Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված ցուցահանդես` Բեյրությում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 16, 2010 11:47

Բեյրությում 2011 թ-ի գարնանը կկազմակերպվի հանրահայտ նկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, կվերատպագրվի նաեւ արվեստագետի 100-ամյակին նվիրված կատալոգը: Աշնանը ցուցահանդեսի կազմակերպիչները` աշխատանքները համակարգող Սոնա Հարությունյանի գլխավորությամբ, կմեկնեն Բեյրութ մասնավոր հավաքածուներից Կալենցի աշխատանքները հավաքելու համար:

«Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի տեսնել նկարչի մասնավոր հավաքածուների եւ պետական թանգարանների աշխատանքները միաժամանակ»,- ասաց Ս. Հարությունյանը` շեշտելով, որ սա բացառիկ հնարավորություն է բոլոր աշխատանքները մի տեղ հավաքելու, լիբանանյան շրջանում նկարչի ստեղծագործական կյանքը ցույց տալու համար: «Ցուցահանդեսը երկու պետությունների համագործակցության արդյունքն է, որի շնորհիվ լիբանանաբնակ արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալու նման արվեստագետի հետ»,- ասաց վարչության պետը` ընդգծելով, որ ցուցահանդեսի շրջանակներում «Կալենցը կդիտարկվի իր միջավայրում եւ համամարդկային համատեքստում»: Ցուցահանդեսի կայացմանը աջակցում են Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունները, «Կալենց» հիմանադրամը, Բեյրութում հայկական դեսպանատունը եւ հայ համայնքը:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply