Ոստիկանության տեսուչը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2010 11:43

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչ Ա.Բակունցը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով քաղաքացուհի Ա.Մանուկյանի հետ, վերջինիս ծանոթ Ա.Գեւորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծել է կեղծ ապացույցներ՝ արհեստածին հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին: Մասնավորապես՝ նախաքննության տվյալներով, Ա.Բակունցը, անձամբ ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով՝ 9.55 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն տեղափոխել է Ա.Մանուկյանի բնակարան եւ վերջինիս միջոցով ձեւակերպել, իբր, մարիխուանան պատկանում է Ա.Գեւորգյանին, իսկ Ա.Մանուկյանի բնակարանից վերցված սառը զենք հանդիսացող դանակը ձեւակերպվել է, թե այն հայտնաբերվել է Ա.Գեւորգյանի տաբատի գրպանից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Բակունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply