100-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվը գերազանցել է 44 հազարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2010 12:45

100-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվը հասել է 44 հազար 449-ի, ինչը վերջին քառասուն տարվա ռեկորդային ցուցանիշ է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ: Անցած տարվա համեմատ երկարակյացներն ավելացել են 4 հազար 50-ով: Երկարակյացների ճնշող մեծամասնությունը կանայք են:

Հարյուրից բարձր տարիքի կանանց թիվը 38 հազար 580 է, նրանք կազմում են բոլոր երկարակյացների 86,8 տոկոսը: Երկարակյաց տղամարդկանց թիվը 5 հազար 869 է: Երկրի ամենատարեց բնակչուհին 1896 թվականին ծնված Տիենո Հասեգավան է: Նոյեմբերին կլրանա է նրա 114-ամյակը: Ճապոնիայի ամենատարեց տղամարդը` Ձիրոեմոն Կիմուրան, ապրիլին նշել է ծննդյան 113-րդ տարեդարձը: 1963 թվականին, երբ նման վիճակագրություն սկսեցին վարել երկրի 100-ից բարձր տարիքի բնակիչներն ընդամենը 153-ն էին:

1998 թվականին նրանց թիվն արդեն ավելի քան 10 հազար էր: 2003 թվականին երկարակյացների թվաքանակն աճեց մինչեւ 20 հազար, իսկ անցյալ տարի առաջին անգամ գերազանցեց 40 հազարի նշագիծը: Հետազոտությունը հրապարակվել է Ծերությունը հարգելու օրվա նախաշեմին, որը Ճապոնիայում նշվում է սեպտեմբերի 20-ին:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply