Ոսկե ծիրան. ռեժիսորը բանակից

ՄՇԱԿՈՒՅԹ | | July 12, 2009 16:08

Արեգ ԱզատյանԵրիտասարդ հայ ռեժիսոր Արեգ Ազատյանին բանակից մի քանի օրորվ ազատել են, որ մասնակցի «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնին: Նա 3-րդ փառատոնին մասնակցում է 3-րդ անգամ է:

Այս անգամ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ցուցադրվում է «Զատիկի ոտքից բռնած» նրա ֆիլմը: Կաֆկայի աբսուրդիստական ոճով ստեղծված ֆիլմը գրողի մասին է, ով անտառում զբոսնելիս հայտնվում է փոսում, վնասում ոտքն ու չի կարողանում դուրս գալ: Փոսի մոտով անցնում են ձկնորսը, քահանան, բայց ոչ ոք չի օգնում, միայն շունն է, որ անհանգիստ շարժումներ է անում ու չի կարողանում օգնել: Ֆիլմի վերջում հայտնվում է փոս փորողն ու ասում, որ պետք է շտապ ծածկի այն, քանի որ փորելիս հայտնաբերել է հանքանյութ, որը պետք է գաղտնի մնա: Ֆիլմի վերջում գրողը ծածկվում է հողով ու զատիկի կերպարանքով թռչում:

«Հայաստանում ինձ որպես գրող եմ ավելի հանգիստ զգում, իսկ արտասահմանում` որպես ռեժիսոր»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց երիտասարդ կինոռեժիսորը:

Նրա խոսքով` հիմա կան 25-30 տարեկան երիտասարդներ, որ գործում են «Հայկական կինոյի նոր ալիք» անվան տակ և կարող են միջազգային շուկայում իրենց դրսևորել ոչ որպես սկսնակներ:

Արեգը ֆիլմերը նկարահանում է իր գրած պատմվածքների հիման վրա: Նրա «Էշը», «Ճանճը», «Դարպասը» ֆիլմերը ցուցադրվել են Ռոտերդամի, Տրիեստի, Ռիո Դե Ժանեյրոյի, Տոկիոյի, Բարսելոնի, Փարիզի փառատոններում: «Մարդու դատավարությունը» պատմվածքների ժողովածուի համար 2005թ. Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Ասուլիսի երկրորդ բանախոս «Տաքսի, Էլի լավ ա» ֆիլմի պրոդյուսեր Արմեն Համբարձումյանն ասաց, որ ուրախ է` ֆիլմը ոչ ոքի անտարբեր չթողեց. «Տաքսի, Էլի լավ ա»-ում կան ֆիլմեր, որոնց կգնահատեի գերազանց, բայց ընդհանուր ֆիլմը, չնայած բազմաթիվ մարդկանց դժգոհություններին, գնահատում եմ 4-ից բարձր»: Նրա խոսքով` չնայած Հայաստանում ֆիլմի շուկան ձևավորված չէ, ամեն դեպքում պետք է «մտնել գետն ու անցնել»` ինչպես 6 տարի առաջ արեց «Ոսկե ծիրանը»: Պրոդյուսերը լավ շուկան որակյալ լինի, առաջարկեց միայն մեկ դեղատոմս` հնարավորինս շատ ֆիլմեր նկարել:

«Նույն Հոլիվուդում տարեկան միլիոնավոր ֆիլմեր են արտադրվում, բայց դա չի նշանակում, որ դրանք բոլորը շեդեվրներ են, մենք էլ պետք է շատ նկարեն»,- ասում է նա:

Ասուլիսի մասնակից 22-ամյա ռեժիսոր Տիրան Կարապետյանն էլ շարունակեց պրոդյուսերի խոսքը` ասելով, որ կա մասնագետների ու հատկապես դասավանդող մասնագետ ռեժիսորների պակաս: Այս առիթով նա նույնիսկ առաջարկեց փակել Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը: Նա փառատոնին մասնակցում է 2-րդ անգամ, այս անգամ` «Լռություն» վավերագրական ֆիլմով:

«Մենք չունենք գեղարվեստական ֆիլմերի նկարահանման դասընթացներ, իսկ որքան շատ գեղարվեստական ֆիլմեր պատրաստվեն, այնքան որակի բարձրացումն հավանական է»,- ասում է նա:

«Լռություն» ֆիլմը վերջին 80 տարիներին Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վրաց պետության վերաբերմունիքի մասին է:

«Չնայած նրան, որ համոզված եմ` ոչ մի ֆիլմ մինչև հիմա ոչ մի գլոբալ հարց չի լուծել, Ինձ համար արժեք է մարդու հոգևոր աշխարհում ստացված փոփոխությունը,- ասում է Տիրանը,- Ինձ համար էական չէ ցույց տալ այն, որ քանդում են հայկական գերեզմանները, այլ այն, որ ազգային արմատներից կտրված մարդու հիշողությունը հեշտ է ջնջել, ու նա կարող է հեշտությամբ Սահակյանի փոխարեն դառնալ Սահակաշվիլի»:

Նրա նկարահանած բոլոր վավերագրական ֆիմերը` «Համբարձում երեմյան», «Հայք», «Ջուղա», «Վարագա Պարոն Պետրոս», «Լռություն» ցուցադրվել են Եվրոպայում: «Լռություն» ֆիլմը ռեժիսորն ուղարկել է Ռուսաստան` ցուցադրության:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply