Արևմտյան Նեղոսի տենդի դեպք Հայաստանում չի արձանագրվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 10:22

Արևմտյան Նեղոսի տենդի շուրջ հասարակության տարակարծությունները փարատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենին` հիվանդության մասին տվյալներ ստանալու ակնկալիքով: Վերջինս պաշտոնապես հայտարարել է, որ Վրաստանում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր չեն արձանագրվել, նույնիսկ հետազոտություն չի կատարվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության համաձայն` 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է Արմտյան Նեղոսի տենդի 600-ից ավել դեպք` Հունաստանում, Հունգարիայում, Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում և Թուրքիայում:

Ինչ վերաբերում է համաճարակի Հայաստան ներխուժմանը, ապա պետք է նշել, որ ոչ մի երկիր ապահովագրված չէ վարակի ներթափանցումից, հատկապես, եթե երկրի բնակլիմայական պայմանները նպաստավոր են հիվանդության փոխանցողների կենսագործունեության համար: Հետևաբար, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականցվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես` միջատաբանական հետազոտություններ, միջատազերծման և ջրականգերի կրճատման աշխատանքներ, բնակչության շրջանում քարոզչություն, ուժեղացվել է հսկողությունը Արևմտյան Նեղոսի տենդի բռնկումներ արձանագրած երկրներից ժամանած օդանավերի և ուղևորների նկատմամբ և այլն:

Միաժամանակ, հիվանդության անվանումը հիմք չէ ենթադրելու, թե դեպի Եգիպտոս հանգստի աշնանային սեզոնի վերաբացումով Հայաստան վերադարձողների հետ Արմտյան Նեղոսի տենդը կթափանցի մեր երկիր:

Աշխարհի տարբեր երկրներում վարակիչ հիվանդությունների /բժշկագիտությանը հայտնի է 80-ից ավելի վարակիչ հիվանդություն/ բազմաթիվ բռնկումներ են արձանագրվում, ինչը բնակչության տեղաշարժը սահմանափակելու հիմք չէ, եթե վերջինիս համար չկան հիմնավոր պատճառներ:

Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արմտյան Նեղոսի տենդի ոչ´ կասկածելի, ոչ´ հաստատված դեպքեր Հայաստանի Հանրապետությունում չեն արձանագրվել:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply