Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուի հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2010 19:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուի հետ, ով Հանրապետությունում է “Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ” միջազգային համաժողովի առիթով:

Քննարկվել է ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը եւ ընգդգծել, որ այդ համագործակցության բացակայության դեպքում Հայաստանը շատ բան կկորցներ: “Այն, որ Հայաստանում ծրագրեր եք իրականացնում` խնդրի մի կողմն է: Երկրորդ կողմն այն է, որ առաջավոր փորձ եք բերում, ինչը մեզ համար չափազանց էական հանգամանք է: Մարդիկ պետք է կարողանան որոշակի բարելավումներ տեսնել, բայց, մյուս կողմից էլ, պետք է ապագան տեսանելի լինի: Եթե այդպես չլինի, ապա այսօրվա նույնիսկ շատ լավ փոփոխություները կարող են մարդկանց չբավարարել”,- նշել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ասել է, որ նաեւ վերոհիշյալ չափանիշներից ելնելով է բարձր գնահատում համաժողովի կատարած աշխատանքը, քանի որ ծավալված քննարկումների ընթացքում առկա խնդիրներն արձանագրելուց բացի` առաջարկվել են նաեւ դրանք լուծելու հստակ ուղիներ:

Համաշխարհային բանկի փոխնախագահն ասել է, որ, չնայած իր ծանրաբեռնված աշխատանքային օրակարգին, որոշել է մասնակցել այս համաժողովին, քանի որ պարտավորվածություն է զգում Հայաստանի հանդեպ: Պարոն Լե Ուերուի խոսքով, դեռեւս ՀԲ-ում իր նախկին պաշտոնում աշխատելիս, Հայաստանի եւ Բանկի միջեւ արդյունավետ համագործակցության օրինակը հաճախ է որպես համոզիչ փաստարկ օգտագործել ՀԲ-ի ծրագրերի համար տրամադրվելիք գումարների շուրջ դոնորների հետ վարվող բանակցություններում: “Մեկ տարի է, ինչ այս պաշտոնում եմ: Դիտարկել եմ տարածաշրջանում մեր ծրագրերի պորտֆելը եւ, անկեղծորեն ասեմ, ըստ իս` ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է: Ընդ որում, ծրագրերի թե´ որակի եւ թե´ կատարողականի առումով: Ես հատկապես տպավորված եմ, քանի որ այն, ինչ փաստաթղթերում ուսումնասիրել, կարդացել եմ` հայաստանյան ծրագրերի վիճակագրություն եւ այլն, փաստացի, գործնականում նաեւ տեսա”,-ընդգծել է ՀԲ-ի փոխնախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պարոն Լե Ուերուն վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի եւ Հայաստանի միջեւ արդյունավետ համագործակցության մինչ օրս կուտակված փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում իրականացնելու առավել ընդգրկուն ծրագրեր:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply