Մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 17:59

Սեպտեմբերի 14-ին մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Վերջինի օրակարգում ընդգրկված է 170 հարց, այդ թվում` 29 միջազգային պայմանագիր և համաձայնագիր:

Նստաշրջանի օրակարգային հարցերից միակը, որ չի ստացել գլխադասային` Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդդիմադիր ՙԺառանգություն՚ խմբակցության կողմից ներկայացված ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծն է: Ինչպես հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրինագիծը հեղինակների կողմից ճանաչվել է արտահերթ, ուստի ԱԺ կանոնակարգօրենքի համաձայն, այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգում և ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-ից 7-ը գումարվելիք քառօրյայի նիստերի երեքշաբթի օրը` երկրորդ նիստում:

ԱԺի սեպտեմբերի 14-16-ի օրակարգում ընդգրկված է 105 հարց և միջազգային 28 պայմանագիր: Նստաշրջանի օրակարգում առկա 29 միջազգային պայմանագրերից ընթացիկ նիստերի օրակարգում չընդգրկված միակը 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚ և ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին՚ արձանագրություններն են: Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի ապրիլի 22-ի հրամանագրով կասեցվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply