Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջազգային համագործակցության ղեկավարին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 14, 2010 21:36

Սեպտեմբերի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջազգային համագործակցության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյուինենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած Վալոնիայի եւ Բրյուսելի մի քանի տասնյակ գործարարների պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի ակտիվացող հայ-բելգիական տնտեսական համագործակցությամբ` նշելով, որ այդ գործում իրենց լուրջ ներդրումն ունեն պարբերաբար կազմակերպվող հայ-բելգիական գործարար համաժողովները, հայ եւ բելգիացի գործարարների փոխադարձ այցելությունները: Ֆիլիպ Սյուինենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ սա Բելգիայի ֆրանսախոս համայնքի գործարարների արդեն երրորդ այցելությունն է Հայաստան, եւ ամեն անգամ Երեւան ժամանող գործարարների թիվը նկատելիորեն աճում է: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության եւ դրա շրջանակներում համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Նալբանդյանի խնդրանքով` Ֆիլիպ Սյուինենը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները եւ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպ Սյուինենին հանձնեց ԱԳՆ մեդալ:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply