«Գրանդ Քենդի»-ն` համաշխարհային ռեկորդակիր

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 12, 2010 17:23

«Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ» անվանակարգում հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունը սահմանել է համաշխարհային ռեկորդ, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Շոկոլադե սալիկի քաշը 4 տոննա 410 կգ է, պատրաստվել է չորս օրում:

Նախկին ռեկորդը, որը հաստատվել է Իտալիայում, Հայաստանում պատրաստված շոկոլադե սալիկը գերազանցում է 830 կգ-ով: Շոկոլադե սալիկն այսօր ներկայացվեց հանրությանը, իսկ Գինեսի ռեկորդների գրքի իրավական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթը «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանին հանձնեց ռեկորդի սահմանումը հաստատող հավաստագիր: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Կ. Վարդանյանը, շոկոլադե սալիկը պատրաստվել է նույն այն տեխնոլոգիայով, որով` դառը շոկոլադը` Գանայից ներմուծված կակաո հատիկավորի հումքից:

Ըստ Կ. Վարդանյանի, «Գրանդ Քենդի» ընկերությունը անդրկովկասում միակն է, որն ունի կակաո հատիկավորի վերամշակման տեխնոլոգիա: «Սա առաջին արդյունաբերական ռեկորդն է Հայաստանում. այն նվիրվում է «Գրանդ Քենդի»-ի ստեղծման 10-ամյակին, որը լրանալու է հոկտեմբերի 16-ին»,- ասաց նա: Կ. Վարդանյանի խոսքով` այդ օրը Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք տոնակատարության ժամանակ շոկոլադե սալիկը համտեսելու հնարավորություն կունենա նաեւ ողջ հասարակությունը:

«Եթե սալիկն ուտի մեկ մարդ, ապա այն նրան կբավականացնի 450 տարի»,- ասաց Կ. Վարդանյանը: Է. Սմիթը տպավորված էր շոկոլադե սալիկով: «Շատ եմ սիրում շոկոլադ, այդ իսկ պատճառով ինձ համար կրկնակի հաճույք է սա գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Գինեսի ռեկորդների աշխատակազմը պահանջել է, որպեսզի մի քանի կտոր շոկոլադ ինձ հետ տանեմ` համտեսելու համար: Ես արդեն հասցրել եմ դա անել եւ ինձ շատ դուր եկավ ռեկորդակիր շոկոլադի համը»,- ասաց Է. Սմիթը:

Դիտվել է 3557 անգամ:
Print Friendly

Leave a Reply