Նշանավոր հայ բարերարի կիսանդրին Թբիլիսիից հասավ Հայաստան գաղտնի ճանապարհով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 18, 2010 9:08

Նշանավոր հայ նավթարդյունաբերող, մեծ բարերար, Թբիլիսիի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ապրել և գործել է Թբիլիսիում, որտեղ և մահացել է 1924-ին:

Նրա անունը շատ  առումներով կարելի է կապել մեկ այլ մեծանուն հայի` Ալեքսանդր Մանթաշյանի հետ, քանի որ նրանք եղել են մտերիմ ընկերներ ու գործընկերներ և ազգային շատ ու շատ ծրագրեր իրականացրել են միասին:

Արամյանցը շատ է սիրել Թիֆլիսը և ջանք չի խնայել ներդրում ունենալու համար քաղաքի բարգավաճման գործում: Նա եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը: Թբիլիսիի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցը» ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոցն է, սակայն մինչ օրս բոլոր թբիլիսցիներն այն անվանում են հին անունով` «Արամյանցի հիվանդանոց»: 100 տարի առաջ, երբ Թիֆլիսում որոշում են կառուցել մի հիվանդանոցային համալիր, Արամյանցն առաջինն է արձագանքում` այդ գործին նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի: Հիվանդանոցը դառնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող մեծ համալիր` վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան, մանկական և այլ բաժիններով:

Միքայել Արամյանցի անունը կապված է նաև Կովկասի նավթարդյունաբերության զարգացման հետ. նա Մանթաշյանի հետ մեկտեղ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար:

Արամյանցի բարեգործություններն անթիվ ու անհամար են. նա նաև ապաստաններ էր կառուցում հայ գաղթականների համար: Հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ ոչ միայն ապրել, այլև բամբակագործությամբ է զբաղվել ավելի քան 80 գաղթական ընտանիք:

Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի` «Մաժեստիկի» նմանությամբ:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցնում է գրեթե ողջ կարողությունը: Զրկվելով հարստությունից ու դիրքից` նա նետվում է իր կառուցած շենքի նկուղը, որտեղ էլ 1924 թ. մահանում է սովի ու աղքատության մեջ: Սակայն, թբիլիսյան ողջ հանրությունը հավաքվում է` հողին հանձնելու այն նշանավոր հայի դին, ով այդքան մեծ գործեր էր կատարել սիրելի քաղաքի համար:

Արամյանցը թաղվում է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ թաղված են բազմաթիվ նշանավոր հայեր: Սակայն, ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվում է, իսկ տարիներ անց գերեզմանատան տեղում օրհնվում է վրաց եկեղեցու մի կառույցի հիմնարկեքը: Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչանում են:

2000 թ. «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության» նախագահ Միքայել Հարությունյանը թիֆլիսաբնակ իր ընկերոջից` Սարգիս Դարչինյանից (Թբիլիսիի հայկական պատմական հուշարձաններով մշտապես հետաքրքրվող մի անձնավորություն) տեղեկանում է, որ Արամյանցի թոռների խնամակալի ժառանգներից մեկի` Մանյա մայրիկի տանը պահպանվում է Արամյանցի հայտնի կիսանդրին: Նա նաև հայտնում է, որ Մանյա մայրիկը ցանկանում է վաճառել այն 2500 դոլարով, սակայն նաև պայման է դրել, որ գնորդը պետք է հայ լինի, և կիսանդրին պետք է տեղափոխվի Հայաստան:

«Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնությունը», որը ստեղծման օրվանից (1964 թ.) գործում է հասարակական հիմունքներով, այդքան գումար չուներ նշանավոր հայի կիսանդրին գնելու համար: Սակայն պարոն Հարությունյանը լուրն իմանալուն պես, սկսում է պետական, հասարակական ու մասնավոր կառույցների, անհատների դռները թակել` արձանի համար առաջարկվող այդ սիմվոլիկ գումարը գտնելու համար: «Մեկ տարուց ավելի մենք մեկենաս էինք փնտրում, բայց ապարդյուն»,- պատմում է Հարությունյանը:

Կիսանդրին արժեքավոր է ոչ միայն այն հանգամանքով, որ մեծանուն հայի հիշատակը հավերժացնող շատ կարևոր մասունք է (այն 1898 թ. քանդակել է մի հայտնի իտալացի քանդակագործ` Ֆրիլլի ազգանունով), այլև իր գեղագիտական ու ժամանակային առումով:

Մի օր էլ պատահաբար այդ խնդրանքը հասնում է մի հայտնի բարձրաստիճան պետական պաշտոնյայի (պարոն Հարությունյանի խնդրանքով պաշտոնյայի անունը չենք նշում), որն էլ համաձայնում է նշված գումարը տալ: «Արագ գործի անցա,- պատմում է Հարությունյանը,- մեկնեցի Թիֆլիս և ընկերոջս հետ գնացի Մանյա մայրիկի տուն: Նա, մեկ անգամ ևս հավաստիանալով, որ կիսանդրին տեղափոխվելու է Հայաստան, վաճառեց մեզ»:

Մանյա մայրիկը հայ գնորդներին պատմել է, որ մի քանի տարի առաջ այդ կիսանդրին, որը սուրբ մասունքի պես պահվել է իրենց տանը, 5 հազար դոլարով ցանկացել է վաճառել իր որդին, սակայն գնորդ չի գտել: Որդին մահացել է, և Մանյա մայրիկը որոշել է ինքը վաճառել որդու որոշած գնի ուղիղ կեսով: «Մանյա մայրիկը միակ որդու մահից հետո միայնակ էր մնացել,- ասում է Հարությունյանը,- և այդ գումարը հավանաբար պետք է պահեր, որպեսզի իր մահվանից հետո բարեկամները թաղման ծախսերը հոգային: Կիսանդրին խնամքով փաթաթեցինք և դուրս եկանք,- շարունակում է Հարությունյանը,-հատուկ գիշերով էինք գնացել, որ մարդ չտեսներ, թե չէ խնդիրներ կառաջանային: Այն տարանք Թիֆլիսի իմ հայրական տունը, որտեղ էլ պահվեց մինչև Հայաստան հասնելը»:

Հարությունյանը պատմում է, որ կիսանդրին տարիներ շարունակ դրված է եղել «Արամյանցի հիվանդանոցի» գլխավոր բժշկի ընդունարանում: 1936 թ. Բերիան  եկել է այդ հիվանդանոց և, տեսնելով կիսանդրին, հարցրել, թե ումն է: Իմանալով, որ այն նշանավոր հայի կիսանդրին է, հրամայել է ոչնչացնել: Թե ինչպես են բուժաշխատողներից մի քանիսը համոզել Բերիայի կամակատարներին չիրականացնել հրամանը, հայտնի չէ. փաստն այն է, որ կիսանդրին փրկվել է:

Արամյանցի մահից հետո նրա բոլոր ժառանգները ցրվել են աշխարհով մեկ, և միայն մի դուստրն էր ապրում Թիֆլիսում: Բուժաշխատողները կիսանդրին գաղտնի նրան են փոխանցել: 1945-ին դուստրը նույնպես իր ընտանիքով լքել է Վրաստանը` կիսանդրին պահ տալով իր երեխաների խնամակալ ընտանիքին: Այդպես այն հասել է խնամակալ ընտանիքի ժառանգ Մանյա մայրիկին:

«Կիսանդրին Հայաստան տեղափոխելը բազմաթիվ խնդիրներ կարող էր առաջացնել, ուստի որոշեցինք այն գաղտնի ճանապարհով բերել,- ասում է Հարությունյանը,- փորձեցինք մեր հյուպատոսարանի միջոցով ինչ-որ բան անել, սակայն չստացվեց. բոլորը խուսափում էին խնդիրներ ունենալուց: Վերջապես հյուպատոսը մեզ խորհուրդ տվեց կիսանդրին Հայաստան տեղափոխել հոգևոր թեմի միջոցով: Հոգևոր հայ դասի բարձրաստիճան ներկայացուցիչը (նրա անունը նույնպես չի նշվում` խնդիրներից խուսափելու համար) խոստացավ օգնել մեզ: Նա ասաց, որ իրեն անցակետում չեն ստուգում, և ինքը կկարողանա կիսանդրին սահմանից անցկացնել»:

Այդպես հայ մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կիսանդրին հասնում է Հայաստան:

«Ինձ զանգահարեցին և հայտնեցին, որ կիսանդրին արդեն Հայաստանում է, ասացին, որ այն Վիրահայոց հոգևոր թեմի ներկայացուցիչներից մեկի միջոցով կբերեն մեր գրասենյակ,- պատմում է Միքայել Հարությունյանը,- քիչ անց կիսանդրին բերեցին. զարմանքս ու ուրախությունս այնքան մեծ էր, երբ տեսա, որ կիսանդրին ինձ հասցնողն իմ վաղեմի բարեկամներից մեկն է, որի աշխարհիկ անունը նույնպես Միքայել է: Կատակով ասացի` փաստորեն Միքայելի կիսանդրին Միքայելի միջոցով հասավ Միքայելին…»:

Արամյանցի կիսանդրին հանձնվում է այն բարձրաստիճան պաշտոնյային, ով կիսանդրու գումարը վճարել էր: Թե քանի տարի այդ արժեքավոր քանդակը կզարդարի պետական բարձրաստիճան պաշտոնյայի առանձնատունը, դժվար է ասել, մի բան պարզ է` այն հանրային արժեք է և պետք է գտնվի համապատասխան պետական հաստատությունում, օրինակ` Հայաստանի ազգային պատկերասրահում կամ պատմության թանգարանում, և այն տեսնելու հնարավորություն պետք է ունենան ոչ միայն այդ պաշտոնյայի հյուրերը, այլև ողջ հայ ժողովուրդը:

«Ճիշտ է, մենք շատ երախտապարտ ենք այդ մարդուն, որի միջոցով հնարավոր եղավ գոնե կիսանդրին գնել և Հայաստան տեղափոխել, սակայն կարծում եմ` ճիշտ կլինի, որ այն հանրայնացվի և գտնվի պետության հոգածության տակ, որովհետև այն համազգային նշանակություն ունի»,- ասում է Հարությունյանը:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply