Նախագահ Սարգսյանը մասնակցել է “Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ” եզրափակիչ նիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2010 22:19

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ անցկացվող “Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ” միջազգային երկօրյա համաժողովի եզրափակիչ նիստին:

Հանրապետության ղեկավարին են ներկայացվել Հայաստանի տնտեսության հետճգնաժամային զարգացման հեռանկարների ու հնարավորությունների, այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին քննարկումների ամփոփ արդյունքները:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի համաժողովին մասնակցող բարձրաստիճան ներկայացուցիչներին նման կարեւոր միջոցառման անցկացմանն աջակցելու համար: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետների եւ նրանց հայաստանյան գործընկերների երկօրյա շահագրգիռ ու արդյունավետ քննարկումները դրական մեծ ազդեցություն կունենան, որպեսզի Հայաստանը կարողանա համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրողություններին համահունչ զարգացում ապահովել:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին քննարկումների արդյունքում նախանշված նպատակները, դրանց իրագործման մոտեցումները հստակ ծրագրերի վերածելու եւ կյանքի կոչելու գործում: Հանրապետության ղեկավարը վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները կանեն հնարավորը` դրանք ժամանակին եւ արդյունավետությամբ իրականացնելու համար:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply