Ոսկե Ծիրանը սկսվեց. Ալեն Թերզյանը ներկայացնում է «Մերձավոր շրջապատը» ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 12, 2009 16:41

voske-ciran«Երբ օդանավը վայրէջք էր կատարում և վերևից տեսնում էի Հայաստանը, սրտումս և ուղեղումս եփ կուգար ողջ մանկությունս, հայկական ընտանիքիս պատմությունն ու մեծ մորս խոսքերը` «հայերե’ն խոսեք»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանից ստացած իր առաջին տպավորությունները կիսեց ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը:

Թերզյանի ասուլիսը «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնի  ոչ պաշտոնական բացումն էր:

Նա Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, «Ալտեր ֆիլմս» պրոդյուսերական ընկերության, Սեզար ակադեմիայի նախագահը, Ղեկավարում է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան:

Արմատներով էրզրումցի և  ծնունդով ֆրանսիացի Թերզյանը առաջին անգամ է այցելում Հայաստան: Առիթ ունեցել է Ժակ Շիրակի հետ գալ Հայաստան, սակայն չի ստացվել:

Թերզյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում: Վոլեյբոլի և թենիսի «Ռասել» ակումբ հաճախելով` ծանոթացել է Ժան Պոլ Բելմոնդոյի, Լինո Վենտուրայի և Կլոդ Լելյուշի հետ , որոնց շնորհիվ հրաժարվել իր մասնագիտությունից ու ընտրել կինոն:  Նրան օգնել է  կինո կարիերայում պրոդյուսեր Ալեքսանդր Մնուշկինը («Ֆան-Ֆան վարդակակաչ» և «Հոյակապը» ֆիլմերի պրոդյուսերը): Որոշեց դառնալ պրոդյուսեր, ոչ թե ռեժիսոր, քանի որ այն իր խառնվածքին ավելի մոտ էր:

Նրա արտադրած ֆիլմերում նկարահանվել են Ալեն Դելոնը, Անի Ժերարդոն, Կատրին Դենյովը, Ժան-Լուի Տրենտինյանը, Ժերար Դեպարդյեն, Ջուլիետ Բինոշը, Սոֆի Մարսոն և ուրիշներ:

Թերզյանի ֆիլմերից ամենահայտնին «Եկվորներն» է` Ժան Ռենոյի մասնակցությամբ:

Առաջին ագամ է Հայաստան այցելում նաև ֆրանսիացի դերասան, սցենարիստ ռեժիսոր Լորան Տյուելը, ում հետ Թերզյանի համատեղ նկարահանած ֆիլմն էլ` «Մերձավոր շրջապատը» այսօր ժամը 7-ին կբացի «Ոսկե ծիրանը»:

«Ես էլ Ֆրանսիա արտագաղթած մարդ եմ ու ֆիլմի վրա աշխատելու 2 տարիների ընթացքում փորձել եմ ներկայացնել 1920թվից Ֆրանսիա արտագաղթած հայ ընտանիքին, ոչ թե իտալացուն,- ասում է Տյուելը,-Ինձ միշտ հետաքրքրել է հայ ընտանիքի միությունը և հայերի նվիրվածությունն իրենց արմատներին»:

«Մերձավոր շրջապատը» ֆիլմում հայ գանգստերների ընտանիքը` Մալաքյանները, վերահսկում են հարավային Ֆրանսիայի ընդհատակյա աշխարհը: Հայ հոր դերը խաղում է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Ռենոն: Իսկ որդու` Անտոնի դերը Գասպար Յուլիելն (ազգությամբ հայ է): Որդին կլանի այլախոհն է, երազում է ազատության մասին, որ ապրի իր սիրած աղջկա` ֆրանսուհի Էլոդիի հետ:

Ալեն Թերզյանն ասաց, որ Մալաքյան անունը հարգանքի տուրք է հայկական ծագումով ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյին, որի իսկական անունն է Աշոտ Մալաքյան:

Ֆիլմի ռեժիսորն ավելացրեց, որ ազգությամբ հայ և ֆրանսիացի դերասանների համատեղ խաղը կարող էր ստացվել միայն այն դեպքում, եթե դերասանները համապատասխանեին միմյանց: Իսկ Գասպար Յուլիելի ու Ժան Ռենոյի միասնությունը ստացվեց առաջին իսկ հանդիպումից:

Լորան Տյուելը ասաց, որ զգայուն է սարերի նկատմամբ, իսկ Հայաստանում դրանք շատ եմ և հույս հայտնեց` մինչև փառատոնի ավարտը` հասցնել տեսնել հայաստանյան եկեղեցիները:

Տյուելն ունի նկարահանած 7 ֆիլմ` «Սելեստ», «Հաստլիկ Ֆիլի հաջողության օրը», «Հիլբիլի Չեյսոնի սպանդը», «Ակապուլկոյի ժայռը», «Մանկական խաղ», «Մերձավոր շրջապատ»: Նրա «Ժան ֆիլիպ» ֆիլմն 2007թ. ներկայացվել է «Սեզար» մրցանակի:

Ասուլիսի բանախոսներն ասացին, որ Ժան Ռենոն Հայաստան չի եկել, քանի որ մեկ շաբաթ առաջ տղա է ունեցել:

Դիտվել է 2492 անգամ:
Print Friendly

Leave a Reply