ԼՂՀ-ի ճանաչման հարցը քննարկման կդրվի ՀՀ ԱԺ-ի հաջորդ քառօրյայում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2010 16:34

Հայաստանի Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ օրինագիծը քննարկման կդրվի օրենսդիրի աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրյայում: Ինչպես այսօրվա նիստում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, օրինագիծն Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի ստացել, սակայն ընդդիմությունը, օգտվելով իրեն վերապահված լիազորություններից, հարցը համարել է արտահերթ եւ ընդգրկել ԱԺ երկրորդ քառօրյայում:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հույս հայտնեց, որ ԼՂՀ ճանաչման օրինագիծն ի վերջո դրական եզրակացության կարժանանա պատգամավորների կողմից: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, Արցախի անկախության ճանաչումը, որը դե ֆակտո արդեն արել ենք, պետք է լինի Հայաստանի եւ ԼՂՀ-ի համատեղ որոշմամբ, ինչն այսօր գոյություն չունի: «Եթե այդ որոշումը լիներ, ապա ՀՀ նախագահն արդեն դե յուրե կճանաչեր ԼՂՀ անկախությունը, իսկ եթե այսօր նախագահը դա չի անում, ապա բնական է, որ Աժ-ի մեծամասնությունն այս օրինագծին դեմ է լինելու: Ուստի այս համազգային նշանակության հարցը չի կարելի վտանգել, ինչը հիմա արվում է: Մենք դեմ չենք ԼՂՀ-ի ճանաչմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան միասնական որոշում»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Ըստ նրա` նման օրենսդրական նախաձեռնությունը պետք է լինի նախապես համաձայնեցված: «Չպետք է այս հարցում կասկած լինի: Մենք պետք է հարցը դնենք քվեարկության, երբ բոլորս միասնական կերպով վստահ կլինենք, որ այն ընդունվելու է 100 տոկոսով, այսինքն` միաձայն: Նման համազգային նշանակություն ունեցող հարցերը չի կարելի հապշտապ կերպով, կասկածելի վիճակով դնել քվեարկության»,- ընդգծեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Նա հարցի քննարկմանը դեմ չէ, քանի որ դա կարող է նաեւ օգուտ բերել, սակայն քվեարակության դնելուն դեմ է, քանի որ տեսնում է, որ այն բացասական արդյունք է տալու: «Եթե սա ակնհայտ է, ուրեմն քվեարկություն մենք չպետք է անցկացնենք հիմա, քանի որ Ադրբեջանը դա կարող է լայնորեն օգտագործել` նշելով, թե անգամ ՀՀ ԱԺ-ն չի ուզում ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը»,- ասաց Ա. Ռուստամյանը` կոչ անելով «Ժառանգության» իր գործընկերներին հարցը քվեարկության չհասցնել: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի` նախ պետք է ձգտել ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչմանը, ինչպես եղավ Կոսովոյի դեպքում: «Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման հարցը հասունացել էր:

Մեր մոտեցումն էլ դրա նման պետք է լինի: Ռուսաստանը` լինելով գերտերություն, միայն երկու-երեք պետության կարողացավ համոզել ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- նկատեց ԱԺ պատգամավորը: Նրա կարծիքով, Հայաստանը ԼՂՀ-ի անկախությունը պետք է ճանաչեր դեռեւս 1991 թվականին, երբ ԼՂՀ-ն դիմեց ողջ աշխարհին` իր անկախությունը ճանաչելու համար: «Մենք դա այն ժամանակ չենք արել` բանակցային գործընթացին նպաստելու տրամաբանությամբ: Եթե սա է տրամաբանությունը, ապա ԼՂՀ-ի ճանաչման հարցը պետք է որոշվի համաձայնեցված կարգով, իսկ եթե ուզում ենք բանակցային գործընթացի վրա խաչ քաշել, ապա պետք է դրա համար անել հնարավոր ամեն բան»,- ասաց Ա. Ռուստամյանը` ավելացնելով, որ 1991-ին Հայաստանի կողմից ԼՂՀ-ի չճանաչելը եղել է զիջում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի այժմ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ ձեւավորվի ռազմաքաղաքական դաշինք, քանի որ Ադրբեջանը դրա համար Հայաստանին բազմաթիվ առիթներ եւ հնարավորություններ է տվել: «Սրանով եւս մեկ անգամ Հայաստանը կընդգծի, որ համարվում է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրականացման եւ անվտանգության ապահովման երաշխավորը: Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցման արդյունքում մենք տալիս ենք զոհեր, ուրեմն ոչ ոք չի կարող մեզ ասել, որ ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումը կխաթարի ԼՂ-ի խնդրի բանակցային գործընթացը»,- համոզմունք հայտնեց Ա. Ռուստամյանը:

Դիտվել է 2326 անգամ:
Print Friendly

Leave a Reply