Երևան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 20:08

Սեպտեմբերի 15-ին Երևան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները` Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը համատեղ քննարկելու նպատակով: Հիշեցնենք, որ ԸՕի բարեփոխումը Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևի պահանջներից է:

Ինչպես հայտնեց ԸՕի բարեփոխման նպատակով Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խմբի և ԵԽԽՎում հայկական պատվիրակության անդամ, ԱԺի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական կոալիցիան, մասնավորապես, ներկայացրել է ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգի երկու տարբերակ, և առաջիկա քննարկման ընթացքում պարզ կդառնա, թե տարբերակներից որն է առավել ընդունելի փորձագետների տեսանկյունից և ինչ առաջարկություններ կարվեն:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով ուղարկված խորհրդարանական ընդդիմության` ՙՀՅԴ՚ և ՙԺառանգություն՚ խմբակցությունների, համատեղ մշակած ԸՕի բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Ն.Զոհրաբյանի ունեցած տեղեկությունների, փորձագետները պատրաստվում են ընդդիմության հետ հանդիպել առանձին:

Ըստ ԵԽԽՎում հայկական պատվիրակության անդամ, ԱԺի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՙՀՅԴ՚ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի, իր տեղեկություններով, փորձագետներն աշխատանքային կարգով քննարկելու են միայն իշխանական թևի նախագիծը: Ընդդիմության նախագծին նրանք, ըստ ամենայնի, կանդրադառնան ավելի ուշ, լայն ձևաչափով` իշխանության և ընդդիմության մասնակցությամբ, կայանալիք քննարկման ժամանակ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 3743 անգամ:
Print Friendly

Leave a Reply