Հայ ասպետներն` ընդդեմ թուրքական թատերականացված պատարագի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 18:21

Այսօր <<Փաստարկ>> մամուլի ակումբում տեղի է ունեցել <<Հայ ասպետ>> հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի և մի խումբ հայ ասպետների մամուլի ասուլիսը` Արևմտյան Հայաստան կատարած շրջագայության ընթացքում Աղթամարի Սուրբ Խաչում թուրք ոստիկանների դրսևորած բռնությունների և հայ ասպետների կողմից Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյին, Հայաստանի Հանրապետության և բոլոր երկրների ներկայացուցիչներին ուղղված բողոք-դիմումի վերաբերյալ:

Հայ ասպետներն իրենց վրդովմունք են հայտնել Թուրքիայում տիրող բոլոր բռնությունների և երեխանների իրավունքների ոտնահարման դեմ: Նրանք նշել են, որ եթե եվրոպական երկրում արգելված չէ իսլամի հավատացյալների աղոթքը, ապա Թուրքիայում ևս չպետք է արգելվի քրիստոնյաններին աղոթել և այն էլ այն եկեղեցում, որտեղ ընդամենը մի քանի օրից` ի ցույց Թուրքիայի դեմոկրատացման, տրվելու է պատարագ:

Հայ ասպետների վիրավորանքն անմիջական կապ ունի Սուրբ Խաչի վրա խաչ չտեղադրելու և թատերականացված պատարագ խաղալու թուրքական նոր <<ներկայացման>> հետ:

Հայ ասպետները սեպտեմբերի 19-ին, նույն այն ժամին, երբ Սուրբ խաչում կմատուցվի պատարագ, իրենց բողոքը կարտահայտեն Արագածի լեռնալանջի Քարի լճի տարածքում տեղակայված խաչի շուրջ` մոմավառություն կազմակերպելով` ի պաշտպանություն Արևմտյան Հայաստանում կանգուն կամ կիսականգուն հայ բոլոր անխաչ եկեղեցիների:

Հայ ասպետները դիմում-խնդրանքով դիմել են բոլոր հայերին` չմասնակցել այդ օրը թուրքական մեծ շոուին և դրանով արտահայտել իրենց վիրավորանքն ու բողոքը Թուրքիայի իշխանությունների դեմ:

<<Մենք բոլորս կարող ենք տարակարծիք լինել, ընդդիմադիր հայացքների տեր, բայց կարծում ենք` կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրավունքը պարզապես չունենք>>,-ասել է <Հայ ասպետ> հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply