Ընդունվել է Երեւանի գլխավոր պողոտայի վերակառուցման էսքիզային նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2010 13:21

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստում քննարկվել են գլխավոր պողոտայի` Սարյան փողոցի կենտրոնական փոստից մինչեւ Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային, նաեւ Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագծերը: Խորհրդի նիստը վարել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ինչպես «Անկախ»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գլխավոր պողոտայի Սարյան-Մաշտոց հատվածի վերակառուցման նախագիծը քաղաքաշինության խորհրդում նախկինում արդեն քննարկվել էր, վերջին քննարկումը տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ: Հեղինակային խմբի առաջարկությունն այն ժամանակ քաղաքաշինության խորհրդի կողմից չէր ընդունվել:

Քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին նիստում, հաշվի առնելով քաղաքաշինության խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու խորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկները, ներկայացվել է փոփոխությունների ենթարկված եւ հիմնովին փոփոխված նոր նախագիծ: Ի տարբերություն նախկին նախագծի` ներկայացված նոր տարբերակից հանվել է գլխավոր պողոտայի այդ հատվածում վերգետնյա սպասարկման օբյեկտներ ու հյուրանոց կառուցելու առաջարկությունը:

Դրանք նախկինում Երեւանի քաղաքապետի ու քաղաքաշինության խորհրդի կողմից համարվել էին անընդունելի, որպես հիմնավորում մասնագետները նշել էին, որ հյուրանոցի առկայությունը գլխավոր պողոտայի այդ հատվածում անհարիր է զբոսավայր ճեմուղու հիմնական ֆունկցիոնալ նշանակությանը: Կառույցն անընդունելի էր նաեւ ծավալատարածական առումով: Երեւանի քաղաքապետի պահանջով նախագիծը խստորեն վերանայվել է` ստորգետնյա հատվածի լայնությունը նախկին 45 մետրի փոխարեն նախատեսվում է 33 մետր, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել գույություն ունեցող ծառուղիները:

Քաղաքապետը նշել է, որ հատկապես այս հանգամանքը անչափ կարեւոր է` ընդգծելով, որ ամեն ինչ պետք է անել կանաչ զանգվածը պահպանելու համար: Երկհարկանի ստորգետնյա կառույցի վրա առաջարկվում է ստեղծել կանաչ գոտիներ ու ջրային մակերեսներ: Ըստ նախագծի Սարյան-Մաշտոց հատվածն ամբողջությամբ պահպանելու է ճեմուղու իր նշանակությունը, Սարյան փողոցից դեպի գլխավոր պողոտա կկազմակերպվեն աստիճանաձեւ անցումներ: Ստորգետնյա հատվածը բաղկացած կլինի երկու հարկից:

Առաջինում կտեղակայվի առեւտրի կենտրոն, երկրորդում` ավտոկայանատեղի: Նիստին ներկա բոլոր ճարտարապետները ողջունել են ներկայացված նախագիծը` նշելով, որ նախկին տարբերակի համեմատությամբ կատարված փոփոխությունները ակնհայտ են: Նախագծում ներառվել է նաեւ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկությունը` գլխավոր պողոտան դիտարկել որպես մեկ ամբողջություն եւ որպես ընդհանուր կանաչ գոտի շարունակական դարձնել մինչեւ Խանջյան փողոց:

Քաղաքաշինության խորհրդի անդամների մոտ գերակշռող էր այդ կարծիքը` սա այն դեպքն էր, երբ քաղաքաշինական խնդիրներն ու կառուցապատողի առաջարկության նպատակները համընկել են։ Քաղաքաշինության խորհուրդը միաձայն դրական եզրակացություն է տվել ներկայացված նախագծին: Հավանության արժանացած այս նախագիծը մինչ վերջնական հաստատումը կլրամշակվի «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից։

Քաղաքաշինության խորհրդի քննարկմանը ներկայացված Երեւանի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը քննադատության է ենթարկվել։ Դիտողությունները հիմնականում առնչվել են ընդհանուր քաղաքաշինական միջավայրին համահունչ չլինելուն, արտաքին չափերի մեծությանը, եկեղեցու չափից ավելի բարձրությանը եւ այլն: Հեղինակային խմբին առաջարկվել է, բոլոր դիտողությունները հաշվի առնելով, պատրաստել նոր նախագիծ ու կրկին այն ներկայացնել քաղաքաշինության խորհրդի քննարկմանը:

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply