Փոքրիկ հրաշք և մեծ հրավառություն
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | September 14, 2010 11:14
Վանաձորում կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային երկրորդ մրցաշարի եզրափակիչ ակորդը հիանալի ստացվեց: Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպմանը հետևել ցանկացողների թիվն ավելի շատ էր, քան տրիբունաներում եղած նստատեղերը. մարզապալատի 1200 նստատեղերն էլ զբաղեցված էին, իսկ մեծ թվով մարզասերներ էլ խաղահրապարակում կատարվող անցուդարձին հետևում էին կանգնած:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը,Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան, Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարզապալատի պատվավոր հյուրերի օթյակում տեղ էր զբաղեցրել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը, ում մտահղացմամբ էլ իրականացվում էր այս ստուգատեսը: Ի դեպ, նրանն էր այս մրցաշարի բացման և փակման արարողությունների սցենարը, որը շատ տպավորիչ էր: Բայց ամեն ինչի մասին՝ հերթականությամբ: Ի վերջո, փոքրիկ հրաշք կատարվեց: Ուժեղ մրցակիցների` Բելառուսի, Իրանի, Վրաստանի հավաքականների պայքարում Հայաստանի ընտրանին գրավեց երկրորդ տեղը:
ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ
Վանաձորի մարզապալատը, որը նախկինում մրցավայր էր տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, սեպտեմբերի 2-4-ը դարձավ ևս մեկ ուշագրավ իրադարձության վայր: Այն հյուընկալեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի մասնակիցներին: Առաջինը օգոստոսի 31-ին մրցավայր ժամանեց Հայաստանի հավաքականը, որն ուժեղացրել էին Ֆրանսիայի տարբեր թիմերում խաղացող մեր ինը հայրենակիցները: Ի դեպ, մինչև Վանաձոր հասնելը, նրանք եղել էին Էջմիածնում, Խորվիրապում, Սևանում, ծաղիկներ էին դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:
Մեկ օր անց, գիշերով մրցավայր հասավ Իրանի հավաքականը: Մեր հարևանները տեխնիկական դժվարությունների պատաճառով չէին կարողացել ինքնաթիռով գալ: Շուրջ 15 ժամ նրանք ավտոբուսում էին անցկացրել և ուշ գիշերը հասել Հայաստանի մայրաքաղաք, ապա ուղևորվել Վանաձոր: Առավոտյան իրանցիները նախաճաշից հետո ուղևորվեցին Վանաձորի մարզապալատ և հետևեցին Հայաստանի հավաքականի պարապմունքին: Ընդ որում, հյուրերը դա անում էին ամենայն ուշադրությամբ և շարունակ հարցեր էին ուղղում իրենց ուղեկցող հայ թարգմանչուհուն, հետաքրքրվում, թե արդյոք Հայաստանի հավաքականի բոլոր խաղացողները հայե՞ր են: Հետո պարապմունք անցկացրին իրանցիները: Ի դեպ, նրանց թիմի կորիզն էին կազմում Քերման քաղաքի բրնձի խոշոր ձեռնարկության հանդբոլի ակումբի խաղացողները: Այդ թիմը ներկայումս Իրանի առաջնությունում երկրորդ տեղում է, այսինքն` ուժեղ է: Հյուրերը շտապելուց մոռացել էին իրենց հետ Հայաստան գնդակներ բերել: Մեր երկրի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, մրցաշարի կազմկոմիտեի նախագահ Հարություն Մելքոնյանն անմիջապես հանգստացրեց նրանց` ասելով, որ դրա համար նրանք չմտահոգվեն: Հարցը շատ արագ կարգավորվեց: Ի դեպ, հյուրերը ցանկություն հայտնեցին պարապմունքից հետո սուզվել լողավազանում, և այդ հարցն էլ լուծվեց:
ԲԵԼԱՌՈՒՍՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻՑ
Մրցաշարի նախօրեի, երեկոյան, Վանաձորի «Հայաստան» առողջարան հասավ նաև Վրաստանի հավաքականը: Իսկ ուշ գիշերով` արդեն ժամը 24-ն անց նույն կացարանում տեղավորվեցին Բելառուսի հավաքականի հանդբոլիստները, ովքեր մեկնարկային խաղում ուժերն էին չափելու Հայաստանի ընտրանու հետ: «Հայաստան» առողջարանում էր տեղավորվել նաև Իրանի հավաքականը, իսկ Հայաստանի ընտրանին կացարան էր ընտրել «Կիրովական» հյուրանոցը: Բելառուսի հավաքականի մարզիչ Վլադիմիր Ժուկը մեր թիմի հետ խաղից առաջ հայտնեց, որ իրենց հավաքականի հանդբոլիստները հոգնած են և խաղին կմասնակցեն առանց պարապմունք անցկացնելու: Ի դեպ, Բելառուսի հավաքականն իր մարտական կազմով էր ներկայացել, բացակայում էին միայն այն խաղացողները, ովքեր Մինսկի «Դինամո» թիմի կազմում են խաղում: Այդ ակումբը մասնակցում է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարին: Մարզիչը չթաքցրեց, որ մտադիր են հաղթել բոլոր մրցակիցներին: Հայաստանի հավաքականի մասին նա ասաց միայն, որ վաղուց չեն հանդիպել և պատկերացում չունեն մրցակցի հնարավորությունների մասին: Իրանի հավաքականին Ժուկը հանելուկ համարեց: Բելառուսի ներկայացուցիչը հայտնեց, որ Վրաստանի հավաքականի կազմի մի շարք լեգեոնականների կարողություններին ինքը ծանոթ է, քանի որ նրանք վերջին տարիներին խաղացել են Եվրոպական տարբեր ակումբներում:
ԲԱՑՈՒՄԸ
Սկզբում Վանաձորի մարզապալատում կայացավ հանդբոլի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով: Շատ էին պատվավոր հյուրերը, լրագրողները, նաև` արտասահմանից: Ներկաների թվում էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Բագրատ Բուռնազյանը: Սկզբում, ազգային դրոշները պարզած, հանդիսավոր դահլիճ մտան մասնակից երկրների` Իրանի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի հավաքականները:
Ողջույնի խոսքեր ասացին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին, Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Շևցովը: Ապա խոսափողին մոտեցավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և հայտնեց, որ նախկինում տրված խոստումը կատարվել է` «Հայաստանի վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարը դարձել է ավանդական: Ուրախալի համարվեց, որ արձագանքել են հանդբոլի միջազգային, եվրոպական, ազգային ֆեդերացիաները, Հայաստան են ժամանել Ֆրանտիշեկ Տաբորսկին, Բելառուսի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Կանապլյովը, Վրաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկինում ճանաչված հանդբոլիստ Զազա Դոլիձեն:
Պատահական չհամարվեց, որ այս մրցաշարն անցկացվում է Լոռու մարզում: Բանն այն է, որ հանդբոլի թիմեր են գործում Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, հույս հայտնվեց, որ առաջիկայում հանդբոլը կարմատավորվի Տաշիրում ու Սպիտակում: Ապա պրն Գրիգորյանը, կրկին ողջունելով մասնակից երկրների հավաքականներին, մրցաշարը հայտարարեց բացված:
Մեկնարկային խաղում Իրանի հավաքականը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին 33:28 (19:14) հաշվով: Հայաստանի հավաքականն էլ, խաղալով եվրոպական ուժեղագույն թիմերից մեկի հետ, արժանի մրցակցությունում 20:37 (13:20) հաշվով զիջեց, սակայն կատարվածն ընդհանուր տպավորությունը չգցեց: Թերևս, տանտերերին խանգարեց հոգնածությունը` բարձր ֆիզիկական պատրաստականության պակասը: Իսկ դիմացկունությունը բելառուս հանդբոլիստների հիմնական հաղթաթուղթն է:
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԲՈԼՈՒՄ
Հանդբոլի միջազգային մրցաշարի երկրորդ օրը պատմական իրադարձություն արձանագրվեց: Նորաստեղծ, Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներով համալրված Հայաստանի տղամարդկանց հավաքականն աննախադեպ հաջողության հասավ` Իրանի ուժեղ ընտրանուն հաղթելով 28:27 (14:13) հաշվով: Խաղի ընթացքում բացառապես առջևում էին Հայաստանի ներկայացուցիչները: Ի դեպ, իրանցիներին երկրորդ խաղակեսի վերջնամասում հաջողվեց առաջ անցնել (23:22), սակայն Ստեփան Ղազարյանը և Գիյոմ Գարմիրյանը երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը, և մերոնք կրկին հաշվի մեջ առաջ անցան ու կարողացան մեկ գնդակի առավելությունը պահպանել մինչև խաղի ավարտը:
Հատկապես լարված, նյարդային պայքարում անցան հանդիպման վերջին երեք րոպեները, բայց Հայաստանի հավաքականը հնարավորն արեց, որ ձեռքից բաց չթողնի հաղթանակը, և դա հաջողվեց: Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ վանաձորցիները հատկապես փորձում էին ոգևորել իրենց համաքաղաքացի Ստեփան Ղազարյանին: Եվ Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը պարտքի տակ չմնաց: Նա 7 գոլի հեղինակ դարձավ: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը չցանկացավ առանձնացնել թիմի խաղացողներից որևէ մեկին, նա պարզապես նշեց, որ հաղթանակը նվաճելու գործում անմնացորդ նվիրումով են խաղացել բոլորը:
Բելառուսի հավաքականը 36:21 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին: Ընդ որում, Բելառուսի հավաքականը չօգտագործեց իր ողջ ներուժը, և խաղահրապարակում էին հիմնականում թիմի երկրորդ կազմի խաղացողները: Հավանաբար, Բելառուսի հավաքականի մարզիչները խնայում էին ուժերը վերջին` Իրանի հավաքականի հետ հանդիպմանը լավ մասնակցելու համար:
ՀԱՍԱՆ ՄՈՒՍՏԱՖԱՅԻ ԱՅՑԸ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ
Մրցաշարի վերջին օրը Բելառուսի ներկայացուցիչները հաղթեցին իրանցիներին` 32:24 (14:11): Իսկ Հայաստանի հավաքականի վերջին հակառակորդը Վրաստանի հավաքականն էր: Հաջողության դեպքում մեր երկրի նորաստեղծ ընտրանին չորս հավաքականների մրցաշարում կգրավեր երկրորդ տեղը, որը լուրջ ձեռքբերում կհամարվեր: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիրան Գոմախիձեն խաղից առաջ հայտնեց, որ չնայած կրած երկու պարտություններին` իրենց թիմը պայքարելու է հաղթանակի հասնելու համար: Նա չթաքցրեց, որ Հայաստանի հավաքականն իր վրա լավ տպավորություն է թողնում, և դժվար կլինի պարտության մատնել: Մասնավորապես նշվեց, որ Վրաստանի և Հայաստանի հավաքականների հաղթանակի հասնելու հնարավորությունները հավասար են` 50:50:
Ի դեպ, մրցաշարի վերջին օրը` սեպտեմբերի 4-ին Երևան այցելեց Հանդբոլի միջազգայն ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Պատվավոր հյուրին ընդունեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համատեղ քննարկվեցին այդ գրավիչ մարզաձևը Հայաստանում զարգացնելու հարցեր: Ապա ուղևորվեցին Վանաձոր, որպեսզի հետևեն հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղին: Այն լարված բնույթ կրեց, եղավ մի պահ, երբ խաղահրապարակում կրքերը բորբոքվեցին: Դա հանդբոլում սովորական է երևույթ է: Խաղահրապարակից հեռացվեցին Հայաստանի հավաքականի երկու, Վրաստանի հավաքականի մեկ հանդբոլիստը: Ի վերջո, Հայաստանի հավաքականն առավելության հասավ 28:25 հաշվով և վաստակած 4 միավորով գրավեց երկրորդ տեղը: Իսկ հաղթող դարձավ Բելառուսի հավաքականը` 6 միավոր: Իրանի ընտրանին ունի 2 միավոր: Աղյուսակը եզրափակեց Վրաստանի հավաքականը` 0 միավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆԴԲՈԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հպարտ էր, որ Հայաստանի ներկայացուցիչները պատվով են դուրս եկել փորձությունից: Նա խաղից հետո լրագրողներին հայտնեց Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ ունեցած իր զրույցի և Հայաստանում հանդբոլի զարգացման հեռանկարների մասին: Վարչապետը մասնավորապես ասաց . «Հանդբոլի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաները սերտ կապի մեջ են: Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ զրուցել ենք մեր երկրում հանդբոլի զարգացման ապագայի մասին: Միջազգային կազմակերպությունն աջակցելու է, որ հանդբոլը քարոզվի Հայաստանում, նաև մեր մարզասերները հեռուստատեսությամբ հանդբոլի ուժեղագույն թիմերի մասնակցությամբ միջազգային հանդիպումներ դիտելու հնարավորություն ստանան: Դա կնպաստի մարզաձևի մասսայականացմանը: Տեսակետ, որ Հայաստանի ներկայացուցիչները թիմային մարզաձևերում իրենց լավ չեն կարող դրսևորել: Չնայած շախմատում հիմնականում ուշադրության կենտրոնում անհատականություններն են, Հայաստանի ներկայացուցիչները մեծ հաջողություններ ունեն թիմային մրցումներում: Այնպես որ, այն կարծիքին եմ, որ թիմային մրցաձևերում էլ կարող ենք հաջողություններ ունենալ: Եթե բարձր մակարդակով այսպիսի միջազգային մի քանի մրցաշար անցկացվի, ապա վստահ եմ, որ այս մարզաձևով կանոնավոր պարապողների թիվը Հայաստանում կավելանա, և նոր հաջողություններ կունենանք: Եթե հայկական հանդբոլում վերջին երեք տարիներին նկատվող զարգացման արագ տեմպը պահպանվի, առաջիկա հինգ տարում մեր այս մարզաձևի ներկայացուցիչներից կարելի է լուրջ հաջողություններ ակնկալել»: Վարչապետը հայտնեց, որ միշտ սիրել է սպորտը և բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս ու լող է պարապել:
Միջազգային մրցաշարի փակումը շատ տպավորիչ էր: Նախ` բոլորին ողջունեց ՀՀ վարչապետը: Ապա Հասան Մուստաֆան շնորհավորեց միջազգային մրցաշարը հաջող կազմակերպելու համար և հետագա հաջողություններ մաղթեց մասնակիցներին: Ապա մրցանակներ հանձնվեցին մրցաշարի տարբեր օղակների լավագույն հանդբոլիստներին, ռմբարկուին և խաղացողին: Բոլոր թիմերի ներկայացուցիչները գեղեցիկ հուշամեդալներ ստացան: Իսկ հետո, ներկաների համար անսպասելի, մարզասրահի տանիքի տակից իջեցվեց գլխավոր մրցանակը` գեղեցիկ, մեծ գավաթը, և ՀՀ վարչապետն այն հանձնեց Բելառուսի թիմին: Դահլիճում մեծ հրավառություն սկսվեց: Բոլորը գրկախառնվում էին, նաև` խաղահրապարակում անհաշտ պայքար մղած հակառակորդները, շնորհավորում էին իրար: Իսկ հրաժեշտից առաջ բոլոր պատվիրակությունների անդամները լուսանկարվեցին Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի հետ:







Facebook
Tweet This
Email This Post
