ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2010 13:44

«Ֆոբիաները չպատճառաբանված վախեր են, որոնք խանգարում են մարդուն ապրել»,-ասում է հոգեբան, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:

Վախ բարձրությունից, փակ տարածությունից, տարբեր հիվանդություններից, հետապնդումից, աշխատանքը կորցնելուց. դրանց պատճառներն, ըստ հոգեբանի, ոչ միայն բնածին են, այլև սոցիալական:

«Օրինակ, տարածված է բարձրությունից ունեցած վախը,-ասում է հոգեբանը` օրինակ բերելով հոլանդացի հայտնի մի ֆուտբոլիստի, ով բարձրության վախի պատճառով ընդհանրապես ինքնաթիռ չի նստում և թիմի հետ չի մեկնում արտերկիր ֆուտբոլային խաղերի,- կամ օրինակ, բանակ գնում են ծառայելու ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ պարտադրանքից, որովհետև ծառայության հանդեպ վախ կա, թե այնտեղից առողջ չես վերադառնա և այլն»:

Ըստ հոգեբանի, շատ կարևոր է, որպեսզի բանակում տիրի այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որ չպատճառաբանված վախերը գլուխ չբարձրացնեն և չդառնան հոգեկան անհավասարակշռության և տարբեր հանցագործությունների աղբյուր:

«Մեր զինակոչիկներն այսօր` որպես հայրենասեր, որպես քաղաքացի, որպես անձ, հեշտությամբ և հոգեպես պատրաստ վիճակում չեն գնում բանակ, իսկ ադապտացիոն շրջանը բանակում ճիշտ չի կատարվում, որն էլ բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում»:

Նրա կարծիքով, բանակում պետք է պատրաստել հոգեբանական և սոցիոլոգիական գիտելիքների տիրապետող սպայական, զինվորական կազմ, որը կանխարգելիչ նշանակություն կունենա այդպիսի երևույթների առաջացման գործում, և բանակն ավելի ամուր կլինի:

«Մեր իշխանությունները լուրջ չեն վերաբերվում բանակում կատարվող տարբեր հանցագործություններին, ինքնասպանություններին,,-ասում է նա,- միչդեռ պետք է կատարվեն լուրջ հետազոտություններ, իրականացվեն հոգեբանական, սոցիալական, հոգեբուժական աշխատանքներ հենց բանակի ներսում»:

Պողոսյանը նաև նշեց, որ իրենց կենտրոն հաճախ են դիմում բանակից նոր զորացրվածներ, ովքեր հոգեբանական բազմաթիվ խնդիրներ ունեն:

«Մենք բազմիցս առաջարկներ, կոչեր ենք արել, բացի այդ, տպագրվել են գրքեր, պատրաստվել մասնագետներ, ովքեր կարող են աշխատել հենց բանակի ներսում, սակայն այդ ամենը հաշվի չի առնվում»,-ասում է նա:

Նույն կարծիքին է նաև սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանը.

«Մեն բանակը շատ փակ է, և այնտեղ սոցիալական աշխատողն ուղղակի հնարավորություն չունի մուտք գործել,-ասում է նա,- այդ համակարգը պետք է ավելի բաց ու ազատ լինի, և այնտեղ եղած խնդիրները ոչ թե պետք է թաքցվեն, այլև բարձրաձայնվեն, ուսումնասիրվեն և հաղթահարվեն»:

Որպես սոցիալական աշխատող շփվելով նաև հասարակության խոցելի խմբերի հետ` Ոսկանյանը նշում է, որ այդ խմբերի շրջանում տարածված է երկու հիմնական վախ` վաղվա օրվա վախը, երբ մարդ համոզված չէ, որ վաղվա օրը կլինի, ուստի չի մտածում ու պլանավորում իր վաղվա օրը և ակտիվության վախը, որը դրսևորվում է անտարբերությամբ, ամեն ինչի նկատմամբ թերահավատության ու անվստահության զգացումով:

«Այդ ամենը գալիս է հասարակության ոչ կայուն լինելուց, հասարակությունում տեղի ունեցող անարդարություններից,-ասում է նա,- երբ տարեց մարդը, որը գլուխը ծռած, կանգնած է թոշակային կազմակերպությունների դռան շեմին և վախեցած նայում է թղթաբանությամբ զբաղվող մարդկանց կամ այն ծնողը, որը վախենում է քայլեր ձեռնարկել դպրոցում իր երեխայի ականջը ոլորած և վնասած ուսուցչի դեմ և փոխարենը իր երեխային է կշտամբում`վախենալով, որ հակառակ դեպքում իր երեխայի նկատմամբ ավելի վատ կվարվեն»:

Այդ վախը, ըստ մասնագետի, անհատների շրջանակից տարածվում է սոցիալական խմբերում և ի վերջո դառնում հասարակական միտում, որը կործանարար է հենց հասարակության համար:

«Ամենավատն այն է, որ մենք վախենում ենք ունենալ արժանապատվություն և վախենում ենք հաստատել մեր իրավունքները»,-ասում է նա:

Դիտվել է 2966 անգամ:
Print Friendly

Leave a Reply