Մարտունիում այս տարի աշխատանք է գտել 46 հոգի, 275-ը` ազատվել աշխատանքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 13, 2009 13:19

Գեղարքունիքի մարզՄարտունեցի Վարդան Սամվելյանն ամեն օր խանութ է իջնում` բախտը փորձելու` այս անգամ էլ պարտքով ծխախոտ կկարողանա՞ գնել: Սամվելյանը 20 տարի շարունակ մեկնել է արտագնա աշխատանքի, բայց այս տարի մնացել է Հայաստանում· դրսում աշխատանք չկա: Անցած տարի նա աշխատում էր Ռուսաստանի Կեմերովո քաղաքում, բայց տարեվերջին վարձատրություն չստանալով`ստիպված վերադարձել է տուն, բայց աշխատանք գտնելու հույս չունի: «Գոնե կարողանայի գործազուրկի կարգավիճակ ստանալ· սեփականաշնորհված 6 սոտին հող ունեմ, դրա համար էլ գործազուրկ չեմ համարվում, բայց ախր  էս փոքր հողակտորը մշակելով էլ` չեմ կարող ողջ տարին ապրել»:

Մարտունու տարածաշրջանի զբաղվածության տարածքային կենտրոնի ավագ մասնագետ Արայիկ Թարփոշյանն ասում է, որ մոտավոր հաշվարկներով ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Մարտունու և հարակից 17 գյուղերի աշխատունակ բնակչության 30 տոկոսը: Այս տարի սեզոնային աշխատանքի մեկնողների մոտ կեսը մնացել է Հայաստանում:

92 հազար բնակիչ ունեցող տարածաշրջանի զբաղվածության տարածքային կենտրոնում կա 1.536 հաշվառված աշխատանք փնտրող, նրանցից 967-ը գործազուրկ է: Թարփոշյանն ասում է, որ աշխատատեղ լինելու դեպքում առաջնությունը տալիս են գործազուրկներին· այս տարի կենտրոնի միջոցով աշխատանք է գտել 46 հոգի, մինչդեռ 275 հոգի ազատվել է աշխատանքից:

«Շատ տեղերում շինարարությունն է կանգ առել, Գեղհովիտի մշակույթի պալատից 9 հոգի ազատվել է աշխատանքից, Վարդենիկում ծննդատունը փակվեց: Նման իրավիճակ է ողջ տարածաշրջանում· աշխատատեղերը գնալով պակասում են, իսկ աշխատանք փնտրողները` ավելանում»,- ասում է Թարփոշյանը:

Աշխատատեղերի կրճատման խնդիր է առաջացել նաև Մարտունու Բժշկական կենտրոնում, որտեղ 310 մարդ է աշխատում· միավորվել են հիվանդանոցը և պոլիկլինիկան, ինչի հետևանքով շուրջ 30 մարդ անաշխատանք կմնա: «Հիմնականում կտուժեն վարչատեխնիկական աշխատողները` օրինակ, չենք կարող 2 հաշվապահ ունենալ,- ասում է Բժշկական կենտրոնի տնօրեն Սեդրակ Սահակյանը,-բայց կփորձենք հնարավորինս քիչ մարդու ազատել աշխատանքից»:

Բարձրագույն կրթություն պահանջող մասնագիտական աշխատատեղ, ըստ Թարփոշյանի, գրեթե չի լինում· հիմնականում շինարարության կամ առևտրի ոլորտում են աշխատողներ պահանջվում: Շատ չեն նաև բարձրագույն կրթություն ունեցող և հաշվառված աշխատանք փնտրողները` 967 գործազուրկներից միայն 50 մարդ ունի բարձրագույն կրթություն, 110-ը` միջնակարգ մասնագիտական, 70-ը` արհեստագործական, մնացած հաշվառվածներն ունեն միջնակարգ դպրոցական կրթություն:

Գործազուրկների հիմնական մասը` 320 հոգի, 35-45 տարեկան է, 315-ը` 25-34 տարեկան:

Թարփոշյանն ասում է, որ գործազուրկների համար պետական ֆինանսավորմամբ պարբերաբար դասընթացներ են կազմակերպվում (օրինակ` վարսավիրական, համակարգչային)· վերջին դասընթացը կազմակերպվել է գարնանը, և 6 հոգի համակարգչային հաշվապահություն են սովորել: Այդ 6-ից ոչ մեկը դեռևս աշխատանք չի գտել· «Հմտությունները, որ ձեռք են բերում դասընթացների ժամանակ, շուտ մոռացվում են, եթե չեն կիրառվում: Այդ պատճառով էլ հիմա դասընթացներ չունենք, քանի որ չկան համապատասխան աշխատատեղեր»:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply