Ավարտվեց ՀՀ բոչիայի առաջին առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 13, 2010 11:10

2010թ սեպտեմբերի 12-ին ավարտվեց ՀՀ բոչիայի առաջին առաջնությունը: Առաջնությունն անցկացնում էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, որը համդիսանում է բոչիայի` CPISRA միջազգային սպորտային կազմակերպության միակ հավատարմագրված ազգային ներկայացուցիչը Հայաստանում:

Առաջնությանը մասնակցեցին թվով տասնութ մարզիկներ և վեց թիմեր Հայաստանից ու Արցախից: Մարզիկները մրցաշարի երկու օրերի ընթացքում իրենց ուժերը չափեցին թիմային և անհատական պայքարում:

Թիմային պայքարում առաջին տեղը գրավելով Հայաստանի Հանրապետության չեմպիոն դարձավ «Հայկական ճամբար» թիմը (Երևան): Երկրորդը` «Հույսի կամուրջ- Իջևան» թիմն էր, իսկ պատվո հարթակի երրորդ տեղը գրավեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» թիմը (Արմավիր):

Անհատական մրցապայքարն անցկացվում էր մարզիկների երկու տարբեր ֆունկցիոնալ դասակարգերում` BC1 և BC2:

BC1 դասակարգում հաղթող ճանաչվեց տասնմեկամյա Նվեր Միրզոյանը «Լիարժեք կյանք» ակումբից (Ստեփանավան), երկրորդ տեղում էր` Աշոտ Օհանյանը («Հույսի կամուրջ- Իջևան») և երրորդ տեղում էր Սարգիս Հակոբյանը («Հայաստանի մանուկներ հիմնադրամ»):

BC2-ում առաջատար դարձավ Սևակ Ասլանյանը («Հայաստանի մանուկներ հիմնադրամ»), երկրորդ և երրորդ տեղերում էին` Մանուշակ Մելքումյանն ու Քրիստինե Աբրահամյանը (Արցախ) :

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից ստացան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ մրցանակակիրները պարգևատրվեցին նաև մեդալներով:

Առաջնությունն անցկացվում էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և կրում էր «Սպորտով դեպի հասարակություն խորագիրը»: Առաջնության անցկացումը նպատակ ուներ`

· Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում քարոզել սպորտով զբաղվելու կարևորությունը։

· Նպաստել հաշմանդամային սպորտաձևերի մասսայականացմանը և հետագա զարգացմանը։

· Խրախուսել պարբերաբար մարզումների անցկացումը։

· Բարձրացնել մարզիկների սպորտային վարպետությունը։

· Ամփոփել սպորտային ակումբներում տարվող աշխատանքները։

· Ի հայտ բերել հանրապետության լավագույն մարզիկներին։

Բոչիան պարալիմպիկ սպորտաձև է: Անցկացվում են բոչիայի Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ: Այն սպորտաձև է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Բոչիան գնդերով խաղերից ամենատարածվածն է աշխարհում: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply