«Սև Կյանք». Ռուբեն Մանգասարյանի Ֆոտոպատմությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 15, 2010 13:48

Ռուբեն Մանգասարյան

Սեպտեմբերի 16-ին, ժ.19:00-ին կազմակերպվում է «Սև Կյանք» ցուցահանդես, որը տեղի կունենա Art Gallery ցուցասրահում, Լեո 52 :

Այս ֆոտոպատմությունն Ադրբեջանից գաղթած հայ ընտանիքի մասին է, որ ապրում է Բագրատաշենում:  Հայտնի ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը լուսանկարեց նրանց «սև կյանքն» ավելի քան 6 տարի: Լուսանկարները հայտնվեցին բազմաթիվ միջազգային խոշոր հրատարակություններում՝ դրանց շարքում՝ BBC-ն և ճապոնական Days-ը:

Այս լուսանկարների միջոցով Ռուբենը նրանց համար օգնություն գտավ ամբողջ աշխարհից: Բայց ընտանիքը դեռ ապրում է նույն սարսափելի պայմաններում… Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Ռուբենի աշխատանքը, ցույց տալ մամուլի ուժը, որ կարողացավ տարբեր երկրներից մարդկանց ուշադրությունը գրավել մի խեղճ ընտանիքի վրա, որ ապրում է Հայաստանի սահմանին: Եվ միևնույն ժամանակ ցուցահանդեսը նպատակ ունի գտնել ավելի շատ օգնություն այս ընտանիքի համար և մեկընդմիշտ լուծել նրանց խնդիրը:

«Սև Կյանք». Ռուբեն Մանգասարյանի Ֆոտոպատմությունը

Գադյանների «Սև Կյանք»-ը ծայրահեղ աղքատության և, թշվառության մասին է: Նրանց խափանված ծխատար խողովակով վառարանը, որի մեջ այրում են պլաստիկ և պոլիէթիլեն, ծանր ծխով է լցնում տունը` մրով  պատելով ամենքին և ամեն  ինչ:

45-ամյա Լիդա Գադյանը բաքվեցի փախստական է: Մինչ պատերազմը, Ադրբեջանում նա աշխատում էր ճաշարանում՝ որպես աման լվացող: 90-ականներին նա մոր և որդու հետ տեղափոխվեց Հայաստան. ամուսինը լքեց նրան: Մինչ վերջերս Լիդան մարմնավաճառությամբ էր աշխատում ընտանիքի օրվա հացը: Արդյունքում` ևս 7 երեխա ունեցավ: Երկուսին լքեց անմիջապես հիվանդանոցում: Մյուս երկուսը մահացան՝ մեկը ծնվելիս, և մյուսը՝ 5-ամսեկանում՝ սովից:

Հիմա Լիդան ապրում է իր երեխաների՝ 18-ամյա Արմենի,  9-ամյա Արթուրի, 16-ամյա Մարիամի և 6-ամյա Մարիայի հետ: Լիդայի մայրը՝ Ասյան, մահացավ մոտ 3 տարի առաջ: Արմենը և Մարիամը երբեք դպրոց չեն հաճախել: Նրանք գրեթե երբեք չեն լքում տունը՝ դառնալով վայրենի և չշփվող:

Լիդայի ընտանիքն արդեն յոթ տարի է վագոնից որտեղ ապրում էր, տեղափոխվել է նոր տուն, որ կառուցվել է հատուկ փախստականների համար: Այս տներից ոչ մեկը չունի էլեկտրականություն, ջուր և ոչ էլ զուգարան:

Լիդան թողեց մարմնավաճառությունը և սկսեց զբաղվել մանր առևտրով` ցածր գնով ծխախոտ գնելով և մի քիչ թանկ վերավաճառելով:  Ինչևէ, նրա վաստակած գումարը բավարար չէր նույնիսկ հացի համար: Հիմա նա չի աշխատում և ստանում է 30 000 դրամ նպաստ պետությունից: Ամբողջ ընտանիքը քաղցած է:

Լիդան չի կարողանում վառելափայտ գնել: Նա վառարանի համար աղբ է հավաքում: Այրվող պլաստիկի ծանր ծուխը խցանում է ծխատար խողովակը, դուրս  գալիս անցքերից և լցվում սենյակները՝ սև ներկելով ամեն ինչ: Դժվար է տանը գտնել որևէ իր, որը սև չէ: Սև են պատերը, միջանցքի վարագույրները, անկողնու սպիտակեղենը և նույնիսկ այստեղ ապրող մարդիկ:

Ռուբեն Մանգասարյանը լուսանկարել է Գադյանների ընտանիքը սկսած 2003 թվականից և մինչև իր կյանքի վաղաժամ ավարտը 2009-ին: Այս ամբողջ ընթացքում պատմությունը հրապարակվեl է տեղական և միջազգային լրատվամիջոցներում, ցուցադրվել մի շարք փառատոններում / Visa Pour L’Image, Պերպինյան, Photoquai, Փարիզ, Interfoto, Մոսկվա և այլն:

Տեսնելով այս լուսանկարները՝ շատ մարդիկ տարբեր երկրներից առաջարկեցին իրենց օժանդակությունը: Իսկ երբ պատմությունը հայտնվեց BBC–ի կայքում, Ռուբենը մեծ արձագանք ստացավ ընթերցողներից: Բազմաթիվ մարդիկ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից և այլ երկրներից ուղարկում էին փող, սնունդ և հագուստ այս ընտանիքի համար:

Միառժամանակ, երբ ընտանիքն օգնություն էր ստանում, նրանց կյանքը բարելավվեց: Բայց ավելի ուշ, երբ արդեն այդ օգնությունը չկար, նրանք վերադարձան նույն «սև կյանքին»:

Մահվանից անմիջապես առաջ Ռուբենը որոշեց ավելի վճռական գործել և մեկընդմիշտ լուծել Գադյանների ընտանիքի խնդիրը . «Այս մարդիկ իվիճակի չեն ինքնուրույն լքելու իրենց սև կյանքը,- գրում է նա մահվանից մի քանի օր առաջ,- նրանք դեռ կրում են Ղարաբաղյան պատերազմի սթրեսսը, նրանք մեկուսացված են ամբողջ աշխարհից: Նրանց մայրը ունի հոգեկան խնդիրներ, տատիկն արդեն մահացել է, և երեխաներն ապրում են առանց նույնիսկ տարրական կրթության: Եթե ոչ ոք չօգնի, նրանց բոլորի ապագան դատապարտված է նույն «սև կյանքին»:

«Ես խումբ եմ ստեղծել «Ֆեյսբուքում», որի մասնակիցների օգնությամբ մենք պատրաստվում ենք կազմակերպել համախմբվածության և բարի կամքի դրսևորման ակտ, որ կփոխի այս ընտանիքի կյանքը: Ես հավատում եմ, որ դա մեզ կհաջողվի և ես ուզում եմ ցույց տալ աշխարհին, թե ինչպես կարող է լուսանկարը փոխել սոցիալապես անապահով մարդկանց կյանքը… Սա կարող է լավ օրինակ ծառայել, և մարդիկ գիտակցեն, որ դա իրոք հնարավոր է»:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply