Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 16, 2010 11:43

Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թեհրան: Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի ԱԳ նախարարին ընդունել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Հանդիպման սկզբում Է. Նալբանդյանն Իրանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ եւ կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնելու փոխգործակցությունը:

Իրանի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի` Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Է. Նալբանդյանը բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը: Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Իրանի մայրաքաղաքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պատմության ընթացքում երկու հարեւան երկրների միջեւ ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները օրեցօր առավել ամրապնդվում են: Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Թեհրան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ 2009 թ. ապրիլին ՀՀ նախագահի պաշտոնական այցելությունը Իրան, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը: Նախարարներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարեւոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման գործում:

Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարեւորվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր են փոխանակել զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի: Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ երկխոսության միջոցով լուծման օգտին:

Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Է. Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում: Իրանի արտգործնախարարն իր հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումների, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցությունների մասին: Այս ենթատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը: Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետեւել է համատեղ մամլո ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվել են աշխատանքային ճաշի ձեւաչափով:

Թեհրանում Է. Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Նրանք անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ հաստատված համագործակցությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նույն օրը` երեկոյան, Էդվարդ Նալբանդյանն այցելել է Իրանահայոց թեմի առաջնորդարան, ուր հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած զարգացումները, պատասխանել իրանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply