ՄԽ համանախագահները ողջունել են Ադրբեջանի որոշումը` ՄԱԿ-ի ԳԱ-ի քննարկումից հանել իր ներկայացրած բանաձեւի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2010 3:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) այսօր հայտարարություն են տարածել սեպտեմբերի 6-9-ը Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան կատարած իրենց այցի արդյունքների վերաբերյալ:
Ըստ հայտարարության` Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում ղեկավարությունների հետ հանդիպումներում համանախագահները ներկայացրել են իրենց աշխատանքային ծրագիրն առաջիկա ամիսների համար: Նրանք նշել են, որ կողմերից առավել կառուցողական մոտեցում է ակնկալվում, որպեսզի հնարավոր լինի իրագործել իրենց ծրագիրն ու առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ գագաթնաժողվին ընդառաջ: Համանախագահները քննարկումներ են ունեցել բոլոր կողմերի հետ վերջերս համաձայնեցված դաշտային առաքելության վերաբերյալ, որը նրանք կիրագործեն սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում: Նրանք ներկայացրել են իրենց առաքելության մանրամասները:

Եռանախագահները առաջիկայում ավարտուն տեսքի կբերեն իրենց նախապատրաստությունները առաքելության հետ կապված: Համանախագահները կրկին անգամ կողմերին կոչ են արել խստիվ պահպանել հրադադարի ռեժիմը, ցուցաբերել զսպվածություն իրենց հրապարակային հայտարարություններում, վերջ դնել շփման գծում հարձակումներին: Բոլոր կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը 1994թ.-ի հրադադարի պայմանագրին:

Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, կողմերի պաշտպանական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ համանախագահները հատել են շփման գիծը, հայտարարության համաձայն, ուղեւորվելով Ստեփանակերտ, ընդգծելով, որ շփման գիծը չպետք է դառնա հարեւան ժողովուրդների միջեւ մշտական արգելք եւ կողմերին ցույց տալով, որ 1994թ.-ի հրադադարը խետք է խստորեն հարգվի: 2001թ.-ի նոյեմբերից հետո համանախագահներն առաջին անգամ են հատում շփման գիծը:

Համանախագահները ողջունել են Ադրբեջանի որոշումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հանել իր ներկայացրած բանաձեւի նախագծի քննարկումը: Միեւնույն ժամանակ, նրանք վերահաստատել են, որ ԵԱՀԿ Մինկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բացառիկ ձեւաչափը: Մինչ համանախագահները կվերադառնան տարածաշրջան դաշտային առաքելության, կմեկնեն Վաշինգտոն, ապա` Նյու Յորք` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխատելու կողմերի հետ:

Դիտվել է 1582 անգամ:
Print Friendly

Leave a Reply