ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմինը Երեւանի թիվ 56 դպրոցին նվիրաբերել է համակարգչային գույք եւ արդի տեխնիկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2010 14:17
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմինը Երեւանի թիվ 56 դպրոցին նվի2010թ. նոր ուսումնական տարին Երեւանի թիվ 56 դպրոցի համար նշանավորվեց նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային դասասենյակի բացմամբ:
Արարողությանը մասնակցելու էին եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի ատենապետ Հրայր Մուրադյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Արաբկիր վարչական տարածքի ղեկավար Համլետ Մարգարյանը, տեղակալ` Գրիգոր Շահնազարյանը, դպրոցի մի խումբ շրջանավարտներ ու հյուրեր:
Հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի հովանավորությամբ դպրոցին նվիրաբերվեց շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույք, համակարգչային եւ այլ նորագույն տեխնիկա` այդ թվում 20 համակարգիչ, տպիչ սարք, սկաներ, հեռուստացույց, DVD նվագարկիչ, պրոյեկտորներ, համակարգչային սեղաններ եւ աշակերտական աթոռներ: Սա Սիրիայի նորաբաց տեղական մարմնի առաջին ծրագիրն է: Հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի ատենապետ Հրայր Մուրադյանը ժամանել էր Հայաստան այս գեղեցիկ միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով:
Դիմելով հավաքվածներին պրն Մուրադյանն ասաց. ՙՁեզ բոլորիդ ջերմ բարեւներ եմ բերել Սիրիայից: Շատ տպավորված եմ` տեսնելով այս գեղեցիկ ու խնամված դպրոցը: Շատ ապրեք, որ այսքան մաքուր եք պահում այն: Թող որ այս համակարգչային դասարանն իր նպատակին ծառայի, բարով վայելեք այս նվերը՚:
Արդեն իսկ արդիականացված համակարգչային դասարանի բացման ժապավենը կտրելուց հետո, հյուրերն առիթ ունեցան տեսնելու, թե ինչպես են դպրոցի բարձր դասարանցիները համակարգչի օգնությամբ շարադրություն գրում ՙբարեգործություն՚ թեմայով:
Թիվ 56 դպրոցը, որը մայրաքաղաքի դպրոցների շարքում առանձնանում է իր բարեկարգ շենքային պայմաններով, հարմարավետ կահավորմամբ, համակարգչային դասասենյակի եւ նոր տեխնիկայի խիստ կարիք ուներ: Այդ մասին տեղեկանալով, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմինն անմիջապես արձագանքեց, եւ կարճ ժամանակ անց ժամանակակից ոճով պատրաստված գույքն ու նոր տեխնիկան հասավ հասցեատիրոջը:
Դպրոցի տնօրինությունն ու ուսուցիչները մեծ ուշադրություն են դարձնում աշակերտների կրթությանն ու դաստիարակությանը: Հանրակրթական դասաժամերի ավարտից հետո դպրոցի սաները սիրով մասնակցում են արդեն տասնհինգ տարի անվճար գործող ֆիզիկայի, քիմիայի, պատմության ֆիզկուլտուրայի, ֆրանսերենի, ասեղնագործության խմբակներին: Դպրոցի երգչախումբն էլ հաճախ հանդես է գալիս համերգներով:
Կրթօջախն ունի նաեւ մշակութային միջոցառումների անցկացման հարուստ ավանդույթ, ինչն օգնում է աշակերտներին ավելի խորությամբ ճանաչելու մեր դարավոր պատմությունն ու մշակույթը, ձեւավորում նրանց աշխարհայացքն ու վարքագիծը:Պատահական չէ, որ հենց այս դպրոցում 14 տարի առաջ սկիզբ առավ ՙՀայաստան՚ հիմնադրամի ամենամյա Ազգային տուրքին մասնակցելու գաղափարը, որն իրագործվում է դպրոցի ողջ ուսուցչական կազմի եւ աշակերտության ուժերով, եւ ուղեկցվում բազմապիսի գեղեցիկ մեծ ու փոքր միջոցառումներով: Այսպիսով, ամեն տարի դպրոցի սաներն իրենց մասնակցությունն են բերում Հիմնադրամի կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերին:
Դպրոցի տնօրեն տիկին Մարիամ Հովհաննիսյանի խոսքը լավագույնս արտահայտեց պատգամը, որ դպրոցի ուսուցչական կազմը տարիներ ի վեր փոխանցել է իր սաներին. ՙՆվերը մեծ է, բայց ավելի մեծ է դրա հոգեւոր արժեքը: Այս գեղեցիկ ծրագրի շնորհիվ մեր դպրոցն ասես միաձուլվեց Հայաստան-Սփյուռք շղթային: Պարտավորված ենք զգում խնամքով օգտագործել այս ամենը, սակայն դրանից զատ, այսօր աշակերտները գիտակցեցին, թե որքան կարեւոր է բարի գործ կատարելը. գալիս է մի օր, երբ դու ինքդ ես վայելում դրա արդյունքը՚:
Իսկ Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը նկատեց: ՙՈւրախ եմ, որ մեր աշակերտները գործնական համակարգչային գիտելիքներ եւս կստանան. դրա բացակայությունը մեր ժամանակներում լուրջ բացթողում է՚:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
