Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը` Երեւանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2010 23:30

Ինչպես  հայտնեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, գիտաժողովի նպատակը քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների, նաեւ հարակից ոլորտներում հիմնարար ու կիրառական հետազոտությունների վիճակի եւ զարգացման վերլուծությունն է:

Ըստ ՀՀ ԳԱԱ-ի` ջանքերի միավորումը թույլ կտա գտնել նոր մոտեցումներ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ նոր որակի նյութերի ստեղծման համար: Կդիտարկվեն գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում կրթության բարելավման հարցեր:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Հայաստանի քիմիական ընկերությունը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիայի եւ նյութերի մասին գիտության բաժանմունքը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիական տեխնոլոգիաների գծով գիտական խորհուրդը, ՌԳԱ-ի Ն. Ս. Կուրնակովի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Դ. Ի. Մենդելեեւի անվան ռուսական քիմիական ընկերությունը: Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ-ի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում «Россотрудничество» դաշնային գործակալության աջակցությամբ:

Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 150 գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Դրա շրջանակներում կկազմակերպվի ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական ձեռքբերումների ցուցահանդես:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply