Վերանայվում են հեռուստահեռարձակման համար գործող պետական տուրքի կառուցվածքը և չափերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2010 15:34

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՙՊետական տուրքի մասին՚ գործող օրենքում: Ըստ այդմ, վերանայվում են հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու, թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու, հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման համար գործող պետական տուրքի կառուցվածքը և չափերը:

Մասնավորապես, հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար պետական տուրքի չափը սահմանվում է հանրապետական սփռման համար տարեկան բազային տուրքի 20 000-ապատիկի չափով (20 մլն դրամ), մայրաքաղաքային սփռման համար` 10 000-ապատիկի չափով (10 մլն դրամ), տարածքային սփռման համար` 1 000-ապատիկի չափով (1մլն դրամ): Գործող օրենքով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար պետական տուրքի չափը սահմանված է 50 հազար դրամից 300 հազար դրամ` ըստ սփռման տարածքի:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի, նախատեսվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են ընթացիկ տարվա հունիսի 10-ին ՙՀեռուստատեսության և ռադիոյի մասին՚ օրենքում Ազգային ժողովի ընդունած փոփոխություններով:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply