«Տեսնել գույնով» ցուցահանդեսի բացումը` սեպտեմբերի 18-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 13, 2010 15:00

Բրիտանական խորհրդի «Տեսնել գույնով» տարածաշրջանային ցուցահանդեսի մեկնարկը տրվում է Հայաստանում: Բրիտանական ժամանակակից արվեստի լավագույն նմուշները սեպտեմբերի 11-15-ը կցուցադրվեն Գյումրիի «Style» պատկերասրահում, իսկ սեպտեմբերի 18-25-ը` Հայաստանի Ազգային Պատկերասրահում։ Հայաստանում ներկայացվելուց հետո «Տեսնել գույնով» ցուցահանդեսը կկազմակերպվի Ուկրաինայում, այնուհետև` Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանյան ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն 1960-2007 թվականներին ստեղծված 31 լիտոգրաֆիական և մետաքսային տպագրության աշխատանքներ: Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում:

Երևանում բրիտանական ժամանակից արվեստի հայտնի դեմքեր` Անգուսթ Ֆեյրհըրսթի, Պատրիկ Քաուլֆիլդի, Սըր Հովարդ Հոդգքինի և «Թեյթ» պատկերասրահի ամենամյա «Թերներ» մրցանակաբաշխության տարբեր տարիների մրցանակակիր այլ արվեստագետների գործեր կցուցադրվեն «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում կազմակերպվող «Կամրջենք սերունդները» միջոցառումների շարքում: Գյումրիում «Տեսնել գույնով» ցուցահանդեսը համընկնում է վարպետաց քաղաքում կազմակերպվող Բիենալեյի հետ և ընդգրկված է միջոցառումների շարքում:

Բրիտանացի արվեստագետները, օգտագործելով ներկապնակի բոլոր հնարավոր երանգները, ցուցադրում են գույնի և պատկերների համադրությունը, սև ու սպիտակի կողքին ընդգծում ամենատարբեր երանգները: «Չգիտեմ, թե ինչու եմ ընտրում գույները: Առաջին նրբերանգը գրեթե նշանակություն չունի, քանի որ այն շուտով ծածկվելու է մի երկրորդ, երրորդ նրբերանգով և այդպես շարունակ: Մեկն ուղղորդում է դեպի մյուսը: Այլ բառերով ասած … գույնը ի հայտ է գալիս հորինվացքայնորեն»,- գրում է սըր Հովարդ Հոդգքինը:

Աշխատանքներն ընտրված են Բրիտանական խորհրդի հավաքածուից: 1938 թվականից ի վեր Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի գործեր`  նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական արվեստը միջազգայնորեն: Սկսելով ընդամենը մի քանի աշխատանքներից` այսօր Բրիտանական խորհրդի հավաքածուն ընդգրկում է շուրջ 8000 ժամանակակից արվեստի գործեր: Այն 20-րդ դարի բրիտանական արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկն է աշխարհում:

Բրիտանական խորհուրդը «Տեսնել գույնով» ցուցահանդեսը կազմակերպում է Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ: Ցուցահանդեսի կայացմանն աջակցել է Հայաստանի Ազգային պատկերասրահը:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ժամը 14.00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում: Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply