ԳՏՀ ԿԿԿ (GTZ SMB) ծրագիրը նշում է ՙՋրի մոնիթորինգի համաշխարհային օրը՚ և հրապարակում ՙՀայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն՚ ծրագրի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 14, 2010 20:35

Գերմանական տեխնիկական համագործակցության (ԳՏՀ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագիրը կազմակերպում է ՙՋրի մոնիթորինգի համաշխարհային օրվան՚ նվիրված միջոցառում, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 16-ին (հինգշաբթի օրը) ՙԱնի Պլազա՚ հյուրանոցի ՙԱնի՚ շքասրահում (հասցեն` Սայաթ Նովա19): Մասնակիցների գրանցումը կսկսվի ժ.14:30-ին, իսկ միջոցառման պաշտոնական բացումը` ժ.15:00-ին:

Նախատեսվում է, որ սույն միջոցառմանը հատուկ հյուրերի կարգավիճակով ներկա կգտնվեն և բացման խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը և Հայաստանում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպան պրն. Հանս-Յոխեն Շմիդթը: Հրավիրված են նաև Հայաստանում ԳՏՀ ԿԿԿ-ի գործընկեր ՀՀ ԲՆ, ՀՀ ԳՆ, ՀՀ ՏԿ և ՀՀ ԿԳՆ նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ծրագրում ընդգրկված ուսուցիչներ, աշակերտներ, էկո-ակումբների ղեկավարներ ու սաներ:

Այս հատուկ առիթն օգտագործելով` ԳՏՀ ԿԿԿ ծրագիրը ցանկանում է ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության նշանակությունը և շեշտել բնական ռեսուրսների կայուն օգտագործման վերաբերյալ իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը:

Միջոցառման ընթացքում կամփոփվեն և հանրությանը կներկայացվեն ԳՏՀ ԿԿԿ ծրագրի կողմից 2010թ.-ին իրականացված ՙՀայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն՚ խորագրով բնապահպանական կրթական քարոզարշավի արդյունքները:

Նշյալ քարոզարշավի իրականացումը հնարավոր դարձավ ՀՀ բնապահպանության նախարարության (ԲՆ), ՀՀ կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ), մասնավորապես` ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և ՀՀ ԲՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոնի փորձագետների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Քարոզարշավի շրջանակներում կազմակերպվեցին թվով հինգ եռօրյա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` Ժամանակակից բնապահպանական կրթության նորագույն մեթոդներ, գետերի կենսաբազմազանություն և կենսաբանական մոնիթորինգի հմտություններ թեմաներով: Դասընթացներին մասնակցեցին Հայաստանի շրջանների (մարզերի) և Երևանի թվով 120 ուսուցիչներ և էկո-ակումբների ղեկավարներ: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները կարողացան ՀՀ գետերի և վտակների ջրի համապարփակ ուսումնասիրման ու գնահատման աշխատանքներ իրականացնել ավելի քան 1200 դպրոցականների և էկո-ակումբների երիտասարդ անդամների հետ:

Քարոզարշավի շրջանակներում հայտարարված ՙԳետերը` կենդանի էկոհամակարգեր՚ մրցույթի նպատակն էր խրախուսել ուսուցիչներին և աշակերտներին ավելի խորը ուսումնասիրել իրենց համայնքների գետերի և վտակների կենսաբազմազանու-թյունը` դրանցում ջրի որակը պարզելու նպատակով: Ստացված արդյունքները ներկայացնվեցին հատուկ հրավիրված փորձագետների ժյուրիին, որն ընտրեց մրցութային լավագույն աշխատանքները և որոշեց հաղթողներին:

ՙՋրի մոնիթորինգի համաշխարհային օրվա՚ միջոցառման ընթացքում մասնակիցները կհրավիրվեն 15 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմի դիտմանը: Ֆիլմում մանրամասն ներկայացվում են քարոզարշավի ընթացքն ու արդյունքները: Այնուհետև, մրցանակաբաշխության հանդիսության ժամանակ, մրցույթի հաղթողներին կշնորհվեն պարգևներ: Հաջորդիվ տեղի կունենա երեխաների կողմից պատրաստված մրցույթի աշխատանքների ցուցադրություն: Միջոցառումը կեզրափակվի հյուրասիրությամբ:

Ուրախ կլինենք, եթե Դուք կարողանաք ընդունել ԳՏՀ ԿԿԿ ծրագրի հրավերը և մասնակցել ՙՋրի մոնիթորինգի համաշխարհային օրվա՚ տոնակատարությանը:

Հավելյալ տեղեկությունների և Ձեր մասնակցությունը նախօրոք հաստատելու համար խնդրում ենք զանգահարել. (+37410) 54 60 31 հեռախոսահամարով /Բելլա Ավետիսյան/:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply