Հասարակության մեջ հետզհետե մեծանում է ոսպնյակ կրողների թիվը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2010 14:49

Հասարակության մեջ հետզհետե մեծանում է ոսպնյակներ (լինզա) կրողների թիվը: Այդ միտումը մասնագետները բացատրում են այն կրելու հարմարությամբ եւ հոգեբանական որոշ առավելություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուզաննա Հարությունյանը, եթե բժշկական հետազոտությունը ցույց է տալիս, որ հիվանդի աչքին հավասարապես հարմար են եւ ոսպնյակը, եւ ակնոցը, ապա ընտրության հարցում որոշումը միմիայն հիվանդինն է: Նշենք, որ հնարավոր անհարմարությունները կապված են լինում աչքի կառուցվածքի հետ:

Ըստ Ռ. Հարությունյանի` մասնագիտական, առողջական առումով որեւէ սահմանափակում կամ նախընտրություն չկա: Նրա խոսքով` տեսողության երբեմն առաջացող խնդիրները ակնոցի դեպքում կապվում են բժշկական միջամտության բացակայության, իսկ ոսպնյակի դեպքում` սխալ օգտագործման ու պահպանման հետ: Բժշկուհու հավաստմամբ` ամենաորակյալ ոսպնյակների դեպքում էլ պետք չէ քնել դրանցով, անհրաժեշտ է աչքին պարբերաբար հնարավորություն տալ «ազատ շնչելու»:

Գունավոր, կոսմետիկ ոսպնյակների սխալ օգտագործման եւ շահագործման դեպքում գրանցվել են եղջերաթաղանթի եւ շաղկապենու վնասվածքներ: «Ոսպնյակներն իրենց հստակ օպտիկական ցուցումներն ունեն` կախված վերը նշված եւ մի քանի այլ մասնագիտական հանգամանքներից»,-ասաց Ռ. Հարությունյանը: Նա օպտիկական ակնոցների կապակցությամբ նշեց, որ դրանք միշտ էլ անհրաժեշտ են եղել ու շարունակելու են այդպիսին մնալ: «Միայն թե երբեմն-երբեմն բարդույթի, անհարմարավետության զգացողության պատճառով հրաժարվելով դրանցից` հիվանդը էլ ավելի է վնասում տեսողությունը: Այդ ժամանակ փոխարինելու է գալիս ոսպնյակը»,-ասաց նա:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply