Ադրբեջանը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ներկայացրած բանաձևի նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկությամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | September 11, 2010 8:29

ՄԱԿում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը` ելույթ ունենալով ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի սեպտեմբերի 9-ի նիստում, առաջարկել է օրակարգում ընդգրկված ՙԱդրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային չափորոշիչների պահպանումը՚ բանաձևի նախագծի նույն օրը նախատեսված քննարկումը հետաձգել, իսկ ՙԻրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում՚ հարցի քննարկումը տեղափոխել սեպտեմբերի 14-ից մեկնարկող 65-րդ նստաշրջանի օրակարգ: ՙԹրենդ՚ գործակալության փոխանցմամբ, այս մասին ասված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, Ադրբեջանական կողմի նման որոշումը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ, որում նշված է. ՙՍեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում համանախագահները կայցելեն տարածաշրջան` գրավյալ տարածքներում հումանիտար վիճակի ուսումնասիրության առաքելությամբ՚: Հայտարարության մեջ ասված է նաև, որ ՙխորհրդականներից և փորձագետներից, այդ թվում` ՄԱԿի Գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչներից կազմված բարձր մակարդակի խումբը կուղեկցի համանախագահներին այս առաքելության ընթացքում, որը կլինի առաջին միջազգային առաքելությունն այս տարածքներում 2005թ.-ի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունից ի վեր՚:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply