Դպրոցական ծանր պայուսակները` կեցվածքի խանգարումների պատճառ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 13, 2010 11:19

Վեցամյա Գոռը սովորում է երկրորդ դասարանում: Չնայած ուսումնական տարին մի քանի օր է, ինչ սկսվել է, սակայն փոքրիկն արդեն խնդիրներ ունի: Դպրոցական պայուսակի չափազանց ծանրության պատճառով երեխան դժկամությամբ է դպրոց գնում: «Լացում է, հրաժարվում է պայուսակը վերցնելուց: Չեմ էլ կարող մեղադրել, վեց տարեկան երեխան ինչպե՞ս կարող է ամեն օր  կրել 4 կգ ծանրությամբ պայուսակ»,- ասում է  փոքրիկի մայրը: Առավոտյան փոքրիկին դպրոց է տանում հորաքույրը, իսկ դասերից հետո մայրն է  գնում  երեխային դիմավորելու: «Ամեն օր հինգ ժամ ունեն, ամեն օր երեխան իր հետ է տանում հինգ դասագիրք և առնվազն տասը  տետր, բացի այդ, գունավոր մատիտներ, գունավոր թղթերով թղթապանակ, սոսինձ, մկրատ,- ասում է Իզաբելան:- Իմ երեխան փոքրամարմին էլ չէ, բայց այս ծանրությունը նրա համար չափազանց է: Իսկ փոքրամարմին երեխաներին տեսնելիս մարդ խղճահարվում է. պայուսակի ծանրության տակ չեն էլ երևում»:

«Հիշում եմ,դպրոցը մեր տնից բավականին հեռու էր, ու մինչև դասերից հետո հոգնած ծանր դպրոցական պայուսակը տուն էի հասցնում, «ոտքերս ջուր էր իջնում»,- պատմում է արդեն երեք երեխաների մայր Նորան, ում համար դպրոցական հուշերն ու դպրոցական պայուսակի ծանրության մասին հիշողությունը փոխկապակցված են:- Դպրոցական պայուսակը միշտ մեծ դժվարությամբ եմ կրել, մանավանդ որ փոքրամարմին էի»:

Նորան, հաշվի առնելով դպրոցական տարիների իր դառը փորձը, այժմ իր երեխաներին թույլ չի տալիս դպրոցական պայուսակը կրել: Առավոտյան հայրն է երկու դուստրերին դպրոց ուղեկցում, իսկ դասերից հետո մայրն է երեխաներին տուն բերում: «Եթե երրորդ դասարանում սովորող դուստրս անգամ միայն տետրեր դպրոց տանի, միևնույն է, պայուսակը բավականին ծանր է. բոլոր աշխատանքային տետրերը 96 թերթանի են»,- ասում է Նորան:

Նա նշում է, որ իր շրջապատում մինչև 5-րդ դասարան ծնողները երեխաներին ուղեկցում են դեպի դպրոց և մինչև տուն ու իրենք էլ վերցնում են դպրոցական պայուսակը: «Բայց դե ավելի մեծերն  էլ պայուսակը սխալ են կրում, մի ուսին են գցում, ինչը ողնաշարի հիվանդության պատճառ կարող է դառնալ»,- ասում է Նորան:

Բժիշկները պարզել են, որ երեխայի առողջության համար կարևոր է ինչպես պայուսակի քաշը, այնպես էլ պայուսակի ձևը:

Միկրովիրաբույժ-վնասվածքաբան, մանկական վիրաբույժ Գևորգ Ալոյանն ասում է, որ գիտականորեն ապացուցված է` հատկապես ցածր դասարաններում երեխայի պայուսակի ծանրությունը չպետք է գերազանցի նրա մարմնի քաշի 10 տոկոսը: Այսպես, եթե երեխան 25 կգ է, ապա նրա պայուսակը չպետք է 2,5 կգ-ից ծանր լինի: Ուստի կարևոր է նաև, որ պայուսակ գնելիս ծնողներն ուշադրություն դարձնեն դրա քաշին` այն պետք է ունենա 600 գրամից մինչև 1 կգ քաշ:

Ալոյանը նշում է, որ 6-7 տարեկան հասակում երեխաների մոտ սկսվում է աճի երկրորդ բուռն շրջանը: Ուստի հատկապես այս տարիքում չափից ավել ծանր պայուսակները և դրանց սխալ կիրառությունը կարող են հանգեցնել կեցվածքի խանգարումների: «Ոչ համապատասխան և ծանր պայուսակը նպաստում է կեցվածքի խանգարման առաջացմանը, ինչպես նաև ողնաշարային այլ հիվանդությունների,- ասում է նա:- Այս տարիքում ինչքան նորմալ ձևավորվի ողնաշարը, այնքան հնարավոր կլինի հետագայում խուսափել առողջական խնդիրներից»:

Ալոյանն ասում է, որ կեցվածքի խանգարումների, ողնաշարային հիվանդությունների դեպքում մանուկների մոտ ցավերը հազվադեպ են, ուստի ծնողների համար կողմնորոշիչ պետք է լինի երեխայի արտաքին տեսքը: Եթե նկատվում է երեխայի մեջքի կորություն, թիակների անհամաչափություն, ուսերի անհավասարություն, եթե ողնաշարի սյան վրա կան թեքություններ, կարելի է համարել, որ գործ ունենք կեցվածքի խանգարման հետ:

Ավելորդ ծանրությունից  խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս աշակերտներին դպրոց տանել միայն օրվա դասագրքերը և տետրերը: Կեցվածքի հնարավոր խանգարումներից խուսափելու համար նա կարևորում է նաև դպրոցական պայուսակի ճիշտ ընտրությունը և կիրառությունը: Նրա խոսքով` երեխաները չպետք է կրեն միայն ձեռքի բռնակ ունեցող  պայուսակներ. այս պարագայում հիմնական ծանրությունն ընկնում է մի կողմի վրա և խախտվում է հավասարակշռությունը. ծանրությունը ողնաշարի սյան  վրա հավասար չի բաշխվում, ինչը հանգեցնում է կեցվածքի խանգարման:

Դպրոցական պայուսակի իդեալական տարբերակն, ըստ Ալոյանի, երկթևանի ուսապարկերն են, որոնց թևերը լայն են, որպեսզի երեխաների ուսերին ծանրությունից կարմիր բծեր չառաջանան, և մեջքի կտորը կոպիտ է ու չի ենթարկվի երեխայի մեջքի  կորություններին: «Ցանկալի չէ գումար խնայելու նպատակով երեխայի համար իր չափսերից մեծ պայուսակ գնել: Ավելի լավ է ամեն տարի երեխայի հասակին  համապատասխան պայուսակ գնել և խուսափել հնարավոր առողջական խնդիրներից»,- ասում է Ալոյանը` հավելելով, որ պայուսակը երեխայի ուսերից բարձր չպետք է լինի, իսկ ստորին հատվածում այն  պետք է հասնի մինչև երեխայի գոտկատեղ, պայուսակի համար  ընդունելի լայնություն է երեխայի ուսերի լայնքը:

«Դպրոցական պայուսակը երեխան  պետք է անպայման կրի երկու ուսի վրա, կոշտ կազմով գրքերը դրվում են մեջքի կողմից, ապա տետրերը: Կողքի գրպաններում պետք է դրվեն ոչ ծանր իրեր»,- ասում է Ալոյանը` կոչ անելով ծնողներին հետևել երեխայի պայուսակի ճիշտ դասավորությանը:

Կեցվածքի խանգարումները, ըստ բժշկի,  երեխաների մոտ  տարածված են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Սակայն որևէ վիճակագրություն չկա, թե դեպքերի քանի տոկոսն է առաջանում դպրոցական պայուսակների պատճառով:

Կեցվածքի խանգարումներից խուսափելու համար մասնագետը  նաև խորհուրդ է տալիս, որ երեխան անպայման ունենա թիկնակով  և սեղանի բարձրությանը համապատասխանող աթոռ: Երեխան աթոռի վրա պետք է ուղիղ նստի, բացի այդ, աչքից մինչև սեղան հեռավորությունը պետք է լինի 25 սմ:

Դիտվել է 3620 անգամ:
Print Friendly

Leave a Reply