք կլինեն հրատապ, նաև հաշվի կառնենք մեր հասարակության պահանջները»,- հայտնեց հանրապետական պատգամավորը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply