Տոնակատարություն` Կապանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2010 13:03

Սեպտեմբերի 12-ին կապանցիները մեծ շուքով նշեցին քաղաքի օրը: Առավոտյան քաղաքապետարանի բակից փողային նվագախումբն ազդարարեց տոնակատարության սկիզբը: Քիչ անց այստեղ հասավ նաեւ Կապանի պատմության մեջ ամենամեծ` 1մ 80սմ երկարությամբ եւ 1մ 40 սմ լայնությամբ տորթը, որը նախաձեռնել էր «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

Մինչ այդ, տորթը երաժշտության հնչյունների ներքո տոնականորեն զարդարված մեքենաների ուղեկցությամբ շրջել էր Կապանի փողոցներով` տոնական շունչ հաղորդելով քաղաքին: Դրոշի երեք գույներով զարդարված տորթից 10 կտոր ուղարկվեց քաղաքի բոլոր 10 թաղամասեր, ուր պատրաստ էին սկսելու տոնական միջոցառումները: Տորթի մի մասն էլ բաժանվեց տոնակատրության մասնակիցներին:

Դրան հաջորդեց ավանդական հայկական քոչարին եւ շուրջպարը քաղաքապետարանի բակում: Քաղաքապետարանում կայացած պաշտոնական ընդունելությանը շնորհավորանքի խոսքեր ասացին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Գեւորգյանը, մարզի քաղաքապետեր եւ այլք: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, Կապանի օրը մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանին:

Կապանի օրը հարգանքի տուրք մատուցվեց կապանցի նահատակների հիշատակին` Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղկեպսակներ դնելով Արցախյան գոյամարտի զոհերի շիրիմներին եւ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողին: Պսակադրության արարողություն կատարվեց նաեւ Գ.Նժդեհի հուշահամալիրում: Տոնակատարությանը մասնակցեցին Կապանի բոլոր թաղամասերը` կազմակերպելով միաժամանակյա մշակութային եւ սպորտային միջոցառումներ, թատերական բեմականացումներ, գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ:

Փողոցներում բացվել էին տոնական սեղաններ, կազմակերպվել ազգային ուտեստների, ճաշատեսակների բացօթյա հյուրասիրություններ: Այդ օրը քաղաքի «Վանատուր» համալիրում, տոնական սեղանների շուրջ մեծարվեցին կապանցի երախտավորները: Կապանի քաղաքապետի շնորհակալգրերով պարգեւատրվեցին տասնյակ կապանցի գործարարներ` Կապանի կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգմանն աջակցելու համար: Պատվոգրերի եւ 50-հազարական դրամի պարգեւների արժանացան աշխատանքի մի շարք երախտավորներ:

Կապանի հուշամեդալ հանձնվեց ազատամարտիկ Արթուր Մարտիրոսյանին եւ Կապանի առաջին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանին: Կապանում տոնակատրությունը` նվիրված քաղաքի օրվան, երեկոյան շարունակվեց քաղաքի մարզադաշտում` Թաթա Սիմոնյանի մենահամերգով, որը, կապանցիների խոսքով, ամենամեծ նվերն էր իրենց` քաղաքի օրվա առիթով: Համերգն ավարտվեց ուշ երեկոյան` մեծ հրավառությամբ: Տոնակատարության օրը Կապանում անվճար են աշխատել հասարակական տրանսպորտն ու մանկական զբոսայգու կարուսելները:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply