Հայ լրագրողներ` «պատանդ» Ստամբուլի օդանավակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 13, 2010 17:21
Երեւան-Ստամբուլ չվերթով այսօր Թուրքիա մեկնած մոտ երեք տասնյակ ուղեւորների թուրքական միգրացիոն ծառայությունները հատուկ ստուգման եւ հարցապնդման են ենթարկել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ստամբուլից, իրենք (11 հոգի) ժամանել են Ստամբուլ՝ իրենց կողմից կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու համար։
«Մեզ հետ նույն չվերթով Երեւանից ժամանած մոտ երկու տասնյակ ուղեւորների թուրքական միգրացիոն ծառայությունները հատուկ ստուգման եւ հարցապնդման են ենթարկել։ Մասնավորապես, ապացույցներ են պահանջել՝ արդյո՞ք եկածները մնալու, կացության եւ վերադարձի համար բավարար միջոցներ ունեն։ Շեշտեմ, որ այդ կարգի ստուգման ենթարկել են բացառապես միայն Երեւանից ժամանած չվերթի ուղեւորներին»,-ընդգծեց Բ.Նավասարդյանը։ Ստուգման ենթարկվածների մեջ են եղել նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրավիրված մի խումբ այլ լրագրողներից չորսը։
Չնայած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչը, որն ուղեկցել է այդ խմբին Երեւանից, ներկայացրել է այդ չորս անձի ով լինելը` թուրք ծառայողները շարունակել են պահանջել, որպեսզի լրագրողները ցույց տան իրենց մոտ եղած կանխիկ գումարները եւ ապացուցեն, որ ունեն հյուրանոց եւ այլն։ «Իմանալով այդ մասին, ես հրաժարվեցի սահմանային անցակետը հատել եւ հայտարարեցի, որ կանցնեմ միայն ստուգման ենթարկված լրագրողներից հետո։ Իմիգրացիոն ծառայության պատասխանատուները սպառնացին դեպորտացիայի ենթարկել ինձ։
Ես ասացի՝ խնդրեմ։ Հետո միջադեպին խառնվեցին մեզ դիմավորող մեր թուրք գործընկերների ներկայացուցիչները եւ Հրանտ Դինքի դուստր Դելալ Դինքը, որն ինձ հետ միացել էր հեռախոսով։ Մոտ երկու ժամ հետո լրագրողներին թույլ տրվեց անցնել սահմանը։ Ես անցա անմիջապես նրանցից հետո»,-պատմեց Բ.Նավասարդյանը։






Facebook
Tweet This
Email This Post
