Մի՛ գնացեք Աղթամար, փոխարենը` համեցեք Ախթալա

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 14, 2010 11:41

Սեպտեմբերի տասնիննին Լոռու մարզի Ախթալա քաղաքում տոնական օր է լինելու. վերաօծվելու է Ախթալայի միջնադարյան հայ նշանավոր կոթողներից մեկը` Սուրբ Աստվածածին եկեղեցին, բացվելու է Ամուսնական մատանիների հուշարձանը, տեղադրվելու են եռալեզու տեղեկատվական վահանակներ, այնուհետև տեղի է ունենալու ավանդական դարձող Խորովածի փառատոնը:

Այս տոնական իրադարձությունների վերաբերյալ զրուցեցինք Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի հետ, ով, լինելով ախթալացի, ոչ միայն մեծ ոգևորությամբ է վերաբերվում Ախթալայի հետ կապված ցանկացած նախագծի, այլև անմիջական մասնակցություն է ունենում միջոցառումների կազմակերպման գործին:

Ինչպես նշեց Խաչիկյանը, բոլոր նրանք, ովքեր սեպտեմբերի տասնիննին չեն ցանկանա գնալ Աղթամար, կարող են այդ օրն անցկացնել Ախթալայում.

«Ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է լինի Արևմտյան Հայաստանում և այցելի նաև Աղթամար, սակայն ինչ վերաբերում է այդ օրվան, անձամբ ես կնախընտրեի այնտեղ գնալ կա՛մ ավելի ուշ, կա՛մ ավելի շուտ, բայց ոչ այդ օրը»,-ասում է Խաչիկյանը:

Հայ միջնադարյան մշակույթի արժեքավոր նմուշներից մեկի` Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրումը կապվում է Կյուրիկե Բ-ի դուստր Մարիամ իշխանուհու անվան հետ: Տասներկուերորդ դարավերջին ամրոցն անցել է Իվանե Զաքարյանին, ով Սուրբ Աստվածածին վանքը Հայ առաքելականից վեր է ածել քաղկեդոնականի: Տասնիններորդ դարում վանքը դարձել է ծագումով հայ Մելիքով իշխանական տան հանգստարանը:

Չնայած որ եկեղեցին տեղաբնակների համար եղել և մնում է սրբավայր և ուխտատեղի`ունենալով նաև իր ուխտագնացության օրերը` սեպտեմբերի քսանից- քսանմեկը, որն, ի դեպ, մեծ շուքով է նշվում, եկեղեցում կրոնական-ծիսական արարողություններ չեն կատարվել: Եկեղեցին քահանա ունի միայն այս տարվա փետրվարից: Իսկ սեպտեմբերի տասնիննին եկեղեցին կվերաօծվի և կգործի հայ առաքելական եկեղեցու ողջ ծիսակարգի և օրենքների համաձայն:

Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնի է նաև իր փառահեղ որմնանկարչությամբ. այն համարվում է Բյուզանդիայից դուրս գտնվող քաղկեդոնական մշակույթի լավագույն նմուշներից մեկը: Կա մի ավանդազրույց, ըստ որի,եկեղեցական արարողությունների ժամանակ ներկաները, փոխանակ լսելու վանահորը, հմայված  դիտել են գունագեղ ու պայծառ որմնանկարները, և զայրացած վանահայրը հրամայել է կրով պատել դրանք:

«Եկեղեցին խոնարհված էր, և մենք խնդիր ունեինք այն վերականգնելու և գործարկելու, ինչը մեծ նշանակություն կունենա Ախթալայի համար` նախ և առաջ հոգևոր վերազարթոնքի առումով,-ասում է Խաչիկյանը:

Օրվա հաջորդ տոնական իրադարձությունը` Ամուսնական մատանիների հուշարձանի բացումը, ըստ Խաչիկյանի, եզակի է գոնե տարածաշրջանի առումով: Այն Խաչիկյանի եղբոր մտահղացումն է, ով, հավանաբար, ներշնչվել է մի ավանդույթից, ըստ որի, երբ Արտաշես Առաջին թագավորն այցելում է Ախթալայի պղնձահանք, վարպետներից մեկը, որ քուրայի մոտ զարդեր է պատրաստելիս լինում, տեսնում է թագավորի մատանին և, օդում մի օղակ անելով, ստանում ավելի գեղեցիկ մատանի, քան նրանն էր: Արտաշես Առաջինն էլ, այդ արարքից հիացած, իր ձեռքի մատանին նվիրում է պղնձագործ վարպետին:

«Ամուսնական մատանու հուշարձանը ձուլված է բրոնզից»,-ասում է Խաչիկյանը` հիշեցնելով, որ Ախթալան Հայաստանի և աշխարհի ամենահին բրոնզեդարյա բնակավայրերից է, որտեղ իր առաջին պեղումներն է կատարել աշխարհի ամենահայտնի հնագետներից մեկը` ֆրանսիացի Ժակ դը Մորգանը:

Օրվա մյուս հիշարժան միջոցառումն արդեն մեկ անգամ անցկացված Խորովածի փառատոնն է, որն, ըստ Խաչիկյանի, մեծ հետաքրքրություն էր առաջացրել:

Փառատոնին իրենց խորովածով ներկաներին կզարմացնեն ոչ միայն հայ, այլև օտարազգի խոհարարներ: Մնում է հուսալ, որ հայկական խորովածն իր համային, գեղագիտական ու մատուցման բարձր որակով կգերազանցի բոլորին:

Այդ օրն Ախթալայի տոնակատարություններին իրենց երգով կմիանան «Սասուն» ազգագրական համույթը, երգիչներ Արսեն Գրիգորյանը` Մրոն, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը և ուրիշներ:

Ախթալայի տոնակատարություններին մասնակցել ցանկացողները

կարող են զանգահարել 077 93 65 93 հեռախոսահամարով

կամ նամակ ուղարկել հետևյալ էլ. փոստով` vantanesyan@mail.ru

Դիտվել է 1683 անգամ:
Print Friendly

Leave a Reply