Մադոննա. լիբիդոյի էներգիան

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 14, 2010 11:56

«Լեդի անդադար առաջխաղացումը» հաջողության է հասել դեռևս 80-ականների վերջերին: Նրա  տաղանդը բիզնեսում  յուրօրինակ, միայն իրեն հատուկ միջոցների վրա է  հիմնված.  տեսանկարահանումներում, համերգների ժամանակ, թե արդուզարդի պարագաներում՝  ամեն ինչում դրսևորել է  ինքնատիպություն, ու ամենուր նա սահմանել է իր չափորոշիչները: Երբեք չի փորձել նմանվել կամ հետևել որևիցե մեկին: Իր հանդիսատեսին դիմել է՝ կոտրելով գոյություն ունեցող կաղապարներն  ու ավանդույթները:  Նրա ոճը նմանակել ու շարունակում են նմանակել, չնայած  այն  շատ անսովոր է: Մադոննան ազդում է հանդիսատեսի վրա, և էական չէ` լավ, թե վատ: Ինչպես պարբերականներից  մեկն է սահմանել,  հանճարը նա է, ով կարողանում է հետք թողնել, անկախ դրա որակից:

1990-ին Մադոննան  ռեկորդ սահմանեց. նրա երգերը հիթ շքերթներում առաջին հորիզոնականը երկար ժամանակ էին գրավել: Նույն տարին նա ֆինանսապես անկախացավ` դառնալով ամենաբարձր վարձատրվող կինը շոու բիզնեսում: Նրա շահույթը կազմում էր 39 մլն դոլար: 1990  ամերիկյան ամսագրերից  մեկն «Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի մարդկանց շարքում» առաջինը նշել էր Մադոննայի , հետո նոր միայն Մայքլ Ջեքսոնի, Բրյուս Սփրինգսի ու Պրինսի անունները:  Իսկ «Forbes»-ը նրան անվանեց «Ամերիկայի ամենագործունյա կին»` հավելելով, որ նրա  «խելքը մեղքի, իսկ մարմինը՝ բիզնեսի համար են» ստեղծված: Նա հանրաճանաչ ությամբ գերազանցում է նաև Մերլին Մոնրոյին: Մադոննան  կարծես ստանձնել  է հասարակության բարոյական նորմերը  փոփոխելու պարտավորություն: Նա պղծում է այն բոլոր  դոգմաները, որոնք ուղղված են արյունապղծության ,  բիսեքսուալության ու այլասերության  դեմ: Բողոքող հոգին սահման չի ճանաչում: Նա  ձեռնոց է նետում բոլոր ավանդական արժեքներին: Մադոննայով տարված երիտասարդների ծնողները տարակուսանքի մեջ են. երգչուհին նրանց ժառանգների կուռքն է: Սակայն դրա բացատրությունը պարզ է. նա հրաշալի զրուցակից է այն երիտասարդների համար, ովքեր նույնպես պայքարում են հիշյալ՝ հասարակության հաստատած դոգմաների դեմ:

Անձնական կյանքի պատմությունը

Մադոննան  (լրիվ անունը՝ Մադոննա Լուիզա Վերոնիկա Չիկկոնե) ծնվել է 1959 թ. օգոստոսի 16-ին, Միչիգանում: Մասնագիտությամբ ինժեներ հայրը իտալացի ներգաղթածների առաջին սերնդից էր, իսկ մայրը՝ Մադոննան (աղջիկն անվանակոչվել է մոր պատվին) կանադացի էր: Մադոննան ընտանիքի անդրանիկ դուստրն էր ու հոր սիրելին: Հայրը նրա կյանքում մեծ տեղ ու ազդեցություն է ունեցել:  Մայրը մահացել է, երբ Մադոննան ընդամենը 5 տարեկան էր, գուցե դա է պատճառը, որ նա մորն իդեալականացրել ու սրբացրել է.« Իմ մայրն ինձ համար պատրանք է, նա մարդկային  էության կատարյալ պատկերն է, ինչպես Հիսուս Քրիստոսը»:  Մոր մահից հետո աղջիկը սկսեց վախենալ ու սարսափել այն մտքից, որ հայրն էլ կմահանա, ու ինքը մենակ կմնա (չնայած 2 ավագ եղբայր և կրտսեր երկու քույր  ու  մեկ եղբայր ունի), և այդ մտավախությունից  նրա սերն ու կախվածությունը հորից կրկնապատկվեց:  Մոր մահից հետո հայրն ամեն ինչ էր աղջկա համար, նույնիսկ կրկնօրինակման կերպար: Նա մեծացել է ամենաթողության պայմաններում:  Հայրը քարոզում էր «պահանջկոտ լինել թե՛ խելքի և թե՛ մարմնի նկատմամբ»:

Երբ գործունյա ու ստեղծագործական ձիրքով օժտված  կինը երիտասարդ տարիքում գտնում է նմանօրինակ աջակցություն, դա  դրականորեն է ազդում նրա  հետագա դրսևորման, կայացման վրա: Մոր մահից հետո  Մադոննան  ստիպված էր խնամել փոքրերին, փոխել նրանց տակաշորերը, մինչդեռ խաղալու ու ընկերների հետ զբոսնելու պահանջ ուներ:  Երբ աղջիկն արդեն 8 տարեկան էր, հայրն ամուսնացավ երկրորդ անգամ: Այս փաստը կոտրեց  նրան. «Հայրս ստիպեց   կնոջը մայրիկ կոչել,  իսկ ես չէի կարող, չէի ուզում»:

Հորից  բացի նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև Նենսի Սինատրան, նրա մանկության կուռքը, ում խոսքերը՝ «կիսակոշիկները ստեղծված են քայլելու համար», ոգեշնչեցին Մադոննային, ու նա որոշեց իրեն նվիրել պարին:  Դասընկերուհին հիշում է.« Մադոննան միշտ ձգտում էր ապշեցնել ու դրա համար ջանք ու եռանդ չէր խնայում: Նա անվախ էր, կարող էր ակրոբատական համարի ժամանակ առանց վարտիքի մագլցել բուրգի գագաթը՝  ներքևում կանգնած տղամարդկանց մեջ կատարյալ իրարանցում առաջացնելով»:  Այդ համարի   նպատակը ուշադրություն գրավելն ու դրանով նրանց հավանությանն արժանանանալն  էր:  Իսկ Սան Ֆրանցիսկոյում տաղանդների  հայտնաբերման ցուցադրության ժամանակ մարմնագույն լողազգեստով ելույթ ունեցող 9-ամյա Մադոննային դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց, ու նա մրցույթի հաղթող ճանաչվեց: Հենց այդ ժամանակից  սկսած`  գրգռիչ պահվածքը  նրա   համար դարձավ  սովորական:

Նա խելացի էր ու միջնակարգ դպրոցն ավարտեց օրինակելի աշակերտուհու համբավով: 14 տարեկանում ընդունվեց պարի դպրոց: Պարուսույցը դարձավ նրա տղամարդ առաջնորդը. «Նա իմ հայրն էր, իմ  ղեկավարն ու իմ հմուտ սիրեկանը, իմ եղբայրը, որովհետև  նա պարզապես հասկանում էր ինձ»:

Մադոննան կուսությանը ցինիկորեն էր վերաբերվում. «Կուսությունից զրկվելն իմ կարիերայում ելման դիրք էր նշանակում»:  1977-ին պարուսույցն օգնեց նրան ընդունվել Միչիգանի երաժշտական դպրոց: 1990-ին նույն  պարուսույցը մահացով ՁԻԱՀ-ից: Մադոննան վճարեց   սիրելի ուսուցչի թաղման բոլոր ծախսերն ու գովասանքի խոսքեր կարդաց  նրա աճյունի մոտ:

Մասնագիտական վերելքը

1978-ին , երբ Մադոննան վճռեց  տեղափոխվել Նյու Յորք, ընդամենը 22 տարեկան էր . գրպանում 37 դոլար ուներ, բալետային մաշիկներ  ու երազանք: Նա միայնակ էր, քաղցած, հաճախ հյուծված, սակայն ոչ հուսալքված. նա հաստատակամ էր. պետք է տեղ գտներ աշխարհի ամենադաժան շուկայում՝ շոու բիզնեսում: Այդ ժամանակներում գրառված մտքերից է.«Ես աղոթում ու աղաչում եմ Աստծուն  գեթ մեկ ընկեր ունենալու համար, սակայն երբևէ  մտքովս չի անցել նահանջել կամ էլ հետ վերադառնալ: ԵՐԲԵ՛Ք»:

Պարային մի քանի ցուցադրություններում  անհաջողությունների մատնվելուց հետո,Մադոննան փող աշխատելու մի քանի միջոց յուրացրեց: Գեղարվեստի սրահում բնորդուհի էր աշխատում, նկարահանվում էր ընդհատակյա պոռնոգրաֆիական ֆիլմերում, ոչ այնքան փողի, որքան ճանաչվելու՝  շոու բիզնեսում տեղ գտնելու նպատակով: Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, պատահել է նույնիսկ, որ գոյատևելու  համար   աղբամաններ է քրքրել:

Շուտով  մտերմացավ նկարիչների հետ ու նրանցից մեկի` Գիլրոյի հետ տեղափոխվեց Քուինս, ուր նկարիչն առաջին իսկ օրը նրան կիթառ տվեց ու ակորդներ սովորեցրեց. «Այդ պահին հասկացա, որ ինչ-որ բան կատարվեց իմ գլխում»: Երաժշտությունը  և ոչ թե պարն էր աստղային ուղի  դուրս բերող ճամփան: Գիլրոյի հետ ծանոթանալուց երկու շաբաթ անց նա հանդիպեց դիսկոյի երկրորդական աստղ Պատրիկ Էռնանդեսին, իսկ 1979-ին նրանք թողարկեցին «Ապրելու համար ծնվածը» հիթը, որը երգչուհուն 25 մլն  դոլարի եկամուտ բերեց: Գիլրոյը նրան սովորեցրեց նվագել  ոչ միայն կիթառ, այլև հարվածային գործիքներ: Շուտով այս պարապմունքներն ու աշխատանքը տվեցին իրենց պտուղը, ու 1983-ին թողարկվեց  Մադոննայի առաջին ալբոմը:

Մադոննան ինտուիտիվ էքստրավերտ է: Կառլ Յունգի բնորոշմամբ՝ սա նորարարների,  ձեռներեցների  տեսակն է:

Երգչուհին բազմիցս ասել է. «Ես վաղ հասակից ցանկանում էի ղեկավարել աշխարհը» կամ «Ես մտասևեռված եմ իշխանության վրա»: Նրա համար կարևորն արդյունքն է, ոչ ընթացքը. «Ես երբեք ժամանակ չեմ կորցնում, ժամանակը կարելի է օգտագործել` օգուտ ստանալով»:

«Ես այն  մարդկանցից եմ, ովքեր ապրում են բնազդով. բնազդն օգտագործում եմ բիզնեսում իբրև ուղեցույց: Ինձ թվում է, որ լավ աշխատող եմ նաև այն պատճառով, որ աշխատում եմ վաղուցվանից»: Նա շատ կազմակերպված է, ամեն առավոտ  հրահանգներ է տալիս աշխատողներին: Ենթակաները Մադոննայի մասին ասում են, որ նա տրամաբանորեն մտածող մարդ է, նրանցից, ովքեր կարողանում են մտապահել բազմաթիվ մանրուքներ  ու կարողանում են ամեն պարագայում  արագ կողմնորոշվել ու ամեն ինչ  կարգավորել: Մադոննան  հաջողությունների է հասել իր իսկ սահմանած խիստ կարգուկանոնի ու  նաև անընդհատ մարզվելու շնորհիվ: «Ես իսկապես էլ  կարգուկանոն գնահատող մարդ եմ»: Իսկ իշխանության մասին ասել է.«Իշխանությունը կարևորագույն երևույթ է: Հրաշալի է իշխանությունը. ես դրան ձգտել եմ ողջ կյանքում: Կարծում եմ՝ իշխանությունն այն է, ինչի ձգտում է յուրաքանչյուր ոք»: Նրա կյանքը պայքար է.«Ինձ հետաքրքիր չեն նրանք, ում հետ չես կարող մրցակցել,- ասել է նա:- Ինձ պայքար է պետք»:

Մադոննան իր էքսցենտրիկությամբ սահմանն անցնում է: Նա կարող է ագրեսիվ լինել եկեղեցու նկատմամբ, և շատերը կարող են նրան սրբատյաց համարել: Սակայն, այդուհանդերձ, նա  ավելի ազնիվ է, քան շատ ու շատ կանայք, ովքեր խաչ են կրում և  միաժամանակ  կրծքի խորը բացվածքով զգեստ հագնում: Այդ կանայք ցուցադրում են իրենց հավատքը, սակայն կրոնական խորհրդանիշներն օգտագործում  իբրև խայծ: Նրանք մի հարվածով երկու նապաստակ են որսում, մի կողմից` ասում են՝ «ես հավատացյալ եմ», մյուս կողմից՝ «ես սեքսուալ ու գայթակղիչ կին եմ»:  Նման կանայք երբեք ազնիվ չեն իրենք իրենց հետ:

Մադոննան մի քանի գրքերի հեղինակ է. 1992-ին տպագրված «Սեքսը» գրատպության պատմության մեջ աննախադեպ հաջողություններից է, որը 750000 տպաքանակով վաճառվեց Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում: Առաջին տպաքանակից ստացված  եկամուտը կազմել է 20 մլն դոլար:

Կարելի է սիրել կամ չսիրել նրան, սակայն չնկատել հնարավոր չէ: Նա XX  դարի ամենահայտնի աստղերից է, որ  սկսել է զրոյից, հասել աստղային բարձունքների  ու մինչ օրս ամուր է պահում իր դիրքերը: Նա մի  կին է, ով գիտի, թե ինքն ով է և  ուր է գնում  ու երբեք չի շեղվի իր իսկ նախանշած ուղուց:  Մանկական  հասակի  երազանքին հասնելու նրա զենքերը նպատակաուղղվածությունն ու վճռականությունն են: Մի անգամ մեծ աշխարհ տանող դուռը բացելով ու  հաջողության համը տեսնելով` նա այլևս թույլ չի տա, որ այդ դուռը կրկին փակվի իր առջև:

Մադոննան իր ճակատագրի կերտողն ու տիրուհին է:

Ջին Լանդրամի «Տասներեք կին, որոնք վերափոխեցին աշխարհը» գրքից

Դիտվել է 2218 անգամ:
Print Friendly

Leave a Reply