10, թե՞ 5. նոր գնահատման համակարգը պտտվող ջրաղաց է առանց ցորենի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 30, 2009 15:26
picture-002-1

Գերազանցիկ Դավիթը այս ուսումնական տարին փակեց 9-երով։

Անցած ուսումնական տարի շատ դպրոցականների նման 11-ամյա Դավիթը տուն հասնելուն պես մայրիկին ցույց է տալիս նոր ստացած գնահատականով տետրն ու արդարանում. «Մամ, ես սխալ չեմ արել, բայց «9» ա նշանակել»:

Մայրը` Լիլյա Համբարձումյանը, ուշադիր ուսումնասիրում է առանց կարմիր կետի ու ջնջումների, կոկիկ գրված աշխատանքն ու մտորում` ինչո՞ւ, երեխան իդեալական է գրել, հետո տղային մխիթարում` ոչինչ Դավիթ ջան, երևի շատ բարդ տեքստ չի համարել:

6-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մուրադյանը իր անհասկանալի «9»-ը ստացել է Չեխովի անվան դպրոցում, որտեղ, ինչպես բոլոր դպրոցներում, գնահատման չափանիշները փոխվել են:

Սեպտեմբերից դպրոցներ մտած նոր գնահատման համակարգի համաձայն ամենաբարձր «10» թվանշանը պետք է հազվագյուտ ընդունակներին շնորհվի, և բազմաթիվ գերազանց սովորող աշակերտներ սկսում են բարդույթավորվել, որ իրենք արժանի չեն լինել լավագույնը:

«Լավ չէ՞ր` սիրուն, կլորիկ հինգեր էինք ստանում, -ասում է դպրոցը գերազանց ավարտած Լիլյան ու պահանջում, – թող ետ բերեն մեր հինգերը»: Դավիթը դասարանի լավագույն աշակերտներից է, բայց հիմա նեղվում է ութերի ու ինների համար, և մայրը վախենում է, որ որդին կարող է հիասթափվել ու էլ չսովորել:

«Հասարակական հետաքրքրությունն ուսման նկատմամբ ցածր է, – ասում է ՀՀ ԿԳ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Օնիկ Միքայելյանը, որի առաջնորդությամբ էլ որոշվել է նոր 10 բալանոց գնահատման համակարգը,- եթե ցանկանում ենք գիտելիքների մակարդակը բարձրացնել, պետք է կարողանանք նախևառաջ այն ճիշտ գնահատել: «10» միավորով համակարգը թույլ է տալիս առավել ճշգրիտ գնահատել գիտելիքները»:

4-րդ դասարանի գերազանցիկ Ռաֆիկ Արմենակյանը սկզբում ուրախացել է, որ ինքն ավելի մեծ թվով պիտի գնահատվի, բայց հետո հուսախաբվել է. ««10»-ը լավ է, երկու հատ «5» է, բայց ափսոս` շատ տասեր չունեմ»:

Մայրը` Մարգարիտ Արմենակյանն ասում է, որ այդ` 78-րդ դպրոցի տնօրենը տարեսկզբին հայտարարել է. ««10» չսպասեք, «10» նշանակվելու է բացառիկ դեպքերում, օլիմպիադաների մասնակցող աշակերտները պետք է ստանան»: Նախկին գնահատման համակարգով ամենաբարձր գնահատական` «5» ստացող Ռաֆիկը նախորդ երկու կիսամյակներում ոչ մի «10» չի ունեցել: Մայրն ասում է, որ միայն հիմա` տարեվերջին, սկսել են ընթացիկ «10» ավելի հեշտությամբ նշանակել:

Տնօրեն Ազնիվ Միրզոյանը ասում է, որ իրենց դպրոցում 10 դնում են այն դեպքում երբ երեխան վերլուծական միտք է ցուցաբերում:

Կարինե Տեր-Սահակյանը, ով օգնում է դասերը պատրաստել դստերը ` 4-րդ դասարանցի Անահիտին, և որդուն` 7-րդ դասարանցի Հրաչյային, ասում է, որ պարզ չի, թե նոր թվանշանները նախկինի որ համարժեքն են:

«Ես չեմ հասկանում, – վրդովվում է Տեր-Սահակյանը, – տարեսկզբին ուսուցիչն ասաց, որ «6»-ը նախկին «4-ից հանածն» է, հիմա էլ ասում է, որ դա լիարժեք «3» է: Ես չեմ ճնշում երեխաներին շատ բարձր գնահատականների համար, սովորում են, ինչպես կարող են, բայց «հարվածային» պետք է լինեն, որ իմանամ` սովորում են: Հիմա ի՞նչ իմանամ` հարվածային են, թե՞ չէ»:

Կրթության նախարարության հրամանի համաձայն «10» գնահատականը  պետք է նշանակել, երբ երեխան «ցուցաբերում է անհրաժեշտ պատրաստվածություն դժվարագույն առաջադրանքներ կատարելու համար»։ «10»-ը բնորոշված է որպես «բացառիկ», իսկ «9» միավորը որակված է որպես «գերազանց», որի ժամանակ թույլատրելի են աննշան սխալներ։

Շիրվանզադեի դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանը գնահատման համակարգի փոփոխությունը համարում է կրթական համակարգի գլխավոր իրադարձությունը, որի շնորհիվ ավելի ճշգրիտ է գնահատվում գիտելքը. «Բոլորովին պարտադիր չէ ու նույնիսկ կասկածելի է, որ երեխան բոլոր առարկաներից ստանա «10» միավոր,- ասում է նա, – առաջ էլ ասում էինք լիարժեք «5», թերի «5»: Հիմա նույնն է` «8», «9», «10» գնահատականներով աշակերտները գովասանագրեր են ստանալու»:

Սարգսյանն ասում է, որ մյուս տնօրենների նման ինքն էլ ուսուցիչներին զգուշացրել է, որ «10»-ի հարցում զգուշավոր լինեն, քանի որ յուրաքանչյուր «10»-ի համար «պատասխան» են տալու: Նա ասում է, որ նոր համակարգով, երբ միջնորդում են (պաշտոնյաները) բարձրացնել որևէ աշակերտի գնահատականը, ապա հեշտությամբ մեկ-երկու նիշ բարձրացնում են, իսկ նախկինում բարձրացնելու տեղը քիչ էր, ու երբ միջնորդությամբ գնահատական էր բարձրացվում, լիարժեք հինգ ստացողի ծնողն ասում էր. «Բա իմ երեխան էլ հինգ ստանա, սա՞ էլ»:

Այդուհանդերձ, «Արեգնազան» կրթահամալիրը, ուր ուսուցումը գերմանական վալդոլֆյան մեթոդով է տարվում, 15 տարի երեխաներին կրթում է առանց գնահատականի:

«Գնահատելով մենք փորձում ենք թվերով արտահայտել այն, ինչը թվերով անարտահայտելի է` մարդը»,- ասում է «Արեգնազանի» տնօրեն Արա Աթանյանը:

Այստեղ կիսամյակը փակելիս յուրաքանչյուր երեխա առաջադիմության բնութագիր է ստանում: «Դրսի համար», այսինքն, արձանագրության համար աշակերտները «թվանշանով» գնահատվում են, բայց աշակերտը դրա մասին չի իմանում:

«Ի՞նչ ենք ստանում մենք` գնահատելով գիտելիքը,- ասում է Աթանյանը, – մի կողմից` փառասիրությունը, եսասիրությունը, ցածր գնահատվելու համար վախը դարձնում ենք մանկավարժական հենասյուն, իսկ մյուս կողմից` գիտելիք ձեռք բերելու ճանաչողական ձգտումը` մակերեսային գործընթաց»:

«Ես կարող եմ գովեստի խոսքեր ասել բնությունից պակաս օժտված աշակերտին, – ասում է Աթանյանը, – քանի որ գիտեմ, թե ինչպիսի ջանքեր են նրանից պահանջվել դասը սովորելու համար, եթե նույնիսկ կան որոշ թերացումներ: Եվ հակառակը` ավելի լավ պատասխանի համար ընդունակ աշակերտին կասեմ` դու ավելի լավ կարող էիր: Այսինքն` գնահատվում է երեխայի աշխատանքը, ոչ թե ունակությունները»:

«Չգնահատելը մեր դեպքում սխալ է, – պնդում է Օնիկ Միքայելյանը, – ճիշտ է կան երկրներ, որտեղ տարրական և միջին դպրոցում ընդհանրապես չեն գնահատում (օրինակ` Շվեդիայում), բայց նրանց մոտ ուսման նկատմամբ բարձր գիտակցական մոտեցում կա: Մեզ մոտ դա կիրառելի չէ, քանի որ մեր հասարակությունը պատրաստ չէ դրան»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասում է, որ գնահատման համակարգը փոխելով` ուսման որակը չի բարձրանում. «Ի՞նչ ավելացավ` կրթության որա՞կը, թե՞ առաջադիմությունը: Տասով էլ է աշակերտը նույն չափով ստրկացած, հինգով էլ»: Նա ասում է, որ գնահատականը չի խթանում ստեղծագործական մտածողության զարգացմանը, իսկ դպրոցական կյանքը շարունակում է մնալ անհրապույր և երեխայի համար տհաճ: Նա ասում է, որ բարեփոխումները պետք է լինեն ոչ թե գնահատման համակարգում, այլ ուսման մեթոդիկայում. «Գնահատականի համար անգիր արած ֆիզիկայի դասն աշակերտը երկու օր հետո, միևնույն է, մոռանալու է, եթե չեն արվում գործնական աշխատանքներ, եթե աշակերտը սեփական փորձով չի տեսնում, թե ինչ ստացվեց: Սա նման է ջրաղացի, որը գործի է դրվել, բայց ցորեն չեն լցնում, որ ալյուր դառնա»:

Դիտվել է 4789 անգամ:
Print Friendly

Leave a Reply