Հանապազօրյա հացը` առողջության սպառնալիք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 15, 2010 7:39

Քչերս գիտենք, որ ամեն օր օգտագործում ենք առողջության համար վտանգավոր հաց: Երևույթն առավել մտահոգիչ է մեզ համար, քանի որ մենք` հայերս, մեծ քանակությամբ հաց օգտագործող ազգերից ենք: Ավելին, բժշիկների ցուցումով օգտագործվող դիետիկ հացը բուժելու փոխարեն վնասում է մեր օրգանիզմը: Իսկ թե ինչ որակի հացամթերք ենք օգտագործում այսօր, և որն է դրա վնասակար ազդեցությունը, մեկնաբանում է տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, Խորհրդային Միության վաստակավոր գյուտարար Ալեքսանդր Սելիմյանը:

– Գլոբալիզացիայի ժամանակ հացաթխման գործընթացը փոխվեց: Երևույթի հետևանքը եղավ այն, որ այսօր ողջ մարդկության  համար հացամթերքը դարձել է առողջության  լուրջ սպառնալիք: Վերջին երեսուն տարիներին հացամթերքի արտադրության մեջ  օգտագործվում են քիմիական բաղադրությամբ հարուստ  բարելավիչներ: Եթե նախկինում հացի խմորի  հասունացումը տեղի էր ունենում բնական ճանապարհով` 8-10 ժամ տևողությամբ, ապա այսօր այն  կատարվում է շատ արագ` ընդամենը 30 րոպում:  Իսկ երևույթի  «մեղավորը», ոչ ավել, ոչ պակաս, կիրառվող  քիմիական եղանակն է:

Հայաստանում տարեկան  մոտ 700-800 տոննա քիմիական բարելավիչներ են  ներմուծվում, որոնք  կիրառվում են հացի արտադրությունում:  Իսկ օտար բարելավիչների մուտքը մեր երկիր առողջապահության ոլորտի  պատասխանատուների կողմից չի վերահսկվում և չի հավաստագրվում: Հայտնի չէ, թե  այդ հսկայական ծավալի բարելավիչներն ով է ներմուծում Հայաստան: Խնդիրը պարզելու համար բազմիցս դիմել եմ պետության ղեկավարներին, ընդհուպ մինչև Ազգային Ժողով  և ստացել այս պատասխանը. «Եվրոպան օգտագործում է, ինչո՞ւ մենք չօգտագործենք»:

Իսկ նման քանակի բարելավիչների մուտքը վկայում է, որ գործող  հացամթերքի արտադրամասերում հացի խմորի հասունացումը  բնական ճանապարհով չի լինում: Այդ չարաբաստիկ բարելավիչներն օգտագործելով` գործարանները երկու ժամվա ընթացքում փքված, լավ տեսք ունեցող, ախորժաբեր հացեր են թխում, ինչը, բնականաբար, շահավետ է բիզնեսի համար: Մեր գործարարների համար օրգանիկ հաց արտադրելը ձեռնտու չէ, որովհետև  այսօրվա շուկայում եղած հացն արտադրելն անհամեմատ հեշտ է, իսկ եկամուտը` շատ: Հետևությունը պարզ է` մեր բիզնեսմենների  նյութական շահերը լուրջ  վնաս  են հասցնում բոլորիս  առողջությանը:  Մեր երկրում հացամթերքի արտադրությունում թագավորում է կոռուպցիան`  դաշտը վերածելով բացարձակ որբ ու անտեր վիճակի: Իշխանավորներն ու բիզնեսմեններն իրենց բիզնեսի շահի մասին մտածելով` վնասում են բոլորիս առողջությունը: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հանձնվել և ոչինչ չանել:

Ըստ զրուցակցիս` խնդրի ելքը պետական մոտեցումն է: Օրինակ` քաղաքակիրթ երկրներում` Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆում, արդեն գտել են երևույթից ձերբազատվելու ուղին: Շուկայում վաճառում են արհեստական և օրգանիկ` բնական որակի հացեր:

– Ռուսաստանում, որտեղ վիճակն առանձնապես նախանձելի չէ, արդեն հասկացել են խնդրի լրջությունն ու փորձում են քայլեր ձեռնարկել: Մինչդեռ մերոնք  կարծես նպատակաուղղված ուզում են աջակցել մարդկությանը սպառնացող այս կործանիչ բարելավիչների «սև գործին»:

Պարոն Սելիմյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի և Ամերիկայի գիտնականները պարզել են, որ այդ բարելավիչների և տարբեր տեսակի արհեստական հավելանյութերի օգտագործման հետևանքով մեծ քանակությամբ ալերգիկ և քաղցկեղային հիվանդություններ են առաջանում, իսկ ամենամեծ վնասը չբերությունն է:

– Այս վնասակար երևույթն է պատճառը, որ  մի շարք արտասահմանյան երկրներում   բաղադրությամբ օրգանիկ հացեր են  արտադրում: Իսկ օրգանիկ հացը սովորական բնական, սինթետիկ հավելանյութերից բացարձակապես զերծ հացն է:

Եվրոպայում այդ հացն արժե 7-10 եվրո, և պարոն Սելիմյանը վստահեցնում է, որ Հայաստանում այդ նույն որակի հացը կարող ենք արտադրել սովորական հացի գնով:

– Մենք ունենք մեր տատերից ու պապերից ժառանգած չորաթան նյութը, ինչը չունեն եվրոպացիները: Իմ գյուտի շնորհիվ, կարողացել եմ ստեղծել չորաթանի այնպիսի խտածո, որը, խառնելով շատ քիչ քանակի թթխմորի հետ, ստացվում է օրգանիկ կամ բնական, իսկական տնական հաց»:

Պարոն Սելիմյանն իր խոսքում ընդգծում է այն կարևոր հանգամանքը, որ եթե նախկինում հացաթխման արտադրամասերում աշխատում էին հատուկ մասնագետներ` տեխնոլոգներ, ապա այսօր յուրաքանչյուր ոք կարող է անգամ նկուղում զբաղվել հաց թխելու բիզնեսով: Ինչ վերաբերում է դիետիկ հացատեսակին, պարզվում է, որ այն կեղծ է, և գորշ գույն ստանալու համար գունանյութեր են խառնում: Փաստորեն, մենք` գնորդներս, տարիներ շարունակ «վայելում ենք» խաբեության դառը պտուղները: Այսօր հայաստանյան հացամթերքի շուկայում երկու տեսակի մատնաքաշ կա` լավ փքված, որի տեսքը օգտագործված բարելավիչների շնորհիվ է ստացվում, և համեմատաբար քիչ բարձրության, որը հայտնի է որպես գործարանային հաց, բարելավիչ չի պարունակում, և այդ տեսքը խմորի կիսահասունացման արդյունքում է ստացվում:

– Բարելավիչների բաղադրության մեջ կան օրգանական թթուներ, պերօքսիդներ (մազերի շիկացման համար նախատեսված պերեկիսն է), էմուլգատոր (սովորական օճառն է) և մի շարք  նման վնասակար տարրեր: Մի խոսքով, ուտում ենք  «աղբ»:

Իսկ «աղբ» չուտելու համար զրուցակիցս խորհուրդ է տալիս հացամթերքի արտադրության մեջ օգտագործել անվնաս չորաթան: Չորաթանը մեծ քանակությամբ բնական ամինաթթուներ է պարունակում, որոնք, սնուցելով թթխմորի մեջ եղած բջիջները, ամբողջությամբ վերամշակում են եղած օսլան` այն վերածելով բնական շաքարների, որոնք հեշտությամբ են յուրացվում օրգանիզմում:

– Այսինքն` մարդ հացն ուտելիս օսլա չի ուտում, իսկ մենք գիտենք, որ սպիտակ հացը մեծ քանակությամբ  օսլա է պարունակում: Հացաթխման մեջ օգտագործվող չոր խմորիչի 5-10%-ը մնում է հացի մեջ և անցնում օրգանիզմ, ինչի հետևանքով օրգանիզմում խմորման և թունավորման գործընթաց է սկսվում: Դրանից բացի, օսլան օրգանիզմը չի յուրացնում, և որպեսզի այն դուրս գա մեր օրգանիզմից,  ենթաստամոքսային գեղձը քլորաթթու է արտադրում` քայքայելով օրգանիզմում եղած օսլան: Մինչդեռ չորաթանի բնական թթուները  դրանք քայքայում են, այսինքն` վերացնում են թթխմորի կենդանի բջիջները:

Պարոն Սելիմյանը հիշեցնում է, որ չորաթանն առհասարակ համարվում է առողջության համար անփոխարինելի դեղամիջոց:

– Բնական շտամներով կաթի ֆերմենտացիայի ժամանակ, բացի թթվակաթնային բակտերիաներից, առաջանում են մեծ քանակությամբ փոխարինելի (տրիոնին, մետիոնին, վալին, իզոլեյցին, լեյցին, ֆենիլալանին, հիստիդին և լիզին) և անփոխարինելի (ասպարազինաթթու, պրոլին, գլիցին, ալանին, տիրոզին և օրնիտին) ամինաթթուներ: Չորաթանը կրկնակի ազդեցության պրեպարատ է, այսինքն` լակտոբակտերիաները կապում  և աղիներից դուրս են մղում պաթոգեն (հիվանդածին) մանրէները, իսկ ամինաթթուների  խառնուրդը կանոնավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը, նպաստում միկրոտարրերի յուրացմանը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ, թունավոր և այլ կողմնակի ազդակների նկատմամբ:

Չորաթանն օգտագործվում է թե՛ կանխարգելիչ, թե՛ բուժման նպատակով: Առողջ մարդկանց համար այն օգտագործվում է որպես օրգանիզմը խարամներից և թույներից մաքրելու հրաշալի միջոց: Արդյունավետ է դիսբակտերիոզի համալիր բուժման, աղիների անբավարար աշխատանքի, կոլիտների և էնտերոկոլիտների ժամանակ: Օգտագործվում է նաև արյան մեջ եղած խոլեստերինի իջեցման նպատակով:

Առողջ մարդկանց համար չորաթանի օգտագործման կարգը հետևյալն է. օրգանիզմը խարամներից և թույներից մաքրելու համար հարկ է ընդունել մեկ թեյի գդալ առավոտյան ուտելուց առաջ, և մեկ թեյի գդալ` երեկոյան քնելուց առաջ: Գդալի պարունակությունը լցնել լեզվի վրա և խմել կես բաժակ ջուր: Խորհուրդ է տրվում օրգանիզմի մաքրումը կատարել մեկ շաբաթվա ընթացքում: Իսկ հիվանդ մարդկանց համար խորհուրդ է տրվում  դեղորայքով բուժվելու դեպքում, հատկապես` հակաբիոտիկներով և հորմոնալ պրեպարատներով, օրգանիզմը մաքրել չորաթանով, բուժման հիմնական կուրսից առաջ և հետո: Դրանից բացի, խորհուրդ է տրվում չորաթանն օգտագործել սննդից թունավորվելու  և չափից ավելի ոգելից խմիչք օգտագործելու դեպքում, ինչպես նաև ստամոքսի «ծանրությունը» հանելու  և այրոցները վերացնելու  համար: Չորաթանը կարգավորում է աղիների աշխատանքն ու կոփում իմունային համակարգը:

Զրուցակիցս չորաթանի օգտակար ազդեցության մասին խոսելիս տեղեկացնում է նաև, որ այս ամենից զատ, այն շատ լավ միջոց է բերանի տհաճ հոտը վերացնելու, մաշկի որակը բարելավելու և մարսողական ուղիներից ալերգածին մանրեները հեռացնելու համար: Այն շատ օգտակար է ստամոքսի գաստրիտ և երկրորդ կարգի շաքարային դիաբետ ունեցողների համար:

– Որպես ի գիտություն ասեմ, որ չորաթանի օգտագործման  համար որևէ հակացուցում չկա, և ցանկացողները կարող  են ձեռք բերել իմ տեխնոլոգիայով մշակած չորաթանը:

Պարոն Սելիմյանը մեր ազգաբնակչությանը հացի խնդրից փրկելու դանդաղ, բայց հաստատուն քայլերով ելքեր է գտել: Շուտով հայկական հացամթերքի շուկան վերջնականապես կմաքրվի, և «քիմիական» հացն անվերադարձ իր տեղը կզիջի օրգանիկ հացին: Սեպտեմբերից նրա տեխնոլոգիայով մշակած բիոհացը կհայտնվի հացամթերքի շուկայում: Իսկ գնորդը իսկական բիոհացը կարող է ճանաչել պիտակի վրա պարոն Սելիմյանի ստորագրության առկայությամբ:

– Առանց մեծ ծախսերի կարող ենք մեր ազգաբնակչությանն ապահովել առողջարար հացով` այսօրվա շուկայական գներից շատ ավելի ցածր գնով: Աբսուրդն այն է, որ մեր երկրում այդ հանգամանքը հաշվի չեն առնում:

Շուկայում շուտով կհայտնվի  նաև  պարոն Սելիմյանի տեխնոլոգիայով մշակված սև լավաշ, որ օրգանիզմի համար անվնաս է: Մինչդեռ ներկայումս շուկայում  վաճառվող լավաշը նույնպես առողջության համար կասկածելի է:  Բանն այն է, որ լավաշ թխելիս  թթխմոր  չեն խառնում, այն  ստանում են  միայն աղի, ջրի և ալյուրի զանգվածից: Այսինքն`  լավաշի խմորը ֆերմենտացիայի չի ենթարկվում, և դա  է պատճառը, որ այն  իր մեջ օսլա է պարունակում:

Առաջիկայում պարոն Սելիմյանի կողմից անակնկալ է սպասվում այն տանտիկինների համար, ովքեր հաց թխելու գործն առել են իրենց ուսերին:

– Որոշել եմ  վաճառքի հանել «օրգանիկ հաց» թխելու համար նախատեսված ալյուրը, որում խառնված կլինեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները` «Օրգանիկ հացի չոր խառնուրդ» անվամբ: Տնային տնտեսուհուն կմնա միայն խանութից գնել այդ ալյուրը, ջուր խառնել և թխել: Արդյունքում կստացվի արտակարգ օրգանիկ հաց,  համեմատաբար անարատ և  կրկնակի էժան, քան խանութից գնված հացը:

Մինչ այդ ալյուրը կհայտնվի մեր տանտիկինների խոհանոցում, տեղեկացնենք, որ պարոն Սելիմյանն իր տեխնոլոգիայով մշակել է ոչ միայն չորաթան, այլև` հացաթան ու կերաթան: Հացաթանը օտարածին բալելավիչների նման ի զորու է հացի խմորի հասունացումը իրականացնել 30 րոպեի ընթացքում: Ավելին, այն իր արժեքով բարելավիչներից մատչելի է: Ինչ մնում է կերաթանին, այն նախատեսված է մարդկանց, ինպես նաև կենդանիների համար: Կերաթանն օգտագործելուց հետո կենդանիների օրգանիզմը մաքրվում է ամեն տեսակի վնասակար նյութերից, խարամներից, թույնից ` այս կերպ լիովին բարձրացնելով մսի որակի համը: Իսկ մարդն այն օգտագործելիս, փաստորեն, դիմում է առողջության համար անվտանգ` գրագետ ճանապարհով նիհարելուն, որի ընթացքում օրգանիզմը մաքրվում է թույներից ու վնասակար նյութերից:

– Երբ  լույս աշխարհ ենք գալիս, սնվում ենք մայրական կաթով, և պատահական չէ,  որ այն, ինչ ստեղծվում է կաթով, բնական է ու օրգանիկ: Ոչ թե պետք է  հեռանանք, այլ մոտ  լինենք բնությանը:

Դիտվել է 4816 անգամ:
Print Friendly

Leave a Reply