Ինչ ցույց տվեցին Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 15, 2010 13:17

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին «այո» ասաց ընտրական իրավունք ունեցող անձանց  58 տոկոսը և՝ «ոչ» 42 տոկոսը: Երկրի 49.5 մլն. ընտրական իրավունք ունեցող զանգվածն ապահովել էր 77 տոկոս մասնակցություն:

Սա Թուրքիայում 1960թ. կայացած ռազմական հեղաշրձումից հետո առաջին հանրաքվեն էր:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով, անշուշտ, այն ավելի ժողովրդավարական է և ԵՄ հետ ինտեգրվելու խթան կարող է հանդիսանալ, սակայն ԵՄ-Թուրքիա փոխահարաբերությունների մեջ խնդիրը ոչ թե վատ Սահմանադրությունն է, այլ, օրինակ, Կիպրոսի հարցը: «Թուրքական զորքերը գտնվում են ԵՄ տարածքներում,- ասում է նա,- կան բազում այլ խնդիրներ, և Սահմանադրական բարեփոխումներն ու հայկական  հարցը այս համատեքսում ավելի ցածր սանդղակներում են գտնվում  ըստ կարևորության»:

Սահմանադրական բարեփոխումների փաթեթով այսուհետ Թուրքիայում կգործի օմբուդսմենի պաշտոնը,  աշխատողները իրավունք կունենան  գործադուլ հայտարարելու իրավունք, քաղաքացիական անձինք այլևս չեն դատապարտվի զինվորական դատարաններում, ամեն ոք կունենանա իր անձնական ինֆորմացիան պահպանելու իրավունք. մինչ այդ բոլոր քաղաքացիների մասին դոսիե կար բացված, և գաղտնի ծառայությունները բոլորի մասին տեղեկություններ էին հավաքում:

Նախկինում Թուրքիայի ոստիկանությունը ցանկացված մարդու կարող էր արգելել պետությունից դուրս գալ, լիներ դա ընդդիմադիր լրագրող կամ  ասենք ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ: «Եթե նրանք տեսնեին, որ մարդը երկրից դուրս կարող է հնչեցնել մտքեր, որը  կարող է վնաս պատճառել պետության իմիջին, սահմանդրությամբ նրան կարող էին արգելել դուրս գալ եկրից,- ասում է Շաքարյանը,- այժմ մարդուն կարող են արգելել դուրս Թուրքիայից միայն, եթե կասկածվում է հանցագործության մեջ կամ նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ»:

ՍԴ  11 հոգանոց կազմի փոխարեն այժմ կլինի 17 անդամ:  ՍԴ անդամներին նշանակելու է  Ազգային ժողովը և նախագահը, այսիքն իշխանությունները կարող են ազդել այդ դատարանի որոշման վրա: «Սա էական փոփոխություն է,- ասում է թուրքագետը,-  Վերջին 30 տարվա ընթացքում հենց որևէ անհաճո կուսակցություն հայտնվեր Թուրքիայի քաղաքական դաշտում, այն  փակվում էր ՍԴ դատարանի որոշմամբ: Դատարանը որոշում ընդունելու համար պետք է  հավաքի քվեների երկու երրորդը, որն այժմ անում է 12 հոգի, ինչը չափազանց բարդ է»:

Նոր փաթեթով, եթե անգամ կուսակցությունը փակելու որոշում կայացվի, այն այլևս  չի տարածվելու կուսակցության անդամների վրա, որովհետև հաջորդ օրը նրանք կարող են այլ անունով կուսակցություն բացել: Փակվելու պարագայում` նախկինում կուսակցության վերնախավը զրկվում էր առաջիկա 5 տարիներին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Արտակ Շաքարյան

Շաքարյանն ասում է, որ մինչև  2000թ. սկզբները Թուրքիան դե ֆակտո կառավարել է Գլխավոր շտաբը. «Գոյություն ուներ Անվտագության խորհուրդ , որտեղ որոշումները պարտադիր էին կառավարության համար և որի 50 և ավելի տոկոսը գտնվում էր սպայակույտի ղեկավարության ներքո»:

ԵՄ կոպենհագենյան հիմնական չափանիշներից մեկը պահանջում էր զինվորականության տարանջատում իշխանությունից, և խորհրդի 50 տոկոսից ավելին դարձան քաղաքացիական անձինք նրանց որոշումները դարձան խորհրդատվական:

«Այս հանրաքվեն հիմնականում ուղղված էր  սպայակույտի գործընկեր դատական իշխանությունների դեմ և  անուղղակի հարված էր զինվորականությանը,- ասում է Շաքարյանը,-  եթե միշտ եղել է պայքար իսլամիստ-զինվորականներ թևերի միջև, և իսլամիստները իշխանության էին գալիս ընտրություններով, իսկ զինվորականները դատական որոշումներով կամ ռազմական հեղաշրջումենրով, այսօր զինվորական հեղաշրջումներ կատարելը դարձավ ավելի բարդ»:

Սահմանադրական փոփոխությունները վերացրել են նախկին ռազմական հեղաշրջման մասնակիցների  պաշտպանությունը:

Սեպտեմբերի 12-ի երեկոյան, երբ արդեն հայտնի էր հանրաքվեի արդյուքները, Թուրքիայի հասարակական ու իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ դիմեցին  Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի նկատմամբ, ով 1980թ. իրականացված . ռազմական հեղափոխության կազմակերպիչն էր: Իրավապաշտպանները հայտարարել են, որ նրա պատճառով Թուրքիան մի քանի տարով հետ է ընկել ժողովրադավարության զարգացումից, որի համար պետք է պատասխան տա օրենքի առջև։

Քենան Էնվերը 70–ականներին եղել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,և 1980թ. սեպտեմբերի 12–ին նրա գլխավորությամբ  զինվորականությունը տապալել է Սուլեյման Դեմիրելի կառավարությունը։ Նա այժմ 93 տարեկան է: Հեղաշրջումից հետո` 1982թ. ընդունվել էր զինվորական իշխանությանը հաճո սահամանադրություն, որը գործում էր մինչ օրս, և որով այդ հեղաշրջման մասնակիցները պաշտպանված էին:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է, որ այդ տարիներն ուղեկցվել են մարդկային  բազմաթիվ հալածանքներով ու խոշտանգումներով, և այսօր հանրաքվեին այո ասած ընտրազանգվածի 58 տոկոսը Էրդողանի կողմնակիցները չեն միայն. «Այդ թվի մեջ բավական կշիռ ունեն այն մարդիկ ու նրանց մերձավոր շրջապատը, ովքեր ժամանակին ենթարկվել են հալածանքների»:
Շաքարյանը  վերլուծելով հանրաքվեի արդյուքները` հանգում է եզրակացության, որ  Թուրքիայի տարբեր վիլայեթներ ունեն տարբեր տրամադրություններ:«Երկրի ափամերձ կուսակցությունները ավելի աշխարհիկ են, իսկ կենտրոնը` ներքին Անատոլիան, ավելի իսլալամետ,- ասում է,- Այսինքն առաջիկայում  հնարավոր չէ ստեղծել մի կուսակցություն, որը կարող է ներկայացնել ողջ Թուրքիան»:

Քվեարկությունը Թուրքիայի մի շարք վիլայեթներում անցել է  լարված մթնոլորտում.  մեքենաների հրկիզումներ, բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ձերբակալություններ:

Թուրքական Radikal պարբերականը գրել էր, որ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան վիլայեթներում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) բազամաթիվ հետևորդներ սև դիմակներով  անկարգություններ են իրականացրել` փորձելով խոչընդոտել հանրաքվեի ընթացքը:

Թուրքագետ Մելքոնյանի կարծիքով քրդական ընդդիմադիր «Խաղաղություն և ժողովրդավարություն»  կուսակցությունը կոչ էր արել բոյկոտել, որովհետև կողմ քարոզելու դեպքում կստացվեր իշխանամետ, իսկ ոչ ասելու դեպքում կստացվեր, որ կողմ է քեմալականներին: «Բացի այդ պետք է հաշվի առնել, որ քրդական զանգվածը Թուրքիայում բաժանված է իշխանամետ և ընդդիմադիր հատվածների և 50 տոկոս մասնակցություն հիմնականում ապահովել է իշխանամետ զանգվածը,- ասում է Մելքոնյանը,- և հետո բարեփոխումները չեն պարունակում քրդերի հիմնական պահանջները բավարարող որևէ կետ, օրինակ, նրանց ինքանվարությանը վերաբերվող»:

Որոշակի քրդաբնակ վիլայեթներում մասնակցությունը եղել է 7 տոկոս, սակայն, օրինակ Մուշում  նրանց մասնակցությունը մեծ է եղել, իսկ ընդհանուր առմամբ քրդերի մասնակցությունը եղել է մոտ 50 տոկոս:

Քրդական իշխանամետ զանգվածը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակացությունում ներկայացված է 30 տոկոսով, իսկ ընդդիմադիր քրդերը Մեջլիսում ունեն  20 ներկայացուցիչ` ընդհանուր 550 պատգամավորի մեջ:

Էրդողանը հայտարարել էր, որ  նոր փոփոխություններով ուժեղացվում է նախագահի լիազորությունները: Մելքոնյանը չի բացառում, որ առաջիկա 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություներից հետո, որտեղ մասնակցելու է Էրդողանի կուսակցությունը` հաղթելու պարագայում Մեջլիսը գնա նախագահի ընտրության կարգի այնպիսի փոփոխության, որ  ժողվուրդն ընտրի նախագահին,  այլ ոչ թե Մեջլիսը, ինչպես հիմա է: «Քանի որ Էրդողանը հայտարարել է, որ սա վերջին անգամն է, որ մասնակցում է խորհրադարանական ընտրություններին, ենթադրվում է, որ նա 2012թ. կառաջադրվի նախագահի պաշտոնում»:

Շաքարյանը ևս հակված է կարծելու, որ հանրաքվեն քայլ էր դեպի սուլթանություն, և Էրդողանը փորձում է վերափոխել պետությունն ու դառնալ նորօրյա սուլթան:


Դիտվել է 2186 անգամ:
Print Friendly

Leave a Reply