Վանի զբոսաշրջային ընկերությունները հուսախաբված են Սուրբ Խաչ ակնկալվող այցերի թվից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 14, 2010 13:30
Աղթամարի Սուրբ Խաչ կատարվելիք ուխտագնացությունը կսահմանափակվի Պոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչների այցով, պարային խմբի եւ երգչախմբի ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում գործող հայկական «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը` շեշտելով, որ Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին կմասնակցի շուրջ քառասուն հոգեւորական Պոլսից, նաեւ վերջինիս հայ համայնքի մոտ 450 ներկայացուցիչ:
«Հայ համայնքում ստեղծվել է աննպաստ տրամադրություն` կապված Սուրբ Խաչում առանց խաչի տեղադրման պատարագի անցկացման հետ: Ախթամարը իշխանությունների կողմից ընդունվում է որպես թանգարան»,-ասաց խմբագրապետը: Սուրբ խաչում, ըստ նրա, սեպտեմբերի 19-ին տեղի կունենա պատարագ Արամ սրբազանի գլխավորությամբ, ապա կկայանա հոգեհանգստի արարողություն` նվիրված եկեղեցու նախկին սպասավորներին: Սուրբ Խաչ կայցելեն երգչախմբի եւ պարախմբի շուրջ 100 անդամներ:
«Նախապես հայտարարվում էր, որ 5000 հոգի կայցելի Սուրբ խաչ, սակայն 1000-ից ավելի այցելուներ ակնկալելը սխալ կլինի»,- ասաց Ռ. Հատտեճյանը` շեշտելով, որ Վանի քաղաքապետարանը եւ զբոսաշրջային ընկերությունները հուսախաբված են, քանի որ սպասում էին մեծ տուրիստական հոսքի: Որոշ տուրիստական ընկերություններ կկազմակերպեն շրջայցեր Արեւմտյան Հայաստանի հին հայաբնակ շրջաններ, այդ թվում` Վան:






Facebook
Tweet This
Email This Post
