Կառավարությունն առաջարկում է վերանայել աղբահանության վճարների հաշվարկման կարգը և դրույքաչափերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 17:23

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙԱղբահանության և սանիտարական մաքրման մասին՚ օրինագիծը և դրանից բխող ՙՏեղական ինքնակառավարման մասին՚, ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚, ՙՀայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚, ՙԲազմաբնակարան շենքի կառավարման մասին՚ օրենքներում լրացումների և փոփոխությունների փաթեթը:

Կառավարության հիմնավորմամբ, օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը լիարժեք չէ, որի հետևանքով էլ առկա է անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ: Այդ է վկայում Երևան քաղաքում մի շարք փոքր պետական և մասնավոր ընկերությունների միջոցով աղբահանության ծառայությունների մատուցման ներկայիս ապակենտրոնացված համակարգի առկայությունը, որը բնութագրվում է ծառայության որակական մեծ տարբերություններով և անարդյունավետությամբ:

Այս օրենսդրական նախաձեռնությունը ոչ միանշանակ ընդունվեց պատգամավորների կողմից, քանի որ առաջարկվող աղբահանության վճարի հաշվարկման և վճարման նոր կարգի կիրառման արդյունքում էապես ավելանում են վճարի դրույքաչափերը: Ըստ նախագծի, աղբահանության վճարը կարող է սահմանվել և հաշվարկվել ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` առավելագույնը 30 000 դրամ, կամ ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` առավելագույնը 10 000 դրամ, կամ ըստ հաշվառված անձանց քանակի` յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը ամսական 1 000 դրամ, կամ ըստ անշարժ գույքի բնակելի մակերեսի` 1 քմ հաշվով` առավելագույնը 100 դրամ: Աղբահանության վճարի հաշվարկման կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար, տվյալ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, սահմանվում է համայնքի ավագանու կողմից` օրենքով սահմանված դրույքաչափի սահմաններում և դրույքաչափի ձևավորման սկզբունքների պահպանմամբ:

Ներկայումս աղբահանության վճարը գանձվում է ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի` առավելագույնը ամսական 200 դրամի չափով:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հիմնականում ՙդեմ՚ էին ընդդիմադիր ՙԺառանգություն՚ և ՀՅԴ խմբակցությունները:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply