Սպորտով դեպի հասարակություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2010 12:50

Սեպտեմբերի 11-12 Արաբկիր բժշկական համալիրի Ապարանի ամառային առողջարանային մասնաճյուղում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանը կրող ՀՀ բոչիայի առաջին առաջնությունը:

Առաջնությունն անցկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, որը համդիսանում է բոչիայի` CPISRA միջազգային սպորտային կազմակերպության միակ հավատարմագրված ազգային ներկայացուցիչը Հայաստանում:

Առաջնությանը կմասնակցեն թվով  քսան մարզիկներ Հայաստանի յոթ քաղաքներից ու Արցախից: Առաջնությունը կհաջորդի եռօրյա ուսումնամարզական հավաքին:  Համաձայն երկօրյա  առաջնության կանոնադրության, մարզիկները մրցաշարի երկու օրերի ընթացքում իրենց ուժերը կչափեն թիմային և անհատական պայքարում:

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կստանան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ մրցանակակիրները կպարգևատրվեն  մեդալներով:

Բոչիան պարալիմպիկ սպորտաձև է: Անցկացվում են բոչիայի Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ: Այն սպորտաձև է մարդկանց համար,  ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Բոչիան գնդերով խաղերից ամենատարածվածն է աշխարհում: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply