Ձմռանը կջեռուցվեն մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 12, 2010 23:39
Երեւանի քաղաքապետարանի ծրագրով մինչեւ տարեվերջ մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների էլեկտրական սալիկներն ու փայտե վառարանները կփոխարինվեն ջեռուցման անվտանգ ու հարմարավետ համակարգերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ 2010թ. մշակվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջեռուցման» համալիր ծրագիր. հաշվառվել են մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները: Մեծածավալ ծրագիրը կյանքի կոչելու համար Երեւանի քաղաքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ 14 մլն 808 հազար դրամ:
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի տեղեկացմամբ` մինչ ծրագրի մեկնարկը Երեւանի նախադպրոցական 162 ուսումնական հաստատություններից ջեռուցվում էր ընդամենը 59-ը: Մայրաքաղաքի 85 մանկապարտեզներից 40-ում ջեռուցման անհատական համակարգերի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտված են: Անհատական ջեռուցման ծրագիրն ավարտված է նաեւ Երեւանի թիվ 29 մանկապարտեզում, որտեղ 110 երեխաների համար տաք ձմեռն ապահովված է, իսկ թիվ 109 մանկապարտեզում շինարարությունը դեռ ընթացքում է. կառուցվում է ջեռուցման ներքին ցանց, տեղադրվում են գազատարները:






Facebook
Tweet This
Email This Post
